FTX կրիպտոբորսայի հիմնադիրը $26 մլրդ է կորցրել. նրա հաշվին մնացել է ընդամենը $100,000

2 դեկտեմբերի, 2022  10:08

FTX կրիպտոբորսայի նախկին ղեկավար Սեմ Բենքմեն-Ֆրիդը ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում կորցրել է իր գրեթե ողջ կարողությունը։ Նրա կապիտալը իր առավելագույնին հասած ժամանակ կազմում էր մոտ 26 միլիարդ դոլար, իսկ նոյեմբերի սկզբին, նախքան նրա կրիպտոբորսայի սնանկացումը՝ 15,6 մլրդ դոլար։ Հիմա նրա հաշվին նույնիսկ մեկ միլիոն չկա։

«Վերջին անգամ, երբ ստուգեցի, իմ բանկային հաշվին ունեի 100,000 դոլար»,- ասել է Բենքմեն-Ֆրիդը:

FTX կրիպտոբորսան նոյեմբերի 11-ին հայտարարել է սնանկության մասին՝ ԱՄՆ Սնանկության օրենսգրքի 11-րդ բաժնի համաձայն: Նույն օրը զբաղեցրած պաշտոնից հեռացել է ընկերության գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդը։

Հետաքրքիր է, որ FTX-ը, որը գնահատվում էր 32 միլիարդ դոլար, սնանկացավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում. այն իրացվելիության խնդիր ունեցավ, երբ հաճախորդներն սկսեցին զանգվածային կերպով դուրս բերել իրենց միջոցներն այս կրիպտոբորսայից, իսկ մրցակից բորսան Binance-ը խզեց ընկերությունը գնելու՝ իրավական ուժ չունեցող համաձայնագիրը, չնայած FTX-ի խնդիրները ծագեցին նաև Binance-ի գործողությունների հետևանքով:

Նախքան FTX-ի սնանկացումը, 30-ամյա Բենքմեն-Ֆրիդի կարողությունը, ինչպես արդեն նշվեց, գնահատվում էր 15,6 միլիարդ դոլար. նրա մասնաբաժինը FTX-ում կազմում էր 53%, որը մինչև խնդիրների սկսվելը կազմում էր 6,2 մլրդ դոլար, իսկ նրա Alameda Research ընկերությունն ապահովում էր ևս 7,4 մլրդ դոլար: Այնուամենայնիվ, FTX-ի փլուզումը պատճառ դարձավ, որ երկու ակտիվներն էլ արժեզրկվեն և այժմ դրանք գնահատվում են $1։

Արդեն նոյեմբերի 11-ին Բենքմեն-Ֆրիդի կարողությունը նվազել էր մինչև 991,5 մլն դոլար, այսինքն՝ ընդամենը մեկ օրով գրեթե 94%-ով։ Այժմ, ըստ Businessinsider.de-ի, նրա հաշվին մնացել է ընդամենը մոտ 100,000 դոլար։

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը և արդարադատության նախարարությունը ներկայումս հետաքննում են FTX-ի սնանկության գործը։ Բենքմեն-Ֆրիդին հարցաքննել է նաև Բահամյան կղզիների ոստիկանությունը:

FTX-ի պատմությունը ողջ աշխարհի կարգավորիչների ուշադրությունը հրավիրել է կրիպտոարժույթների շուկայի վրա: Թեև այս շուկան գոյություն ունի բավականին երկար ժամանակ, սակայն երկրների մեծ մասում դեռևս չկան այս շուկան կարգավորող օրենքներ: Այնուամենայնիվ, FTX-ի սնանկացումը, որն ազդել է միլիոնավոր ներդրողների վրա և առաջացրել միլիարդավոր վնասներ, ստիպում է փոխել մոտեցումն այս ոլորտի կարգավորումների հարցում։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ