Ինչպիսի՞ն կլինի Twitter 2.0-ը

2 դեկտեմբերի, 2022  21:19

Twitter-ի 2.0 տարբերակը հավատարիմ կմնա իր առաքելությանը` խթանել և պաշտպանել հանրային քննարկումները և լինել «քաղաքային հրապարակ» ինտերնետի համար:

«Մենք միշտ հասկացել ենք, որ այս նպատակին հասնելու համար պետք է բոլորին հնարավորություն տանք ակնթարթորեն և առանց խոչընդոտների ստեղծել և կիսվել գաղափարներով և տեղեկություններով: Այսօր մենք նոր ընկերություն ենք, որը բացում է նոր գլուխ, բայց մենք անշեղորեն հավատարիմ ենք մնում այս առաքելությանը: Իրականում, այժմ մենք մեր հավակնություններն իրագործելու ավելի շատ հնարավորություններ ունենք, քան երբևէ»,- ասվում է Twitter-ի բլոգում արված գրառման մեջ։

Հարթակի ներկայացուցիչները նշել են նաև, որ սոցիալական ցանցի բիզնեսն ու եկամուտը փոխկապակցված են բարդ առաքելության հետ և կախված են դրանից։

«Բրենդի անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ օգտատիրոջ անվտանգությունն առաջնահերթություն է»,- նշել են նրանք:

Twitter 2.0-ը կփոխի փորձարկումների հանդեպ մոտեցումը, նշում են գրառման հեղինակները։ Օրինակ՝ Twitter-ը սկսել է նոր տարբերակի հանրային թեստավորում անցկացնել․ հարթակի ներկայացուցիչները կարծում են, որ նորարարության բաց և թափանցիկ մոտեցումն օգտակար է, քանի որ այն թույլ է տալիս իրական ժամանակում հավաքել օգտատերերի կարծիքը։

Twitter-ի ներկայացուցիչները նաև հավաստիացնում են, որ ընկերության քաղաքականությունում որևէ բան չի փոխվել. քաղաքականության կիրառման մոտեցումն ավելի շատ հիմնվելու է ոչ միանշանակ արձագանք առաջացնող բովանդակության թուլացման վրա՝ խոսքի ազատություն, բայց ոչ հասանելիության ազատություն:

Ավելին, մոդերատորների թիմը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով՝ ապահովելու հարթակի անվտանգությունը և պաշտպանելու օգտատերերին այնպիսի բովանդակությունից, որում գերակշռում են ատելության խոսքը, վիրավորական վարքագիծը և Twitter-ի կանոնները խախտող ցանկացած այլ երևույթներ: Ավելին, ցանկացած գլոբալ իրադարձությունների ժամանակ բովանդակության մոդերատորները ստանում են խախտումներ հայտնաբերելու և վերացնելու առաջարկություններ։

«Մենք հավատարիմ ենք մնում բոլորի համար ապահով, ներառական, ժամանցային և տեղեկատվական փորձառություն ապահովելուն: Մենք կշարունակենք թափանցիկ լինել այս անցումային շրջանն անցնելիս: Եվ կլսենք ձեզ՝ օգտատերերին, որոնք Twitter-ը դարձնում են այնպիսին, ինչպիսին այն կա այսօր՝ համացանցի քաղաքային հրապարակ»- ասվում է հրապարակման մեջ:

Իլոն Մասկի գալուց հետո շատ բան է փոխվել

Twitter-ում շատ բան է փոխվել այն բանից հետո, երբ Իլոն Մասկը գնեց այն 44 միլիարդ դոլարով։

Twitter-ի ձեռքբերման գործարքն ավարտելուց 24 ժամ էլ չանցած Մասկը որոշեց փոխել կայքի գլխավոր էջը: Նախկինում Twitter-ի գլխավոր էջ այցելելիս ցուցադրվում էր գրանցվելու կամ կայք մուտք գործելու դաշտը, որը խրախուսում էր ստեղծել օգտահաշիվ՝ թվիթերյան գրառումները դիտելու համար: Իսկ Մասկը ցանկացավ, որ մարդիկ իրենց օգտահաշիվներից դուրս գալուց (log out) հետո վերաուղղորդվեն Explore էջ, որտեղ կկարողանան տեսնել թվիթերյան ամենաթրենդային գրառումներն ու նորությունները:

Նա նաև որոշեց բարձրացնել ստուգված էջերի սեփականատերերի համար սահմանված ամսական վճարը մինչև $19,99, բայց հետո կանգ առավ ավելի համեստ թվի վրա՝ $8: Ճիշտ է, էջի ստուգման նոր համակարգը դեռ վերջնականապես չի ներդրվել։

Մասկի գալուց հետո ընկերության աշխատակազմն ավելի քան երկու անգամ կրճատվել է։ Աշխատակիցների կեսին Մասկը հեռացրեց գործադիր տնօրեն դառնալուց գրեթե անմիջապես հետո։ Ավելի ուշ նա աշխատանքից ազատեց իրեն բացահայտ քննադատող ինժեներներին, ինչի համար նրան անվանեցին Վոլան-դե-Մորտ՝ Հարի Փոթերի սագայի գլխավոր չարագործը։ Որոշ ժամանակ անց ընկերության շատ աշխատակիցներ սկսեցին ինքնակամ հեռանալ, երբ Մասկը նրանց վերջնագիր ուղարկեց, որում պահանջում էր կա՛մ աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ», կա՛մ ազատվել աշխատանքից։ Երբ Իլոն Մասկը գնեց Twitter-ը, ընկերությունն ուներ մոտ 7500 աշխատակից։ Հիմա մնացել են մոտ 2700-ը։

Շատ փորձագետների կարծիքով՝ անձնակազմի կրճատումը հարթակն ավելի խոցելի է դարձնում հաքերային հարձակումների համար։ Վերջերս չարագործները հաքերային ֆորումում հրապարակել են Twitter-ի ավելի քան 5,4 միլիոն օգտատերերի գողացված տվյալներ։ Չնայած այս տվյալները գողացվել են անցյալ տարի, այժմ, որոշ փորձագետների կարծիքով, նման դեպքերը կարող են ավելի հաճախ լինել։

Վերջերս Twitter-ում վերականգնվել է մոտ 62,000 օգտահաշիվ, որոնք նախկինում արգելափակված էին։ Դրանց թվում են բազմաթիվ հայտնի անձանց, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվները։

Այնուհետև Մասկը «ընդհանուր համաներում» հայտարարեց Twitter-ի կողմից արգելափակված օգտատերերից շատերի համար, որոնք չեն խախտել օրենքը և չեն մասնակցել սպամ ուղարկելուն:

Պլատֆորմը նաև վերջերս պաշտոնապես հրաժարվեց COVID-19 թեմայով ապատեղեկատվության դեմ պայքարի քաղաքականությունից, որը գործում էր 2020 թ․ դեկտեմբերի 21-ից: 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ