ՌԴ «Պետծառայություններ»-ի օգտատերերի տվյալների արտահո՞սք է եղել․ «Ռոստելեկոմ»-ը հերքում է տեղեկությունը

6 դեկտեմբերի, 2022  10:23

Անհայտ հաքերները հանրային տիրույթում հրապարակել են ֆայլ, որը օգտատերերի 37,578 տող անձնական տվյալներ է պարունակում։ Հաքերները նշել են, որ տվյալները վերցրել են Ռուսաստանի պետական ​​ծառայությունների նույնականացման և վավերացման միասնական համակարգի տվյալների բազայից։ Սակայն «Ռոստելեկոմ» ընկերության «Պետծառայություններ» օպերատորի մամուլի ծառայության ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը։

Արտահոսքի մասին տեղեկությունը տարածել է «Утечки информации» տելեգրամյան ալիքը։ Անցած ամիսների ընթացքում գրանցվել է ևս երեք նմանատիպ արտահոսք, սակայն, ըստ ալիքի, ընթացիկ արտահոսքը պարունակում է ավելի շատ տեղեկություններ, քան նախորդները, այդ թվում՝ էլփոստերի հասցեներ (25,981 հասցե), հեռախոսահամարներ (30,352 հեռախոսահամար) քաղաքացու սեռը, ծննդյան ամսաթվը, հասցեն և նույնիսկ անձնագրի տվյալները և վարորդական իրավունքի համարները: Հետաքրքիր է, որ արտահոսքի ինֆորմացիայի մոտ կեսը վերաբերում է Ռուսաստանի Պենզայի շրջանին:

Համաձայն արտահոսած տվյալների՝ հրապարակված ֆայլում տվյալների թարմացման ժամկետները վերաբերում են 2014 թ․ հունիսի 6-ից մինչև 2022 թ․ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածին։

«Ռոստելեկոմ»-ը, սակայն, հերքում է «Պետծառայություններ» ծառայությունից արտահոսքի մասին տեղեկությունը։

«Տելեգրամյան որոշ ալիքներում տարածվում են ենթադրաբար պետական ծառայությունների կայքի օգտատերերի տվյալների բազայի արտահոսած տվյալների սքրինշոթները։ Տեղեկացնում ենք, որ այս հրապարակումները հերթական կեղծիքն են»,- նշել են «Ռոստելեկոմ»-ի ներկայացուցիչները։

Նրանց խոսքով՝ համացանցում հայտնված ցուցակների վերլուծությունը ցույց չի տվել, որ դրանք իսկապես կապված են պետական ծառայությունների դաշնային կայքի օգտահաշիվների հետ։ Ըստ նրանց՝ դրանք, թերևս, տարածաշրջանային պորտալներից մեկի տվյալներն են, որոնք հանրությանը հասանելի են դարձել անցած տարվա վերջին: Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ դրա մասին են վկայում և՛ յուրաքանչյուր տողում առկա ինֆորմացիան և՛ սքրինշոթներում առկա տվյալների տարածաշրջանային պատկանելությունը։

Նրանք հավելել են, որ չնայած այն հանգամանքին, որ 2022 թ․ «Պետծառայություններ»-ի կայքի վրա հաքերային հարձակումներն ակտիվացել են, ծառայությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ