Տեսախցիկը ֆիքսել է Apple-ի գործարանում զանգվածային անկարգությունները․ iPhone 14-ի արտադրությունը վտանգի տակ է

28 նոյեմբերի, 2022  10:56

Չինաստանի Չժենչժոու քաղաքի Foxconn գործարանում ծագած խնդիրները կարող են վտանգել iPhone 14-ի արտադրությունն ու մատակարարումը։ Տասնյակ հազարավոր աշխատակիցներ լքում են գործարանը, իսկ կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումների և աշխատավարձերի հետաձգման պատճառով սկսված անկարգությունները չեն դադարում։

Ի՞նչ է հիմա կատարվում գործարանում։

Զանգվածային անկարգություններ գործարանում

Ինսայդեր Բեն Գեսկինը տեսանյութ է հրապարակել, որում երևում են Foxconn գործարանի աշխատողների և անվտանգության աշխատակիցների միջև բախումները:

Ի՞նչ է տեղի ունենում Foxconn գործարանում

Foxconn-ը պայմանագրային հիմունքներով էլեկտրոնիկայի արտադրող է, որն աշխատում է տարբեր ընկերությունների հետ ողջ աշխարհում: Գործարանի ամենամեծ հաճախորդների թվում է Apple-ը, որի համար այստեղ հավաքվում են iPhone-ներ և MacBook-ներ։

Գործարանի աշխատողները, որոնք դժգոհ են հակահամաճարակային սահմանափակումներից, աշխատավարձերի ուշացումներից և խոստացված, բայց չվճարված հավելավճարներից, նոյեմբերի 23-ին սկսել են զանգվածային բողոքի ցույցեր անել։

Իրականում գործարանում խնդիրներն ավելի վաղ են սկսվել. 200,000 աշխատակիցներից 20,000-ը վարակվել էր կորոնավիրուսով, իսկ դեռ հոկտեմբերին COVID-19-ի բռնկման պատճառով գործարանում կարանտինային միջոցառումներ էին անցկացվել, ինչի հետևանքով աշխատակիցներն ստիպված էին աշխատել, ուտել և նույնիսկ քնել գործարանում: Նրանք բողոքում էին սննդի և դեղորայքի պակասից, ոմանց կերակրում էին միայն հացով և արագ պատրաստվող լապշայով, մյուսներին ընդհանրապես չէին կերակրում, բայց նրանց թույլ չէին տալիս դուրս գալ գործարանի տարածքց։ Ի վերջո, շատ աշխատակիցներ սկսեցին պարզապես մագլցել ցանկապատի վրայով և փախչել գործարանի տարածքից:

foxconn-1

Այն ժամանակ խնդիրը պատշաճ կերպով չկարգավորվեց, իսկ հիմա իրավիճակը չափազանց սրվել է։ Աշխատողների դժգոհությունը վերաճել է բողոքի ցույցերի և անվտանգության աշխատակիցների հետ բացահայտ բախումների։

Foxconn-ը աշխատողներին մոտ 1400 դոլար փոխհատուցում է առաջարկել, որպեսզի նրանք դադարեցնեն բողոքի ակցիաները և լքեն գործարանը: Ըստ Reuters-ի՝ այս առաջարկից օգտվել է մոտ 20,000 աշխատակից, ընդ որում՝ նրանց մեծ մասը աշխատանքի էր ընդունվել բոլորովին վերջերս և չէր էլ հասցրել նույնիսկ մեկ օր աշխատել գործարանում։ Նոյեմբերին ընդունված նոր աշխատողները պետք է փոխարինեին հակահամաճարակային միջոցառումների պատճառով գործարանից փախածներին։ Տեսակետ կա, որ հենց նրանք են սկսել բողոքի ակցիաները՝ չստանալով խոստացված աշխատավարձերն ու հավելավճարները։

Այժմ գործատուն սկսել է գումար առաջարկել ոչ միայն նրանց, ովքեր պատրաստվում էին հեռանալ, այլ նաև նրանց, ովքեր մտադիր են մնալ և շարունակել աշխատել։ Վերջիններիս բոնուսները մեկ անձի համար ամսական հասնում են 1800 դոլարի։ Սակայն դեռ դժվար է պատկերացնել, թե ինչպես և երբ կկարգավորվի իրավիճակը։

foxconn-2.png (380 KB)

iPhone 14-ի մատակարարման խնդիրներն արդեն սկսվել են

Ինսայդեր Բեն Գեսկինի խոսքով՝ Լատվիայում, որտեղ ինքն ապրում է, Apple-ի խանութներից մեկում արդեն ամբողջությամբ դադարեցվել նոր iPhone 14 սմարթֆոնների մատակարարումը։

«Ընկերներիցս մեկը հենց նոր է գնացել մեր տեղական Apple Store և հարցրել iPhone 14-ի պատվերների մասին: Նրան ասել են, որ սմարթֆոնների մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է: Նոր պատվերներն ստանալու համար դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի։ iPhone-ը լավն է, բայց ես ամենաշատը ցավում եմ այն ​​մարդկանց համար, որոնք փակված են Foxconn գործարանում»,- գրել է ինսայդերը։

Շատ փորձագետներ ակնկալում են, որ շատ շուտով նման իրավիճակ կստեղծվի Apple-ի այլ խանութներում, իսկ iPhone-ի առաքումներն իսկապես կկրճատվեն առնվազն 30%-ով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ