Twitter-ի 9 հետաքրքիր այլընտրանք, եթե հանկարծ այն Մասկի օրոք փակվի, կամ պարզապես ցանկանաք լքել այն

4 դեկտեմբերի, 2022  12:45

Այն պահից ի վեր, երբ Իլոն Մասկը հոկտեմբերին գնեց Twitter-ը, սոցցանցը գրեթե ամեն օր հայտնվում է լրատվականների առաջին էջերում, սակայն ոչ լավ առիթներով։ Մասկն աշխատանքից ազատեց ընկերության ղեկավար կազմին, նրա վերջնագիր-նամակից հետո շատ աշխատակիցներ իրենց նախաձեռնությամբ հեռացան, արդյունքում մասնագետներն այսօր մտավախություն ունեն, որ ընկերությունը չունի բավարար թվով աշխատակիցներ, որպեսզի ապահովի սոցցանցի բնականոն աշխատանքը։ Բացի դրանից, մի շարք խոշոր ընկերություններ այլևս գովազդ չեն գնում Twitter-ում։ Այս ամենի ֆոնին Twitter-ի օգտատերերն արդեն քննարկում են Twitter-ին այլընտրանքներ, եթե այն արմատապես փոխվի կամ Իլոն Մասկի ղեկավարման ժամանակ պարզապես փակվի։

Սակայն, ինչպես տեղեկացնում է Marketwatch.com-ը, այդքան էլ հեշտ չէ փոխարինել Twitter-ին, որը հունիսի դրությամբ ունեցել է ամենօրյա ռեժիմով հարթակն օգտագործող 237 մլն ակտիվ օգտատեր։ Հնարավոր այլընտրանք կարող են լինել Facebook-ը, Instagram-ը, կամ TikTok-ը։ Սակայն Twitter-ը յուրահատուկ դեր ունի շատերի համար, քանի որ կենտրոնանում է իրական ժամանակում տեղի ունեցող տեղեկատվության վրա, որը հաճախ տարածվում է տեքստի միջոցով, իսկ Instagram-ն ու TikTo-ն կենտրոնացած են լուսանկարների և տեսանյութերի վրա։

Բացի դրանից, Twitter-ը հարթակ է, որտեղ համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ, ընկերություններ, հայտնիներ և հասարակական գործիչներ արդեն իսկ ունեն հաստատված ներկայություն և նրանց գտնելը շատ հեշտ է, ինչը չի կարելի ասել Mastodon-ի և Post-ի նման այլընտրանքների համար: Առնվազն առայժմ։

Այսպիսով՝ Twitter-ի օգտատերերը որոշ պատկերացումներ ունեն այն մասին, թե ուր կարող են տեղափոխվել, եթե հանկարծ մի օր պարզվի, որ Twitter-ն այլևս գոյություն չունենա կամ անճանաչելիորեն փոխվել է։ Ստորև ներկայացնում ենք մի քանի այլընտրանքներ, որոնք Twitter-ի օգտատերերը նշել են որպես այլընտրանք:

Mastodon

Այս սոցցանց ներկայանում է որպես այլընտրանքային և «արմատապես տարբեր» հարթակ, որում չկան ալգորիթմներ, որոնք կվատնեն օգտատիրոջ ժամանակը իրենց գովազդներով։ Mastodon-ն ապակենտրոնացված հարթակ է, ինչը նշանակում է, որ մեկ հսկա սոցիալական մեդիա հարթակ առաջարկելու փոխարեն, այն թույլ է տալիս օգտատերերին ստեղծել, հյուրընկալել և ղեկավարել համայնքներ: Յուրաքանչյուր համայնք ունի վարքագծի իր քաղաքականությունը, որը որոշվում է այն հյուրընկալողը (host): Mastodon-ի առավելություններից մեկն այն է, որ այն թույլ չի տալիս մեջբերմամբ գրառումը կիրառել այնպես, ինչպես Twitter-ում է և հենց դրա շնորհիվ այնտեղ մթնոլորտը պակաս ագրեսիվ է, քանի որ մեջբերմամբ գրառումները հաճախ կոպիտ պատասխանների են արժանանում։ Mastodon-ում արդեն օգտահաշիվ է բացել նաև Volkswagen-ը։

Mastodon.jpg (49 KB)

CounterSocial

CounterSocial-ը ներկայանում է որպես հարթակ, որն արգելում է թրոլինգը, չարաշահումները, գովազդները, կեղծ լուրերը և «օտարերկրյա ազդեցության գործողությունները»։ Ավելի քան 63 միլիոն այցելու ունեցող այս սոցցանցի հետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն մոնիտորինգ է անում ռադիո հաճախականությունները, որպեսզի արտակարգ իրավիճակների ժամանակ շատ արագ թարմացումներ տրամադրի օգտատերերին, նախքան դրանց կանդրադառնան ավանդական լրատվամիջոցները:

Creative Bloq-ն այս սոցցանցն անվանել է «լուրջ այլընտրանք Twitter-ին», որն արդեն «ապացուցում է, որ շատ հանրաճանաչ է», իսկ ZDNet տեխնոլոգիական կայքը այն պարզապես գնահատել է որպես «ընդհանրապես Twitter-ի լավագույն այլընտրանք»: Tech Briefly կայքը CounterSocial-ի դիզայնն անվանում է «ֆուտուրիստական» և նշում, որ թե՛ Mastodon-ը, թե՛ CounterSocial-ն առաջարկում են գործառույթներ, որոնք միանգամայն համեմատելի են Twitter-ի հետ:

counter social.JPG (17 KB)

Amino

Amino-ն իրեն անվանում է հարթակ, որը թույլ է տալիս «կառուցել ձեր սեփական համայնքը»՝ անհատական ​​դիզայնով: Ոմանք ասում են, որ այն նման է Mastodon-ին, բայց ZDNet-ը նշում է, որ այս սոցցանցի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այն «անվտանգ սոցիալական տարածք է դեռահասների համար», որտեղ համայնքային «խիստ կանոններ» են կիրառվում։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող MUO կայքը նշում է, որ որոշ դեռահասների համար չնախատեսված բովանդակություն երբեմն սպրդում է այս հարթակ։ Twitter-ը վերջին մի քանի տարիներին փորձել է օգտատերերի համար հեշտացնել կոնկրետ հետաքրքրություններ ունեցող համայնքներ գտնելն ու դրանց միանալը: Սա, ըստ երևույթին, Amino պլատֆորմի հիմնական գործառույթն է:

Hive Social

Մեկ այլ զարգացող հարթակ է Hive Social-ը, որն ունի նույն գործառույթներից շատերը, ինչ Twitter-ը կամ Facebook-ը։ Չնայած այն չի արգելում «աշխատանքի համար ոչ անվտանգ» (Not Safe For Work) բովանդակություն, սակայն պարտադրում է, որ նման բովանդակության դեպքում թեգով նշվի այդ մասին, որպեսզի անչափահասները չտեսնեն այն։ Թերևս, ամենակարևոր բանը, որ պետք է իմանալ Hive Social-ի մասին, այն է, որ այս սոցցանցն ունի միայն բջջային տարբերակ։

Sociel Hive.png (849 KB)

Plurk

Այս սոցցանցը զվարճանքի ուղղվածություն ունի: LifeWire-ը Plurk-ն անվանում է Twitter-ին ամենանման հարթակը, որտեղ կարելի է գտնել մարդկանց, որոնք «քննարկում են աշխարհիկ թեմաների լայն շրջանակ՝ տրիկոտաժից մինչև Netflix»: Plurk-ում տեղի են ունենում բազմաթիվ քննարկումներ «ասիական փոփ մշակույթի» վերաբերյալ (գլխամասային գրասենյակը գտնվում է Թայվանում)։ Ըստ LifeWire-ի՝ այս ծառայությունը կարող է հատկապես գրավիչ լինել Twitter-ի այն օգտատերերի համար, որոնք հետաքրքրված են կապ հաստատել իրենց նախընտրելի երաժշտական ​​խմբերը կամ շոուները սիրող մարդկանց հետ: Ընկերների գրառումները ըստ ժամանակագրության տեսնելու հնարավորությունը, ըստ CNET-ի, այս սոցցանցը դարձնում է «Twitter-ի կլոնը»: Plurk-ը նաև հարմար է ընկերներ ավելացնելու համար, ընդորում՝ այլ հարթակներում ձեր ընկերների ցուցակից (AIM, Yahoo IM, Gmail և այլն):

Parler

Parler-ը հաճախ նկարագրում են որպես պահպանողական սոցիալական մեդիա հավելված, սակայն սոցցանցն ինքը նշում է, որ այն սոցիալական մեդիա է, որը «կառուցված է գաղտնիության և անձնական տվյալների, խոսքի ազատության, ազատ շուկաների և էթիկական սկզբունքները հարգելու հիման վրա, և վարում է թափանցիկ կորպորատիվ քաղաքականություն»։ Անցած ամիս ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը համաձայնել է ձեռք բերել Parler-ը, իսկ ավելի ուշ հրաժարվել է այդ գաղափարից:

Parler.jpg (3.59 MB) 

Երբ խոսքը վերաբերում է քաղաքական ուղղվածություն ունեցող հարթակներին, կա նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Truth Social-ը, որն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Twitter-ն արգելափակեց Թրամփի օգտահաշիվը: Այս երկու հարթակներն էլ ստեղծվել են որպես Twitter-ի այլընտրանքներ և նպատակ ունեն լրացնել օգտատերերի որոշակի խմբի բացը, եթե Twitter-ը գոյություն չունենա։

Tumblr 

Միկրոբլոգային այս սոցհարթակն արդեն 15 տարեկան է և թրենդային էր 2010-ականների սկզբին: Սակայն Tumblr-ը չկարողացավ մեծ թվով մարդկանց հավաքել, ինչպես դա արեցին Facebook-ն ու Instagram-ը։ Բացի դրանից, այս տարիներին Tumblr-ը մի քանի սեփականատեր է փոխել՝ փորձելով հասնել հաջողության: Թեև այս հարթակի ինտերֆեյսը մի փոքր հիշեցնում է 2010-ականները, Tumblr-ը ունի իր երկրպագուները: Twitter-ի գրավչությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ այն երկրպագուների խմբերին և առցանց այլ համայնքներին հնարավորություն է տալիս միանալ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ: Tumblr-ն արդեն ապացուցել է իր այս կարողությունը և հարմար այլընտրանք կարող է դառնալ օգտատերերի համար, եթե նրանք որոշենք հեռանալ Twitter-ից։

Discord

Discord-ը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել տարածքներ, որտեղ նրանք կարող են քննարկել իրենց ընդհանուր հետաքրքրությունները ինչպես ընկերների, այնպես էլ անծանոթների հետ: Բացի տեքստերից, լուսանկարներից և GIF-երից, այս հարթակը հնարավորություն է տալիս տարածել ինչպես ձայնային, այնպես էլ տեսաբովանդակություն: Discord-ը ևս մեկ տարբերակ է Twitter-ի օգտատերերի համար, որոնք ցանկանում են իրական ժամանակում հասանելիություն ունենալ իրեն հետաքրքրող թեմաներին:

Discord.jpg (17 KB)

Post

Twitter-ը ծառայում է որպես նորությունների և իրական ժամանակում տրվող տեղեկատվության կենտրոն, և ոմանք նորաստեղծ Post-ը համարում են գրավիչ թեկնածու, որը կարող է այս սեգմենտում իր տեղն զբաղեցնել։ Google-ի վետերան Նոամ Բարդինը Post-ը ներկայացնում է որպես «իրական մարդկանց, իրական լուրերի և քաղաքավարի զրույցների վայր»: Post-ի նկարագրությունում ասվում է, որ այն կհակազդի իր հարթակում մարդկանց խոսքը «գրաքննելու ցանկացած կառավարության փորձի», բայց ունի նաև կանոններ, որոնք նախատեսում են «խստորեն կիրառել բովանդակությունը մոդերացնելու միջոցով», ընդորում՝ հենց համայնքի օգնությամբ։ Post-ում մարդիկ կկարողանան գրել և տարածել «ցանկացած երկարության գրառումներ», ինչպես նաև զրուցել, գնել առանձին հոդվածներ տարբեր պարբերականներից և թեյավճարներ թողնել բովանդակություն ստեղծողներին:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ