Amazon-ը ցանկանում է HR մասնագետներին փոխարինել արհեստական ​​բանականությամբ

28 նոյեմբերի, 2022  21:24


Amazon-ը նախատեսում է ռեկրուտերների և HR մասնագետների մի մասին փոխարինել արհեստական բանականությամբ։ Նման եզրահանգում կարելի է անել Recode պարբերականի հեղինակների տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթի տվյալներից։

Ընկերության պատմության մեջ ամենալայնամասշտաբ կրճատումների ժամանակ ԱՄՆ-ում և Հնդկաստանում հարյուրավոր կրտսեր և միջին մակարդակի HR մասնագետների խնդրել են իրենց կամքով հեռանալ: Եվ կարծես թե նրանց կփոխարինի արհեստական բանականությունը: Ավելին, Amazon-ի արհեստական բանականության տեխնոլոգիան, որն ընկերությունում հայտնի է որպես «Դիմորդների ավտոմատ գնահատում» (Automated Applicant Evaluation) կամ AAE, արդեն պատրաստ է․ ընկերությունն այն փորձարկում է դեռ անցած տարվանից:

Այս տեխնոլոգիան, ըստ լրատվամիջոցների տվյալների, կարող է բավականին արդյունավետ կերպով կանխատեսել, թե որ դիմորդներն ունեն առավել մեծ ներուժ որոշակի պաշտոնի համար, այնուհետև նրանց ուղղորդել հարցազրույցի, ընդորում՝ ծրագիրն աշխատում է առանց ռեկրուտերի կողմից հսկողության: AAE-ի արհեստական բանականությունը նմանատիպ դետալներ է փնտրում Amazon-ի հաջողակ աշխատակիցների ռեզյումեների և նմանատիպ աշխատատեղի համար դիմող քաղաքացիների ռեզյումեներում։

Amazon-ում AAE տեխնոլոգիան առաջին անգամ փորձարկվել է ընկերության բժշկական անձնակազմի աշխատատեղերի համար դիմողների վրա, սակայն դրանից հետո այն օգտագործվել է շատ ավելի պատասխանատու պաշտոնների համար դիմողներից թեկնածուներ ընտրելու նպատակով՝ ծրագրային ապահովման ինժեներներից մինչև տեխնիկական ծրագրերի ղեկավարներ:

Շատ փորձագետներ կարծում են, որ այնպիսի պատասխանատու գործը, ինչպիսին նոր աշխատակիցների աշխատանքի ընդունելն է, չի կարելի վստահել արհեստական բանականությանը։ Ըստ CodePath-ի համահիմնադիր և տեխնիկական հարցերով գլխավոր տնօրեն Նաթան Աշքենազիի՝ արհեստական բանականությունը կարող է նույնիսկ շատ ավելի կողմնակալ լինել, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ըստ Mashable-ի՝ Amazon-ի ներքին փաստաթղթում ասվում է, որ AAE-ն զերծ է ռասայական կամ գենդերային կողմնակալությունից, բայց չպետք է մոռանալ, որ մի քանի տարի առաջ ընկերությունն արդեն հրաժարվել է արհեստական բանականությամբ աշխատող ռեկրուտերից, քանի որ այն իր կողմնակալության պատճառով բազմաթիվ տաղանդավոր և պրոֆեսիոնալ մարդկանց դուրս էր թողել ընտրությունից և այդպիսով ստեղծել էր խնդիրներ, որոնք լուծելու համար այն ստեղծվել էր։  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ