10 սմարթֆոն, որ կարելի է գնել հուլիսին

17 հուլիսի, 2024  13:51

Ռուսական «Պալաչ» կայքը կազմել է սմարթֆոնների տասնյակը, որոնք խորհուրդ է տրվում գնել 2024-ի հուլիսին։

Ցուցակի առաջին տեղում է Infinix Note 30-ը, որը մոտ 130 դոլար գնով առաջարկում է IPS էկրան Full HD+ կետայնությամբ և 120 Հց հաճախությամբ, MediaTek Helio G99 չիպ, 8/128 ԳԲ հիշողություն, 64 Մպ հիմնական տեսախցիկ, ստերեո բարձրախոսներ JBL-ից և 5000 մԱ/ժ մարտկոց՝ 45 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ:

Նրան հաջորդում է Samsung Galaxy A25-ը՝ մոտ 125 դոլար։ Սարքը հագեցած է 50, 8 և 2 Մպ եռակի տեսախցիկով, սեփական Exynos 1280 չիպով, 120 Հց հաճախությամբ վառ AMOLED էկրանով և ստերեո բարձրախոսներով։ Այս մոդելի թերությունների թվում նշվում են միայն էկրանի շուրջ «հաստ» շրջանակի առկայությունը և կոմպլեկտ հիշողության բացակայությունը:

Մոտ 220 դոլար բյուջեի դեպքում կարելի է գնել Samsung Galaxy A34-ը, որն առաջարկում է IP67 պաշտպանություն ջրից և փոշուց, Dimensity 1080 չիպ, Galaxy A25-ի համեմատ մի փոքր ավելի լավ տեսախցիկներ, ներառյալ 13 Մպ սելֆի տեսախցիկ՝ 4K տեսագրման աջակցությամբ:

Չորրորդ տեղում հայտնվել է Poco X6-ը՝ AMOLED էկրանով՝ 1,5K կետայնությամբ, 120 Հց հաճախությամբ և 1200 նիտ պայծառությամբ։ Սմարթֆոնը նաև ստացել է 5100 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 67 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ, ստերեո բարձրախոսներ, հզոր Snapdragon 7s Gen 2 չիպ, 8/256 ԳԲ հիշողություն և եռակի տեսախցիկ՝ 64, 8 և 2 Մպ: Այս մոդելն արժե մոտ 255 դոլար։

Նրան հաջորդում է Poco X6 Pro-ն՝ սկսած մոտ 305 դոլարից։ Այն շատ առումներով նման է հիմնական մոդելին, սակայն առաջարկում է ավելի հզոր Dimensity 8300 Ultra պրոցեսոր և գերարագ UFS 4.0 հիշողություն:

Ցուցակում ներառվել են նաև Tecno Camon 30 Pro-ն (մոտ 358 դոլար), Realme GT 6T (430 դոլար), Huawei P60 (457 դոլար), iPhone 15 և iPhone 15 Pro՝ 757 դոլար և 968 դոլար արժողությամբ համապատասխանաբար։

Բոլոր սարքերի գները հաշվարկված են ՌԴ-ում հուլիսի կեսերի դրությամբ գործող գներով, և յուրաքանչյուր սարքի գինը կարող է տարբերվել հայաստանյան գների համեմատ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ