Huawei-ը հրապարակել է Watch Buds սմարթ ժամացույցի մասին թիզերը, սակայն հետո չեղարկել դրա շնորհանդեսը

1 դեկտեմբերի, 2022  17:24

Չինական Huawei ընկերությունը հրապարակել է Watch Buds կոչվող խելացի ժամացույցի նոր մոդելի մասին պաշտոնական թիզերը։

Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է «աշխատում» ժամացույցի պատյանը։ Մասնավորապես հատուկ կոճակը սեղմելուց հետո ինչպես է էկրանը դեպի վեր բացվում, ինչից հետո երևում են ներսում տեղադրված անլար ականջակալները։

Թիզերում չկան տեխնիկական մանրամասներ, իսկ ժամացույցի մասին առայժմ հայտնի է միայն այն, որ այն օգտագործում է HarmonyOS ծրագրային հարթակը։

Watch Buds-ի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված էր դեկտեմբերի 2-ին, սակայն Huawei-ը չեղարկել է միջոցառումը։ Ոլորտի մասնագետների համոզմամբ՝ պատճառը Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի մահն է։ Վերջինս մահացել է նոյեմբերի 30-ին՝ 96 տարեկան հասակում։

Նշենք, որ չինական Xiaomi ընկերությունը նույնպես այդ պատճառով հետաձգել է իր Xiaomi 13 շարքի սմարթֆոնների շնորհանդեսը, որը նախատեսված էր դեկտեմբերի 1-ին։ Իրենց նմանատիպ միջոցառումները հետաձգել են նաև iQOO-ը և MediaTek-ը։

Հիշեցնենք, որ ինսայդեր Rodent950-ն առաջինն էր, որը պատմել էր Watch Buds-ի մասին: Այդ ժամանակ նա այս խելացի ժամացույցն անվանել էր «տարօրինակ»։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ