Կառավարությունը 10 մլրդ դրամ է հատկացնում ՏՏ ոլորտի աջակցության համար․ ովքե՞ր կարող են ստանալ այն

1 դեկտեմբերի, 2022  13:33

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը։ Աջակցության համար կառավարությունը հատկացնում է 10 մլրդ դրամ է, որն ՏՏ ընկերություններին հատկացվելու է եկամտային հարկի վերադարձի տեսքով։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդեցություն են ունենում նաև այս ոլորտի վրա:

«Դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների՝ արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազել են: Մենք դեռ մարտին աջակցման ծրագիր ներկայացրինք 50 տոկոս եկամտային հարկի վերադարձի տեսքով: Ամառվանից ԿԲ մեր գործընկերների հետ սկսեցինք ֆինանսական ռիսկերի կառավարման և ֆինանսական նոր գործարքների կիրառման քննարկումներ և դասընթացներ: Բայց նոր իրողությունները հաշվի առնելով՝ այժմ կարող են տուժել ՏՏ ընկերությունները»,- ասաց նախարարը:

Այսպես, առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թ․ հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը:

«Նախագծի նպատակն է նաեւ ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին` իրենց բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարվելու, ինչպես նաև ՏՏ ոլորտի համաշխարհային բարդություններին դիմակայելու համար։ Տրամադրվող պետաջակցության չափը ոլորտին նախնական գնահատմամբ կազմում է շուրջ 10 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը»,– ասաց Խաչատրյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտնեց, որ մի քանի ամիս է, ինչ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտի մասնագետներից, որ դրամի արժևորման հետևանքով նրանք որոշակի ռիսկերի առջև են կանգնում։ Նա նաև նշեց, որ աջակցությունն էակապես կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից արտարժույթով, և այն, որ այժմ դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, դա խոչընդոտ է հանդիսացել կազմակերպությունների բնականոն զարգացմանը։

Ըստ նախագծի պետական աջակցությունը տրամադրվում է ներկայացված չափանիշներով։

IT companies Armenia.JPG (59 KB)

Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կառավարության կայքում (50-րդ հարց)։

Նշենք, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունը ոլորտի ընկերությունների հետ քննարկումների արդյունքում առաջարկել էր, որ ՏՏ ոլորտի ընկերություններին վերադարձվի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար եկամտային հարկն ամբողջությամբ եւ դա պետք է վերաբերեր ոլորտի բոլոր ընկերություններին:

Ոլորոտի ներկայացուցիչները, այդուհանդերձ, պնդում են, որ ՏՏ ոլորտը սարսափելի վնասներ է կրել, կառավարության աջակցությունը նախ արդեն ուշացած է և ամբողջությամբ չի լուծում խնդիրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին կառավարության որոշմամբ Հայաստանում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրումը երկարաձգվել է ևս մեկ տարով։


 
 
 
 
  • Արխիվ