ՏՏ ոլորտը սարսափելի վնասներ է կրել, կառավարության աջակցությունն արդեն ուշացած է․ Հայկ Չոբանյան

30 նոյեմբերի, 2022  15:31

Արտարժույթի շուկայում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունը արդեն սարսափելի վնասներ է տվել առաջատար տեխնոլոգիաների ոլորտին և այս վնասները մեղմելու՝ կառավարության նախաձեռնությունն արդեն ուշացած է, այն պետք է դեռ մայիսի արվեր:  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Ըստ ՊԵԿ-ի՝ ոլորտն ունի 15% շահութաբերություն, այն դեպքում, երբ արդեն արտարժույթի մասով ունեցել ենք 20-25% տարբերություն: Սա նշանակում է, որ այստեղ նույնիսկ քննարկման առարկա չի կարող լինել, թե ոլորտն ինչքան է տուժում: Ընդ որում ոլորտ, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Մենք մեր ապագա բոլոր պլանները մեծ չափով կապում ենք այս ոլորտի զարգացման հետ: Դա նշանակում է, որ կորուստները եւս մեծ չափով ազդում են ապագա մեր պլանների վրա»,- ասաց նա:

Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանը արտարժույթի փոխարժեքի փոփոխության մասով գտնվում է բավականին անբարենպաստ վիճակում և, եթե իրավիճակը համեմատում ենք մրցակից շուկաների հետ, ապա Հայաստանի վիճակն էլ ավելի է բարդանում: «Օրինակ՝ մրցակից Հնդկաստանում ռուփին իջել է, Եվրոպայում եվրոն իջել է, Թուրքիայում լիրան իջել է, այսինքն՝ մենք շատ ավելի անմրցունակ վիճակում ենք հայտնվել այս տարի, եւ մեր ընկերություններին դրել ենք շատ ծանր վիճակում իրենց պայմանագրերը շարունակելու առումով: Ուր մնաց, թե իրենք բանակցեն իրենց գործընկերների հետ պայմանագրային գները բարձրացնելու հետ կապված»,- ասաց Չոբանյանը:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը դեռեւս սեպտեմբերից շրջանառության մեջ է դրել ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության ծրագիրը, որը կառավարության հետ քննարկման վերջնական փուլում է եւ համոզմունք էր հայտնել, որ դրա ընդունումը օրերի հարց է։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի համոզմամբ՝ կառավարության այս նախաձեռնությունն արդեն ուշացած է։ Նրա խոսքով՝ այս ոլորտը այնքան զգայուն է եւ մրցակցությունն այնքան մեծ է, որ պետք է օրենքի մակարդակով ունենալ անվտանգության բարձիկներ, որոնք դրված են եւ կիրառվում են շատ օպերատիվ ձեւով:

«Իրականում այն, ինչ մենք սպասում ենք վաղը կառավարությունից, դա պետք է լիներ դեռ մայիսին: Արդեն ուշացած է այս աջակցությունը: Բայց վաղը չէ մյուս օրվանից մենք պետք է զբաղվենք, երկարաժամկետ լուծումների որոնմամբ»,- ասաց Չոբանյանը:

Նա խոսեց նաեւ ենթակառուցվածքների զարգացման կարեւորության մասին։ Նրա խոսքով՝ հատուկ տնտեսական գոտիների առկայության տեսանկյունից Հայաստանը բավականին ցածր մակարդակում է:

«Սա կրիտիկական նշանակություն ունեցավ հատկապես ռուսական ճգնաժամի ժամանակ, երբ տեսանք, որ երկիրն ուղղակի պատրաստ չէ բիզնեսին ընդունելու: Բացի որոշակի մասնավոր նախաձեռնություններից, մենք համապարփակ, կազմակերպված որեւէ գործընթաց չտեսանք: Այսինքն՝ մեր որեւէ վայրում հատուկ գոտի չի կառուցվում այն ընկերությունների համար, որոնք կուզեն տեղափոխվել Հայաստան: Մանավանդ դա մեզ համար ռազմավարական նշանակություն ունի պրոֆեսիոնալ ռեպատրիացիայի տեսանկյունից»,- բացատրեց նա:

Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ հաջորդ թեման, որ սուր պետք է դնել քննարկումների հարթակում, վերաբերում է հատուկ գոտիների լայնածավալ ստեղծմանը. «Եթե մենք ունենայինք մեր տնտեսության համար շատ մեծ թվացող ցանկացած արդյունաբերական գոտի, նախորդ ութ ամիսների ընթացքում լցվելու էր: Եթե մենք ունենայինք 100,000 քմ արդյունաբերական տարածք, ես համոզված եմ, որ դա այսօր լցված էր լինելու»,-ընդգծեց նա:

Հայաստանում այս տարվա վերջին յոթ ամսում լուծարվել է ՏՏ ոլորտի չորս ընկերություն, ևս չորս ընկերություն սնանկացել է, իսկ 17-ի լուծարումն ընթացքի մեջ է, հաշվառումից հանվել է 342 անհատ ձեռնարկատեր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 16-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ արտարժույթի արժեզրկման հետևանքով խնդիրներ ունեցող ՏՏ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու խնդիրը պետք է լուծվի, սակայն ինքն անձամբ դեմ է օրենսդրական և ֆիսկալ փոփոխություններին։

«Ես չգիտեմ ինչով կավարտվի վերջնական քննարկումը, բայց օրենսդրական փոփոխություններին, որոնք պետք է այդ ադապտացիոն ֆունկցիան կատարեն, ես անձամբ դեմ եմ։ Եվ ֆիսկալին էլ եմ դեմ։ Չի՛ կարելի նման դեպքերում հարկային փոփոխություններ անել,և չի՛ կարելի օրենսդրական ֆունդամենտալ փոփոխություններ անել։ Միջոցառումով, ես կարծում եմ, կօժանդակենք և կկոմպենսացնենք տվյալ կորուստը, բայց՝ ճիշտ թիրախով», - ասել էր նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին կառավարության որոշմամբ Հայաստանում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրումը երկարաձգվել է ևս մեկ տարով։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ