Ճապոնիան 2024 թ. ֆինանսական տարում ուղեծիր կարձակի ռազմական 50 արբանյակ

28 նոյեմբերի, 2022  19:28

Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են ստեղծել և ուղեծիր դուրս բերել օպտիկական և ռադարային 50 փոքր արբանյակներ՝ ռազմական թիրախները վերահսկելու համար։ Արբանյակի արձակման ծրագիրը նախատեսվում է սկսել 2024 ֆինանսական տարում, որը կտևի 2024 թ. ապրիլի 1-ից մինչև 2025 թ․ մարտի 31-ը:

Ինչպես տեղեկացնում է ճապոնական Yomiuri Shimbun թերթը, լավ եղանակի դեպքում ցերեկը օպտիկական արբանյակները կարող են բարձրորակ լուսանկարներ և տեսանյութեր անել երկրի մակերեսից: Դրանց հիմնական նպատակը, ինչպես արդեն նշվել է, լինելու են ռազմական օբյեկտները և դրանց տեղաշարժերը։ Իսկ երկրորդ տիպի արբանյակները կարող են ռադիոլոկացիոն լուսանկարներ անել՝ անկախ օրվա ժամից և եղանակային պայմաններից։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն աշխատում է նաև ցանցի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա հայտնաբերել ռուսական և չինական արտադրության հիպերձայնային զենքերը: Այնուամենայնիվ, ինֆրակարմիր սենսորների արտադրության հետ կապված դժվարությունների պատճառով առաջին փորձնական ապարատը 2027 թ․ շուտ դժվար թե գործարկվի:

Նշենք, որ վերջերս շատ այլ երկրներ ակտիվորեն արբանյակներ են արձակում տիեզերք, այդ թվում՝ ռազմական։

Օրինակ՝ SpaceX-ը վերջերս արձակեց գերծանր Falcon Heavy-ը, որը համարվում է աշխարհի ամենահզոր հրթիռը։ Այն, ամենայն հավանականությամբ, տիեզերք է բարձրացրել ամերիկյան ռազմական արբանյակներ: Սակայն քանի որ Falcon Heavy-ի ուղեբեռի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում, կարելի է միայն կռահել դրա բնութագրերի և նպատակների մասին:

Հնդկաստանը նույնպես վերջերս արձակեց հրթիռ, որն իր հետ ուղեծիր բարձրացրեց ինը արբանյակ։

Օգոստոսին Իրանը ուղեծիր դուրս բերեց իր «Խայամ» արբանյակը: Արբանյակի արած լուսանկարները նախատեսվում է օգտագործել Իրանի սահմանները վերահսկելու համար, ինչպես նաև բարելավելու կառավարման և պլանավորման կարողությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, բնական ռեսուրսները, բնապահպանական խնդիրները, հանքարդյունաբերությունը և բնական աղետները։ Իրանը ծրագրում է մոտ ապագայում՝ մինչև 2023 թ․ մարտի 20-ը, տիեզերք ուղարկել ևս մեկ արբանյակ, որն ստացել է «Նահիդ» անունը։

Այս տարվա մայիսի 25-ին արբանյակ է արձակել նաև Հայաստանը, և այն արդեն պատրաստ է շահագործման։ Այս արբանյակի կառավարման կենտրոնը կգտնվի Հայաստանում, և երրորդ երկրները չեն մասնակցի արբանյակի կառավարմանը։

Ավելին, նախատեսվում է նաև տիեզերք արձակել երկրորդ հայկական արբանյակը, որը, ի տարբերություն առաջինի, կլինի հայկական արտադրության։  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ