ՏՏ մասնագիտություններ․ բջջային հավելվածներ մշակողներ

26 նոյեմբերի, 2022  14:30

Բջջային հավելվածների մշակմամբ զբաղվող ծրագրավորողներն (mobile developer, mobile app developer, app developer) ամենապահանջվածներից են ՏՏ ոլորտում։ Եվ դա պատահական չէ․ պարզապես նայեք ձեր շուրջը, գրեթե բոլորն ունեն սմարթֆոններ և ակտիվորեն օգտվում են դրանցից։ Սա բերում է նրան, որ աստիճանաբար ավելի շատ ընկերություններ են ցանկանում վեբ կայքից բացի ունենալ սեփական բջջային հավելվածներ։

Բջջային հավելվածների մշակողները ՏՏ մասնագետներ են, որոնք ստեղծում են ծրագրային հավելվածներ բջջային սարքերի համար (սմարթֆոն, պլանշետ, խելացի ժամացույցներ և այլն)։ Բացի ծրագրավորման հմտություններից, նրանք պետք է որոշակի գիտելիքներ ունենան կայքերի դիզայնի, բիզնեսի տրամաբանության մասին։ Հավելվածներ մշակողները հիմնականում մասնագիտանում են որոշակի օպերացիոն հարթակի հետ աշխատելու համար (Android, iOS, Windows և այլն)՝ այսպիսով իրենց մասնագիտության անվանն ավելացնելով ևս մեկ բաղադրիչ, օրինակ՝ բջջային հավելվածների մշակող Android-ի համար։

Android ծրագրավորողներ

Android-ը Google ընկերության ստեղծած օպերացիոն համակարգն է, որը ներդրված է սմարթֆոնների մեծամասնությունում (70%-ում)՝ Samsung, Sony, Google, Huawei, Asus և այլն։ Android ծրագրավորողները մշակում են հավելվածներ, որոնք օգտագործվում են վերոնշյալ բրենդների սմարթֆոններում։

iOS ծրագրավորողներ

iOS-ը «iPhone OS» կամ «iPhone Operating System» արտահայտությունների սեղմագրությունն է, որը թարգմանաբար նշանակում է «iPhone օպերացիոն համակարգ»։ Այն աշխատում է Apple բջջային ընկերության սարքավորումներում՝ iPhone և iPad: iOS ծրագրավորողները ստեղծում են հավելվածներ նման սարքավորումների համար։

Հավելվածներ մշակողների համար կարևոր են հետևյալ մասնագիտական կարողություններն ու որակները՝ 

  • Ծրագրավորման լեզուների գերազանց իմացություն, iOS-ի համար՝ Objective-C, Swift,  Android-ի համար՝ Java, Kotlin, Scala, Windows-ի համար՝ C#, VB.NET,
  • HTML-ի, CSS-ի, JavaScript-ի իմացություն,
  • SQLite տվյալների բազայի հետ աշխատելու կարողություն,
  • Վերլուծական միտք,
  • Դետալների նկատմամբ ուշադրություն,
  • Նոր տեխնոլոգիաներ սովորելու կարողություն և այլն։

Մասնագետ կարելի է դառնալ ինչպես ակադեմիական, բարձրագույն կրթություն ստանալով, տարբեր դասընթացների մասնակցելով, այնպես էլ ինքնակրթությամբ, և ինչպես ՏՏ մասագիտությունների մեծամասնությունը, ունի մասնագիտական աճի երեք աստիճան՝ կրտսեր (junior), միջին (middle) և ավագ (senior)։

Մասնագիտությունը Հայաստանում

Բջջային հավելվածների մշակման մասնագիտությունը բավականին պահանջված է նաև Հայաստանում, որտեղ նույնպես զգալի է սեփական բջջային հավելվածներն ունենալու մղումն ընկերությունների կողմից։ Նման մասնագետների աշխատավարձը հայկական շուկայում սկսվում է 200 հազարից և, ըստ Glassdoor հարթակի տվյալների, հասնում մինչև 12 միլիոն դրամի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ