Foxconn-ի հասույթը նոյեմբերին նվազել է 29%-ով. ե՞րբ կվերականգնվի iPhone 14 Pro-ի արտադրությունն այս գործարանում

6 դեկտեմբերի, 2022  17:52

Ընթացիկ տարվա հոկտեմբերին և նոյեմբերին Չինաստանի Չժենչժոու քաղաքի Foxconn գործարանում առաջացած խնդիրները, ինչպես և սպասվում էր, ազդել են ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա։ Համաճարակն ընկերության ձեռնարկությունների աշխատանքի վրա առավելագույնս ազդել է նոյեմբերին, հայտնում են Foxconn-ի ներկայացուցիչները։

Հոկտեմբերի համեմատ նոյեմբերին ընկերության հասույթը նվազել է 29%-ով և կազմել 18,05 մլրդ դոլար, իսկ տարեկան համեմատությամբ անկումը հասել է 11%-ի, թեև սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հասույթն աճել է ավելի քան 40%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Foxconn-ի աշխատողներն սկսել էին զանգվածային բողոքի ցույցեր, քանի որ դժգոհ էին աշխատավարձերի վճարման ուշացումներից և խոստացված, բայց չվճարված բոնուսներից, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման պատճառով կիրառվող հակահամաճարակային սահմանափակումներից, ինչի հետևանքով հազարավոր աշխատողներ չէին կարողանում գործարանի տարածքից դուրս գալ։ Այդ ժամանակ շատ աշխատակիցներ սկսեցին պարզապես փախչել գործարանից: Այդ օրերին համացանցում հրապարակվեցին բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես են մարդիկ բարձրանում ցանկապատների վրա և փախչում

Ինչպես նշում է CNBC-ն, նոյեմբերին եկամտի նվազման վրա ազդել են ոչ միայն Չժենչժոուի իրադարձությունները, այլև ընկերության ծառայությունների պահանջարկի սեզոնային անկումը։ Չնայած սպառողական շուկայում նախատոնական վաճառքի շրջանը նոր է սկսվել, սակայն այս ժամանակահատվածի նախապատրաստական ​​աշխատանքները և բավարար քանակությամբ ապրանքների արտադրությունն արդեն ավարտվում են։

Foxconn-ում արտադրվում էր iPhone-ների մեծ մասը, և գործարանի խնդիրները լուրջ ազդեցություն ունեցան Apple-ի գործունեության վրա: Ըստ տարբեր գնահատականների՝ Apple iPhone 14 Pro-ի և iPhone 14 Pro Max-ի առաքումները այս եռամսյակում կարող են կրճատվել 15-20 միլիոնով։ Foxconn-ին հաջողվել է մասնակիորեն փոխհատուցել iPhone-ի արտադրության ծավալների անկումը և՛ պատվերներ փոխանցելով այլ արտադրողների, այդ թվում՝ Pegatron-ին և Luxshare-ին, և՛ վարձելով նոր աշխատակիցներ, որպեսզի նրանք փոխարինեն Foxconn-ից հեռացածներին:

Այժմ Foxconn-ն աստիճանաբար գնում է բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Reuters-ը, մինչև հունվարի սկիզբ ընկերությունը նախատեսում է հասնել այս նպատակին և ամբողջությամբ վերականգնել iPhone 14 Pro-ի ամենամեծ արտադրությունը։

Ճիշտ է, ապագայում ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կկորցնի iPhone 15 Pro սմարթֆոնների հավաքման մենաշնորհը. տեղի ունեցածից հետո Apple-ն այլևս չի ցանկանա նմանատիպ իրավիճակում հայտնվել և, ամենայն հավանականությամբ, կսկսի ընդլայնել հավաքմամբ զբաղվող գործընկերների ցանկը։ Այդ իսկ պատճառով հաջորդ տարի iPhone 15 Pro-ի արտադրությամբ կզբաղվի ոչ միայն Foxconn-ը, այլ նաև շատ այլ գործարաններ: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ