Նոր գործառույթ WhatsApp-ում․ այժմ կարող եք հաղորդագրություններ ուղարկել ինքներդ ձեզ

29 նոյեմբերի, 2022  15:22

WhatsApp մեսենջերում նոր գործառույթ է հայտնվել՝ «Message Yourself», որը, ինչպես անունն է հուշում, թույլ է տալիս գրառումներ և հիշեցումներ ուղարկել ինքներդ ձեզ: Ինքներդ ձեր չատում ուղարկած հաղորդագրությունները կարող եք նաև «ամրացնել» (pin), ինչը թույլ է տալիս հեշտ գտնել ձեզ անհրաժեշտ տեղեկությունն ու հիշեցումները:

Ինքներդ ձեզ հետ չատ բացելը բավականին պարզ է. պարզապես անհրաժեշտ է բացել կոնտակտների ցանկը և ընտրել ձեր համարը:

Ինչպես տեղեկացնում է TechCrunch-ը, նոր գործառույթն ի սկզբանե փորձարկվել է բետա տարբերակով, իսկ Android-ով և iOS-ով աշխատող հեռախոսներով բոլոր օգտատերերին այն հասանելի կլինի առաջիկա շաբաթներին։

Նշենք, որ շատ այլ հարթակներ արդեն բավական երկար ժամանակ ունեն նման գործառույթ։ Օրինակ՝ Telegram-ն ունի «Պահպանված հաղորդագրություններ» գործառույթ, որը թույլ է տալիս ինքնդերդ ձեզ ուղարկել կամ փոխանցել հաղորդագրություններ, նկարներ և փաստաթղթեր: Այնտեղ կարող եք նաև պահել ձեր նշումներն ու հիշեցումները:  

Signal-ը նույնպես ունի նման գործառույթ՝ Note to Self, որը թույլ է տալիս ստեղծել հաղորդագրություններ ինքներդ ձեզ համար:

Իսկ Slack հարթակում կա «Write Something Down» կոչվող տարածք, որտեղ օգտատերերը կարող են գրառումներ տեղադրել իրենց համար:

Հիշեցնենք, որ վերջերս WhatsApp-ի` Android-ի 2.22.24.18-ով աշխատող բետա տարբերակում հայտնվել է նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի սմարթֆոնի վրա օգտագործել մեկ օգտահաշիվ։

Վերջերս արված հիմնական թարմացումներից մեկի շրջանակում WhatsApp-ում մի քանի նոր գործառույթներ են ավելացվել, այդ թվում՝ «Համայնքներ»-ը (Communities), որը նախատեսված է խմբերով հաղորդակցումը հեշտացնելու համար և մինչև 32 օգտատիրոջ հետ տեսազանգեր կատարելու հնարավորություն է ընձեռում:

Վերջերս մեսենջերն ավելացրել է նաև անձնական չատերում հարցումներ անցկացնելու, վիրտուալ ավատար ընտրելու և ձայնային հաղորդագրությունների նվագարկումը 1,5-2 անգամ արագացնելու հնարավորություն։

Մեկ այլ նոր գործառույթ, որը կոչվում է Call Links, հնարավորություն է տալիս հիպերլինքի միջոցով  օգտատերերին հրավիրել խմբային զանգին միանալու համար։ Ընդորում՝ կապ չունի, թե դա տեսազա՞նգ է, թե ձայնազանգ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ