Intel-ը նախատեսում է 2023 թ․ $3 մլրդ-ով կրճատել ծախսերը. ինչի՞ վրա կխնայի ընկերությունը

6 դեկտեմբերի, 2022  15:51


Intel ընկերությունը նախատեսում է 2023 թ․ ծախսերը կրճատել 3 միլիարդ դոլարով: Եվ կարծես հիմնականում խնայելու են անձնակազմի վրա. ընկերությունն արդեն սկսել է աշխատողների կրճատումները, բայց դեռ հայտնի չէ, թե քանի մարդ են նախատեսում ազատել աշխատանքից։ Իսկ նոր տեխպրոցեսների մշակման վրա ընկերությունը կարծես չի պատրաստվում խնայել։

Առաջին հերթին տեխպրոցեսները

Ըստ Intel-ի փոխնախագահ Էնն Քելեհերի, որը պատասխանատու է նոր տեխպրոցեսների զարգացման համար, ընկերության ծախսերի կրճատումը չի ազդի տեխնոլոգիական ոլորտում առաջընթացի տեմպերի վրա։ Սան Ֆրանցիսկոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ այսօր ընկերությունը շատ ոլորտներում սահմանված ժամանակացույցից առաջ է:

Նրա խոսքով՝ ընկերությունն այժմ ավելի պրագմատիկ է վերաբերվում նոր լիտոգրաֆիկ նորմերին, քան նախկինում: Հնարավոր ձգձգումների դեպքում նախատեսված են «արտակարգ իրավիճակների գործողությունների պլաններ», իսկ տեխնոլոգիաների զարգացման գործում ընկերությունն այլևս չի փորձում ամեն ինչ ինքնուրույն անել և ավելի շատ հենվում է գործընկերների և կապալառուների վրա։

Քելեհերն ասել է, որ Intel 3 տեխպրոցեսի վրա հիմնված պրոդուկտների արտադրությունը կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա երկրորդ կեսին: Ամենայն հավանականությամբ, խոսքը դեռ ինժեներական նմուշների մասին է, քանի որ այդ ժամանակ զանգվածային արտադրության կհանվեն միայն Intel 4 տեխնոլոգիայի վրա հիմնված պրոցեսորների բաղադրիչները։

Իսկ ի՞նչ է լինելու աշխատակիցների հետ

Շատ ընկերություններ վերջին տարիներին սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել մարդկային գործոնին, և Intel-ը կարծես բացառություն չէ:

Շատ ընկերություններ, ըստ Insider-ի, Twitter-ի օրինակով (որտեղ Իլոն Մասկը աշխատանքից ազատել է աշխատուժի գրեթե երկու երրորդին) զանգվածային կրճատումներ են անում, իսկ մնացած աշխատակիցներին խնդրում են ավելի ինտենսիվ աշխատել:

Օրինակ՝ Alphabet ընկերությունը, որին պատկանում է Google-ը, փորձում է բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը։ Google Inc.-ի և մայր ընկերության՝ Alphabet-ի գործադիր տնօրեն Պիչայ Սունդարարաջան վերջերս ասել է, թե ցանկանում է, որ ընկերությունը 20%-ով ավելի արդյունավետ լինի: Ավելին, նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ, նրա կարծիքով, կրճատումները կարող են բարձրացնել արտադրողականությունը որոշ իրավիճակներում։ «Երբեմն կան ոլորտներ, որտեղ անհրաժեշտ է առաջընթաց գրանցել, և որտեղ որոշումները կայացում է երեք մարդ, և այդ թիվը հասցնելով երկուսի կամ մեկի՝ արդյունավետությունը բարելավվում է 20%-ով»,- ասել է նա:

Վերջերս ընկերության ղեկավարությունը նաև մենեջերներից պահանջել է գտնել թերաշխատող աշխատակիցների 6%-ին, դա մոտ 10,000 մարդ է: Ամենայն հավանականությամբ, այս աշխատակիցները կազատվեն աշխատանքից։

TCI Fund Management-ում (Google-ի բաժնետերերն են) նույնպես կարծում են, որ բիզնեսը կարող է ավելի արդյունավետ վարվել շատ ավելի քիչ աշխատակիցներով, քան այսօր տեխնոլոգիական ընկերությունների մեծ մասի դեպքում է:

Հիշեցնենք, որ HP Inc.-ը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում կրճատել մինչև 6000 աշխատակից:

Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է աշխատանքից հեռացնել 11,000 մարդու՝ կորպորացիայի աշխատակիցների մոտ 13%-ին։ Սա կորպորացիայի պատմության մեջ ամենամեծ կրճատումն է։ Այսօր Meta-ում նույնպես շատ խնդիրներ կան, թեև դրանց պատճառները տարբերվում են HP-ի առաջ ծառացածներից:

Amazon-ը նույնպես ծրագրում է ընկերության պատմության մեջ ամենամեծ կրճատումները՝ մոտ 10,000 աշխատակից, ինչը ընկերության լրիվ դրույքով աշխատողների մոտ 3%-ն է և համաշխարհային աշխատուժի 1%-ից պակաս մասը:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկի կողմից Twitter-ը գնելուց հետո կարճ ժամանակում սոցցանցում աշխատողների թիվը կրճատվել է գրեթե երկու երրորդով։ Մասկը գործադիր տնօրեն դառնալուց անմիջապես հետո աշխատանքից ազատել է աշխատակիցների կեսին։ Քիչ անց նա աշխատանքից ազատել է առնվազն մեկ տասնյակ ինժեներների, որոնք բացահայտ քննադատում էին նրան Twitter-ում կամ ներքին կորպորատիվ Slack մեսենջերում: Ընկերության շատ աշխատակիցներ հեռացել են սեփական նախաձեռնությամբ՝ կարդալով Իլոն Մասկի վերջնագիրը, որում նա առաջարկում էր աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ» կամ ազատվել աշխատանքից։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ