Ինչո՞ւ է Artemis 1 առաքելությունը խանգարում James Webb աստղադիտակին

5 դեկտեմբերի, 2022  21:27

NASA-ի Artemis 1 անօդաչու առաքելությունը գիտնականներին տրամադրում է կարևոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են առաջիկա տարիներին տիեզերագնացներին Լուսին ուղարկելու համար, սակայն այն բացասաբար է ազդում NASA-ի շատ այլ նախագծերի վրա: Oրինակ` այս առաքելության պատճառով James Webb տիեզերական աստղադիտակի հետ կապում բարդություններ են առաջացել։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, ցամաքային կայանների և տիեզերական սարքերի միջև կապն ապահովում է Deep Space Network համակարգը: Դրա վերգետնյա մասը ներառում է 14 ալեհավաք, որոնք տեղադրված են Կալիֆոռնիայում, Իսպանիայում և Ավստրալիայում: Խնդիրն այն է, որ այս ցանցի հնարավորությունները սահմանափակ են, և մասնագետների համար դժվար է կապ հաստատել գործակալության՝ տիեզերքում գտնվող բոլոր սարքերի հետ։ Իսկ Artemis 1-ը պարզապես էլ ավելի է սրել այս խնդիրը, թեև Deep Space Network-ի որոշ ալեհավաքներ արդիականացվել էին մինչև լուսնային առաքելության մեկնարկը, իսկ 2021 թ․ հունվարին և 2022 թ. մարտին երկու նոր ալեհավաքներ են ավելացվել։

Ելույթ ունենալով ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի և աստղագիտության խորհրդի նիստում՝ James Webb տիեզերական աստղադիտակն օգտագործողների հանձնաժողովի նախագահ Մերսեդես Լոպես-Մորալեսը նշել է, որ դեռ ամռանը իրեն և իր գործընկերներին տեղեկացրել են, որ երբ Aretmis 1 առաքելությունը մեկնարկի, այն գրեթե ամբողջությամբ կօգտագործի Deep Space Network-ի հնարավորությունները, քանի որ մասնագետները պետք է հետևեն Orion տիեզերանավին:

Artemis 1 25-օրյա առաքելությունը հաջողությամբ մեկնարկել է նոյեմբերի 16-ին, և դրա շրջանակում Orion տիեզերանավը տիեզերագնացների փոխարեն այս անգամ սենսորներով զինված մի քանի մանեկեն է հասցրել լուսնային ուղեծիր, որպեսզի դրանք չափեն ճառագայթումը և այլ գործոններ, որոնք ապագայում Լուսին թռչելու ժամանակ կարող են ազդել տիեզերագնացների առողջության վրա։

Այժմ առաքելությունն արդեն մոտ է ավարտին. Orion-ը մի քանի օր առաջ լքել է Լունի ուղեծիրը և արդեն վերադառնում է Երկիր: Այնուամենայնիվ, մինչ տիեզերանավը թռիչքի մեջ է ցածր մերձերկրյա ուղեծրից դուրս հատվածում, օպերատորները շարունակում են դրա հետ կապը պահել Deep Space Network-ի միջոցով: Արդյունքում և՛ James Webb-ը, և՛ շատ այլ առաքելություններ ու նախագծեր մղվել են երկրորդ պլան:

Այսպիսով՝ ըստ Լոպես-Մորալեսի, ողջ առաքելության ընթացքում James Webb աստղադիտակի հետ կապը կարող էր բացակայել մինչև 80 ժամ։ Մի կողմից, դա այնքան էլ լուրջ խնդիր չէ, քանի որ այս աստղադիտակով աշխատող գիտնականները սովորաբար դրան հրամաններ են ուղարկում շաբաթը մեկ անգամ։ Մյուս կողմից, աստղադիտարանի լիարժեք աշխատանքի համար այն պետք է կարողանա ստացված տվյալները ուղարկել Երկիր, և դա անել նախքան կլցվի դրա SSD սկավառակի հիշողությունը, որը կարող է տեղավորել ընդամենը 68 ԳԲ տեղեկություն։ Եվ ահա գիտնականներն արդեն խնդիրների են բախվում, քանի որ աստղադիտակը երկար ժամանակ չի կարողանում տվյալներ ուղարկել Երկիր։  

Ստեղծված իրավիճակում Մերիլենդի Տիեզերական աստղադիտակների գիտական ​​ինստիտուտի մասնագետները, որոնք ղեկավարում են James Webb-ը և Hubble-ը, ստիպված են եղել փոխել James Webb-ի դիտարկումների ժամանակացույցը. այժմ այն առաջնահերթություն է տալիս կարճ գործողություններին, որոնց ընթացքում ստեղծվում են տվյալների փոքր փաթեթներ, որոնք հազիվ թե լցնեն աստղադիտակի SSD հիշողությունը նախքան այն Deep Space Network-ի միջոցով դրանք Երկիր կուղարկի:

Այս փոփոխությունները ժամանակավոր են, սակայն աստղադիտակի հետ աշխատող գիտնականները մտահոգված են, որ մոտ ապագայում նախատեսվում են Artemis-ի այլ առաքելություններ, որոնք նույնպես կխանգարեն իրենց աշխատանքին։ Ուստի գիտնականները խնդրում են NASA-ին հենց այս պահից սկսել քայլեր ձեռնարկել այսպես կոչված «հաղորդակցական փակուղուց» դուրս գալու այլընտրանքային լուծում գտնելու ուղղությամբ, այլապես 2024-ին և հատկապես 2025-ին, երբ տիեզերագնացներն արդեն թռչեն Լուսին, շատ դժվար կլինի բոլորի համար։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ