Բրիտանական 130,000 ընկերություն դատի է տվել Google-ին

1 դեկտեմբերի, 2022  19:01

Google որոնողական համակարգին կրկին դատի են տվել։ Այս անգամ կոլեկտիվ հայցը ներկայացրել են բրիտանական մի խումբ հրատարակիչներ՝ 130,000 ընկերությունների անունից:

Որոնողական հսկային և նրա մայր ընկերությանը՝ Alphabet-ին, մեղադրում են առցանց գովազդի շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու մեջ, ինչի հետևանքով մրցակիցները զրկվում են  եկամուտներից։

Հայցը ներկայացրած 130,000 ընկերությունները տիրապետում են 1,75 միլիոն կայքերի և հավելվածների: Ընկերությունները նշել են, որ հայցը նախապատրաստելու համար անցկացված տնտեսական վերլուծությունը ցույց է տվել, որ Google-ի գործողությունները կարող էին նվազեցնել գովազդային եկամուտը որոշ ընկերությունների համար մինչև 40%-ով, ընդ որում 2014-ից մինչ օրս բիզնեսների ընդհանուր կորուստները գնահատվում են 16,33 միլիարդ դոլար:

Ինքը՝ Google-ը, հերքում է ամեն ինչ և պնդում, որ աշխատում է օրենքի համաձայն։

«Ողջ Եվրոպայում Google-ը կառուցողաբար է աշխատում հրատարակիչների հետ։ Մեր գովազդային գործիքները, ինչպես նաև գովազդային տեխնոլոգիաների ոլորտի մեր բազմաթիվ մրցակիցների գործիքները, միլիոնավոր կայքերի և հավելվածների օգնում են ֆինանսավորելու իրենց բովանդակությունը և բոլոր չափերի բիզնեսներին հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով նոր հաճախորդներ ներգրավել: Այս ծառայությունները հարմարեցվում և մշակվում են նույն հրատարակիչների հետ համատեղ: Այս հայցը սպեկուլյատիվ է և պատեհապաշտ»,- ասվում է Google-ի մեկնաբանությունում։

Ըստ փորձագետների՝ այս հայցը միակը չի լինելու։ Հաջորդ տարի եւս մեկ դատական ​​հայց կներկայացվի Google-ի դեմ, սակայն արդեն Եվրոպական միության մակարդակով։

Google-ի դեմ այլ հայցեր

Google-ի դեմ մեկ այլ հայց ներկայացվել է նախօրեին։ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային օկրուգի դաշնային դատավոր Ջեյմս Դոնատոն վարույթ է ընդունել կոլեկտիվ հայցը որը կարող է վերաբերել ԱՄՆ 12 նահանգներից Play Market-ի ավելի քան 21 միլիոն օգտատերերի, որոնք 2016 թ․ օգոստոսից ի վեր հավելվածներ են գնել հարթակից կամ հավելվածի ներսում գնումեր են արել։

Սպառողները դժգոհում են, որ Google-ը պահպանում է իր մենաշնորհային դիրքը Android հավելվածների ոլորտում, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս բարձրացնել հավելվածների գները՝ դրանց վաճառքից ստանալով 30% միջնորդավճար: Արդյունքում հավելյալ ծախսերի բեռը դրվում է օգտատերերի ուսերին (ոչ թե հավելվածները մշակողների կամ դրանց հեղինակների), որոնք ստիպված են ավելի շատ վճարել հավելվածների համար՝ Google-ի համար եկամուտներ ապահովելով:

Այս կոլեկտիվ հայցով դատավարությունը կսկսվի հաջորդ տարվա հունիսին և կարող է միլիոնավոր դոլարներ արժենալ Google-ին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ