Square Kilometer Array. Ավստրալիայում և ՀԱՀ-ում սկսվում է աշխարհի ամենամեծ աստղադիտարանի կառուցումը

5 դեկտեմբերի, 2022  16:33

Ավելի քան 30 տարի գիտնականներն աշխատում են Square Kilometer Array աստղադիտարանի (SKAO) մշակման վրա: Այժմ, վերջապես, Ավստրալիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում այս նախագծի շրջանակում սկսել են ռադիոաստղադիտակներ կառուցել:

Ինչպես տեղեկացնում է TheRegister.com-ը, Square Kilometre Array ռադիոաստղադիտակը, որը «չլսված զգայունությամբ» է օժտված, կսկսի ուսումնասիրել երկինքը բազմաթիվ հարցերի պատասխանների փնտրտուքի շրջանակում, մասնավորապես, թե ինչպես են ձևավորվում գալակտիկաները, ինչ է մութ մատերիան և այլն։

«Սա հնարավորություն է տեսնելու տիեզերքի առաջին աստղերը և այն, թե ինչպես են դրանք լուսավորվել»,- ասել է աստղաֆիզիկոս, ռադիոաստղագետ և Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Նաոմի ՄաքՔլուր-Գրիֆիթսը Twitter-ում Ավստրալիայի Գիտությունների ակադեմիայի հրապարակած տեսանյութում:

Աստղադիտարանի կառուցման համար ընտրվել են Հարավաֆրիկյան Հանրապետության Հյուսիսային Քեյփ նահանգի Կառուու շրջանն ու Արևմտյան Ավստրալիայի Մուրչիսոն շրջանը, քանի որ դրանք բավականին հեռու են բնակավայրերից և «աղտոտված» չեն կեղծ ռադիոազդանշաններով։ Բացի դրանից, քիչ հավանական է, որ պատահական մարդիկ բջջային հեռախոսներով թափառեն այնտեղ և փչացնեն ազդանշանները։ Այս բոլոր գործոնները այս շրջանները դարձնում են օպտիմալ վայր Ծիր Կաթինի դիտարկման համար:

Նախատեսվում է Կառուում տեղակայել SKA-Mid, որն աշխատում է 350 ՄՀց-ից մինչև 15,4 ԳՀց հաճախականությամբ, իսկ Ավստրալիայում կտեղակայվի SKA-Low-ը, որը 50-ից մինչև 350 ՄՀց հաճախականություններ է ընդունում։

Համագործակցության գիտական ​​և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության (CSIRO) տվյալներով, որը SKAO-ի գործառնական հարցերով գործընկերն է,  SKA-Low-ն կզբաղեցնի մոտ 74 կմ տարածք, որտեղ կտեղակայվեն նաև արդեն գոյություն ունեցող գործիքներ, այդ թվում՝ 36 ալեհավաք ունեցող ավստրալական Square Kilometer Array Pathfinder-ը (ASKAP)։

Ընդհանուր առմամբ, նախագիծը բաղկացած կլինի 3000 հատ 15 մետրանոց ալեհավաքներից և հազար հատ ցածր հաճախականության բացվածքով աստղադիտակներից՝ ավելի քան 130 000 ալեհավաքներով: Ցածր հաճախականությամբ աստղադիտակներն արտաքինից նման են երկու մետրանոց մետաղական տոնածառերի:

Ծրագրի առաջին փուլը, ներառյալ վերը նշված 130,000 ալեհավաքների տեղադրումը, նախատեսվում է ավարտել 2028 թ․։ Սակայն մինչև 2024 թ. Ավստրալիայում չորս ալեհավաք և Հարավային Աֆրիկայում վեց ալեհավաք կայաններ արդեն պետք է սկսեն աշխատել միասին և ցույց տան, որ համակարգը պատրաստ է համալիր տեղակայմանը:

Ակնկալվում է, որ աստղադիտարանը տարեկան կմշակի հսկայական՝ 130 պետաբայթ տվյալ:

Նշենք, որ SKAO նախագծի ներկայիս անդամներն են Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Իտալիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան և Շվեյցարիան:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ