Xiaomi 13-ի և Xiaomi 13 Pro-ի շնորհանդեսը հետաձգվել է Չինաստանի նախկին նախագահի մահվան պատճառով

30 նոյեմբերի, 2022  18:39

Չինական Xiaomi ընկերությունը դեկտեմբերի 1-ին պետք է ներկայացներ նոր Xiaomi 13 և Xiaomi 13 Pro սմարթֆոնները, սակայն շնորհանդեսը հետաձգվել է։ Թեեւ հետաձգման պաշտոնական պատճառը չի նշվում, չինական լրատվամիջոցները պնդում են, որ դա կապված է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի մահվան հետ։ Նա մահացել է այսօր՝ նոյեմբերի 30-ին, 96 տարեկան հասակում։

«Հարգելի՛ օգտատերեր և ընկերներ։ Ցավով տեղեկացնում ենք, որ նոր Xiaomi 13 սերիայի թողարկումը հետաձգվում է։ Երբ նոր ամսաթիվը հաստատվի, հնարավորինս շուտ մենք ձեզ կտեղեկացնենք: Շնորհակալություն բոլորիդ ըմբռնման և աջակցության համար»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։

Բացի նոր սմարթֆոններից, շնորհանդեսին պետք է ցուցադրվեին Buds 4 Pro ականջակալները, Watch 2S ժամացույցը, համակարգիչ և Xiaomi-ի այլ նորույթներ։

Շնորհանդեսի նոր ամսաթիվը դեռ չի հայտարարվել։

Նշենք, որ Xiaomi-ն միակ ընկերությունը չէ, որը չեղարկել է իր սարքերի շնորհանդեսը Ցզյան Ցզեմինի մահվան կապակցությամբ. iQOO-ն նույնպես չեղարկել է iQOO 11 ֆլագմանային սմարթֆոնի շնորհանդեսը, որը նախատեսված էր դեկտեմբերի 2-ին։

Ի՞նչ է ներկայումս հայտնի Xiaomi 13-ի և Xiaomi 13 Pro-ի մասին

Xiaomi 13-ը և Xiaomi 13 Pro-ն ընկերության առաջին սմարթֆոններն են, որոնք հիմնված են նորագույն Snapdragon 8 Gen 2 մեկ չիպային համակարգի վրա: Ավելին, նրանք կստանան շուկայում առկա ամենաարագ հիշողությունը՝ LPDDR5X (որը, ըստ արտադրողների, նախորդ մոդելների համեմատ կատարողականի 33% աճ է ապահովում) 8533 Մբիթ/վրկ արագությամբ և UFS 4.0 ֆլեշ հիշողությամբ (որը 100%-ով ավելացնում է չիպի հաջորդական ընթերցման և ձայնագրման արագությունը):

Սմարթֆոնները կունենան նաև նոր MIUI 14 ինտերֆեյս, որը նույնպես պետք է հայտարարվեր դեկտեմբերի 1-ին։ Դրանում խոստացել են չորս կարևոր բարելավում.

  • Նախապես տեղադրված ավելի քիչ հավելվածներ,
  • Ավելի գործնական գործառույթներ,
  • Նոր դիզայն,
  • Համակարգի ավելի սահուն և կայուն աշխատանք:

Xiaomi-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լեյ Ցզյունն ասում է, որ Xiaomi 13-ը, որը զինված է 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով, առանց վերալիցքավորման ավելի երկար կծառայի, քան iPhone 14 Pro Max-ը և առաջատար մնացած սմարթֆոնները:

Սպասվում է, որ Xiaomi 13-ը կունենա նաև 6.2 դյույմանոց 1.5K կամ 2K լուծաչափով էկրան և 50 մեգապիքսել Sony IMX8 սերիայի հիմնական տեսախցիկ: Ըստ լուրերի՝ հեռախոսի կորպուսը կլինի հետևյալ չափերի՝ 152,83 x 71,53 x 8,37։

Ինչ վերաբերում է Xiaomi 13 Pro-ին, ապա այն համալրված կլինի Leica-ի արտադրության հիմնական տեսախցիկով, որը կունենա 1 դյույմանոց օպտիկական ֆորմատի պատկերի սենսոր։ Վերջերս Լեյ Ցզյունը Weibo-ի իր էջում հրապարակել էր Xiaomi 13 Pro տեսախցիկով արված լուսանկարների օրինակներ, որոնք տպավորիչ տեսք ունեն։

xiaomi-13-pro-pic

xiaomi-13-pro-pic-2

Ըստ լուրերի՝ Xiaomi 13 Pro էկրանի անկյունագիծը կլինի 6,73 դյույմ, 1440 x 3200 պիքսել լուծաչափով: Մարտկոցի հզորությունը կլինի 4800 մԱ/ժ:


 
 
 
 
  • Արխիվ