Առաջին անգամ Լուսնի վրա քարանձավ է հայտնաբերվել, որտեղ կարող է հիմնվել 1-ին բնակավայրը

16 հուլիսի, 2024  22:12

Իտալացի աստղագետները հայտնագործություն են արել, որը կարող է փոխել Լուսնի հետազոտության ծրագրերը: Լուսնի ուղեծրային զոնդի տվյալների վերլուծության շնորհիվ հայտնաբերվել է ստորգետնյա քարանձավ, որը կարող է իդեալական վայր դառնալ լուսնային բազա ստեղծելու համար:

Գիտնականների թիմը՝ Լեոնարդո Կարրերի և Լորենցո Բրուզոնեի գլխավորությամբ, ուսումնասիրել է Լուսնի մակերևույթի ռադարային պատկերները, որոնք արվել են 2010-ին ՆԱՍԱ-ի Lunar Reconnaissance Orbiter-ի (LRO) կողմից: Հետազոտողները եզրակացրել են, որ տարածքներից մեկում ազդանշանի արտացոլումը ցույց է տալիս ստորգետնյա խոռոչի կամ տասնյակ մետր երկարությամբ թունելի առկայությունը, հաղորդում է TechCrunch-ը։

Հայտնաբերված քարանձավը գտնվում է մոտ 100 մետր խորության վրա՝ Հանգստության ծովի տարածքում՝ «Ապոլոն 11»-ի վայրէջքի վայրից ոչ հեռու։ Գիտնականների կարծիքով՝ այն կարող է հուսալի պաշտպանություն ապահովել ճառագայթումից, երկնաքարերից և Լուսնի մակերեսի ջերմաստիճանի ծայրահեղ տատանումներից։ Մինչև վերջերս նման թունելներ գոյություն ունեին միայն տեսականորեն, սակայն այժմ դրանց գոյության իրական ապացույցներ են հայտնվել։

«Այս հայտնագործությունը տեսությունը վերածում է իրականության։ Այժմ լուսնային այսպիսի քարանձավի ներսում բնակելի մոդուլի նախագծումը շատ իրական խնդիր է դառնում»,- նշում են Nature Astronomy ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները: Փորձագետները կարծում են, որ այս հայտնագործությունը կարող է զգալիորեն ազդել ՆԱՍԱ-ի և մասնավոր ընկերությունների պլանների վրա՝ երկարաժամկետ լուսնային բնակավայրեր ստեղծելու համար։ Ակնկալվում է լուսնային քարանձավների հետազոտման և զարգացման տեխնոլոգիաների զարգացման նկատմամբ հետաքրքրության աճ:

Այնուամենայնիվ, գիտնականները զգուշացնում են, որ թեև լուսնային քարանձավի հայտնաբերումը մեծ առաջընթաց է Լուսնի հետազոտման գործում, այն չի երաշխավորում հաջողություն, քանի որ քարանձավը գտնվում է խառնարանի խորքում, ինչը կդժվարացնի մուտքը քարանձավ: Նաև անհայտ են դրա չափերը․ այն կարող է չափազանց փոքր լինել կամ առհասարակ պիտանի չլինել՝ բեկորների և փոշու պատճառով: Այնուամենայնիվ, դրա գոյության փաստը նոր հեռանկարներ է բացում և կարող է շրջադարձային դառնալ ապագա առաքելությունների պլանավորման գործում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ