Իլոն Մասկի ընկերությունը 6 ամսից մարդու գլխուղեղում չիպ կներդնի, որը կօգնի առանց ձեռքերի օգտվել հեռախոսից և համակարգչից

1 դեկտեմբերի, 2022  21:28

Ամերիկացի ձեռներեց, SpaceX-ի հիմնադիր և Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը պատմել է, որ իր Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է վեց ամսից առաջին անգամ մարդու մեջ ներդնել չիպ, որը նրան թույլ կտա առանց ձեռքերի օգնության օգտագործել հեռախոսն ու համակարգիչը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։

Ըստ աղբյուրի՝ Մասկը նշել է, որ Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության ԱՄՆ դաշնային վարչության հետ ընթացիկ բանակցությունները բավական լավ են անցել, և ընկերությունն արդեն կարող է իր առջև նպատակ դնել առաջիկա վեց ամսվա ընթացքում իրականացնել մարդկանց վրա առաջին փորձարկումները:

Նշվում է, որ Neuralink-ն այժմ աշխատում է արտադրանքի կատարելագործման վրա, որը բաղկացած է փոքրիկ սարքից և էլեկտրոդներով լարերից, ինչպես նաև ռոբոտից, որը պետք է կտրի մարդու գանգի մի հատվածը, որպեսզի չիպը տեղադրի մարդու ուղեղում։

Neuralink implant .JPG (61 KB)

Մասկը բացատրել է, որ այս սարքի նպատակն է օգնել այն մարդկանց, որոնք տառապում են ինսուլտի հետևանքներից։ Սարքի շնորհիվ նրանք կկարողանան հաղորդակցվել և իրենց մտքերն արտահայտել համակարգչի միջոցով։

Չիպը կօգնի կրկին քայլել, կբարելավի մարդու տեսողությունը

Ըստ Աղբյուրի՝ Մասկը նաև խոսել է ընկերության այլ ծրագրերի մասին։ Մասնավորապես խոսքը չիպեր ստեղծելու մասին է, որոնք հնարավոր կլինի տեղադրվել մարդու ողնուղեղում։ Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառով այլևս չեն կարողանում քայլել, այս չիպի շնորհիվ կկարողանան կրկին քայլել։

Իլոն Մասկը նաև ասել է, որ ընկերությունն աշխատում է նաև աչքի իմպլանտի վրա, որը կարող է բարելավել կամ վերականգնել տեսողությունը, նշել է աղբյուրը։

neuralink spinal cord implant.JPG (42 KB)
Neuralink տեխնոլոգիական ստարտափը ստեղծվել է 2016 թ․։ Երկար ժամանակ այն մնում էր Մասկի ամենագաղտնի պահվող բիզնեսը։ Առաջին անգամ դրա գոյության մասին իմացել է Wall Street Journal-ը 2017 թ․: Գործնականում ոչ մի մանրամասն այս ընկերության մասին չկար մինչև 2019 թ․, երբ Մասկը հրապարակեց լուսանկար, որում երևում էր առնետ՝ ուղեղի իմպլանտով:

Ավելի ուշ՝ 2020 թ․ օգոստոսին, Մասկը ցուցադրեց Գերտրուդա անունով խոզին՝ կրկին իմպլանտով։ Փորձարկման շրջանակում խոզին դրել էին վազքուղու վրա, և համակարգիչը, կարդալով նյարդային ազդանշանները, կարողացել էր հետևել կենդանու ոտքերի դիրքին և ֆիքսել այն պահերը, երբ խոզը հոտոտել էր սնունդ փնտրելու ընթացքում։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ