Ինչպե՞ս Benivo-ն սկսեց համագործակցել Google-ի հետ, և ինչո՞ւ է աշխատակիցների մեծ մասը Հայաստանում

28 նոյեմբերի, 2022  12:41

Եթե ​​ինտերնետում Benivo ընկերության մասին տեղեկություններ որոնեք, ապա կարելի է արագ պարզել, որ սա HR տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Այն, ինչ անմիջապես չեք տեսնի որոնման արդյունքների առաջին էջում, այն է, որ ընկերության աշխատակիցների մեծ մասը Հայաստանում է, և դրա հիմնական արտադրանքը մշակվում է այստեղ:

Ավելին, ընկերությունը վերջերս 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է ստացել. այս գումարը նույնպես կծախսվի Հայաստանում և ընկերության անձնակազմը կավելացվի ևս 25-ով։

Ինչպե՞ս և ինչո՞ւ ընկերությունը որոշեց համագործակցել հայ մասնագետների հետ։ Քանի՞ մարդ է այժմ Հայաստանում աշխատում ընկերության նախագծի վրա, և ինչո՞ւ են նրանց թվում շատ կին ծրագրավորողներ։ Եվ, ի վերջո, ո՞րն է ընկերության հաջողության գլխավոր գաղտնիքը։

«Մենք Google-ին ցույց տվեցինք ամենատգեղ կայքը, որը կարելի է պատկերացնել»

Մի անգամ՝ մոտ մեկ տասնամյակ առաջ, Google-ի ներկայացուցիչների հետ զրույցում Benivo-ի հիմնադիր-տնօրեն Նիցան Յուդանը պարզում է, որ նրանց խիստ անհրաժեշտ է հարթակ, որը կօգնի կազմակերպել աշխատակիցների տեղափոխությունը և լուծել վճարումների հետ կապված մի շարք հարցեր։

Այդ ժամանակ Յուդանն ու նրա գործընկերներն աշխատում էին մի կայքի վրա, որը պետք է մրցակցեր AirBnB-ի հետ, սակայն, չնայած նրանք 1,5 միլիոն դոլարի ֆինանսավորում էին ստացել, նրանց հիմնական մրցակիցը 10 անգամ ավելի շատ գումար ուներ, և, հետևաբար, Յուդանն ու նրա գործընկերները հասկանում էին, որ իրական մրցակցության բավական քիչ շանսեր ունեին:

Բայց այն, ինչ ուզում էին Google-ի ներկայացուցիչները, շուկայում ոչ ոք չէր առաջարկում։ Յուդանն արագ է կողմնորոշվում. նա գլխի է ընկնում, որ պետք է սկսեն զբաղվել նոր նախագծով:

Արդեն մեկ ամիս անց նրանք Google-ի ներկայացուցիչներին ցուցադրում են հարթակի առաջին տարբերակը, որը լուծում էր իր առջև դրված բոլոր խնդիրները։ Ճիշտ է, ինչպես NEWS.am Tech-ին տված հարցազրույցում խոստովանել է Յուդանը, դա ամենատգեղ կայքն էր, որ կարելի է պատկերացնել։ Բայց, չնայած դրան, Google-ը հաստատում է հարթակը և համաձայնում  է երկարաժամկետ համագործակցություն սկսել նոր ընկերության հետ։

Նոր ընկերությունն անվանում են Benivo․ մոտավորապես հենց այդպես է ութ լեզվով հնչում  «բարի գալուստ» արտահայտությունը:

benivo-yudan

«Google-ի հետ գործարքն ինձ երկու կարևոր բան սովորեցրեց. եթե հաճախորդը խնդիր ունի, նրան պետք է խնդրի արդյունավետ լուծում առաջարկվի: Եվ եթե այս լուծումն իսկապես աշխատի, ապա սկզբում այն կարող է «տգեղ» լինել․ հարցի արտաքին կողմն այստեղ այնքան էլ կարևոր չէ։ Ավելին, դու կարող ես «տգեղ» լինել, եթե շուկայում միակն ես։ Մեր դեպքում ուրիշ ոչ ոք Google-ին չէր առաջարկել լուծում, որը մենք էինք առաջարկել»։

Այսօր Benivo-ն ծառայություններ է մատուցում ոչ միայն Google-ին, այլ նաև 50 այլ խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Mondelez, General Electric, Phillips 66, Unity, Wayfair, CGI և այլն։ Աճել է նաև այն ծառայությունների ցանկը, որոնք ընկերությունն առաջարկում է իր գործընկերներին։

«Ինչո՞ւ Հայաստան։ Ինձ համար պատասխանը պարզ է…»

Յուդանի խոսքով՝ վերջերս աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարներից մեկն իրեն հարցրել է, թե ինչու է իր արտադրանքը մշակվում փոքր ու քիչ հայտնի երկրում՝ Հայաստանում։

«Ինձ համար պատասխանը պարզ էր. այստեղ մենք տաղանդավոր թիմ գտանք»,- ասում է Յուդանը:

Նրա խոսքով՝ յոթ տարի առաջ, երբ ընկերությունն ակտիվ զարգացման կարիք ուներ, ինքը, Մեծ Բրիտանիայում չգտնելով անհրաժեշտ որակավորում ունեցող բավարար թվով ծրագրավորողներ, սկսեց մասնագետներ փնտրել այլ երկրներում՝ Ուկրաինայում, Իսրայելում, որտեղ նա մեծացել է, ինչպես նաև Չինաստանում, որտեղ արդեն ուներ մի քանի ծրագրավորողներ։ Մի օր նա ծանոթանում է Granatus Ventures-ի գործընկերներից Երվանդ Սարգսյանի հետ, ում հետ սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում։ Նա, լսելով Յուդանի խնդիրների մասին, հարցնում է, թե ինչու վերջինս չի դիտարկում չորրորդ տարբերակը՝ Հայաստանը։ Յուդանն այն ժամանակ գրեթե ոչինչ չգիտեր Հայաստանի մասին, բայց որոշում է հետաքրքրվել։

benivo-prizes

Շուտով նա հարցազրույց է անում 30 ծրագրավորողի հետ չորս երկրից: Եվ նրանցից ընտրում է հայաստանցի մի մասնագետի՝ Գոհար Աղաբաբյան անունով ծրագրավորողի։ Շատ շուտով նա Հայաստանից աշխատանքի է ընդունում երկրորդ մասնագետին՝ Շուշան Պետրոսյանին։ Երկու կանայք էլ, ըստ Յուդանի, դեռ աշխատում են ընկերությունում և այսօր՝ յոթ տարի անց, ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։ Իսկ Հայաստանում ընկերության աշխատողների թիվը հասել է 50-ի։

«Մեր 100 աշխատակիցներից 50-ը Հայաստանում են։ Վեց ամսից նրանց թիվը կհասցնենք 75-ի»

Ներկայումս Benivo-ն ունի մոտ 100 աշխատակից, որոնցից ավելի քան 50-ը գտնվում են Հայաստանում։ Մնացածները գտնվում են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Հնդկաստանում։

Ընկերությունը վերջերս 12 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է ստացել ամերիկյան Updata Partners ընկերությունից: Յուդանի խոսքով՝ այս գումարը կներդրվի Հայաստանում, ինչը կնպաստի առաջիկա վեց ամիսների ընթացքում անձնակազմի ավելացմանը առնվազն 25-ով։

Յուդանի խոսքով՝ այսօր ընկերության տեխնոլոգիաները 100 տոկոսով արտադրվում են Հայաստանում։ Իսկ ցանկացած երկրում սեփական արտադրանքի մշակումը սկզբունքորեն տարբերվում է աութսորսինգից:

«Եթե ընկերությունը դիմում է աութսորսինգի, նա, իհարկե, կարող է գործընկերներ ընտրել ցանկացած երկրից՝ Հայաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից և այլն ու համագործակցել նրանց հետ: Իսկ եթե ինչ-որ բան այնպես չստացվի, ընկերությունը կարող է համագործակցել այլ երկրից այլ գործընկերների հետ: Սակայն, եթե ընկերությունն ինչ-որ երկրում սեփական արտադրանք է մշակում, չի կարող ուղղակի որոշել և տեղափոխել այդ ապրանքը այլ երկիր»,- բացատրում է նա։

Յուդանի խոսքով՝ Հայաստանում իսկապես շատ տաղանդավոր մարդիկ կան, և նրանց աշխատանքը կարող է օգնել երկրի վրա միջազգային ընկերությունների ուշադրությունը հրավիրելու հարցում։

«Մեզ մոտ չկա դրական խտրականություն, մենք պարզապես մարդկանց տալիս ենք հավասար հնարավորություններ»

Յուդանի խոսքով՝ իր ընկերության աշխատակիցների մեծ մասը, այդ թվում՝ տեխնոլոգիական աշխատանք կատարողները, կանայք են։ Ղեկավարների թվում կանայք նույնպես քիչ չեն։

Սակայն սա դրական խտրականության արդյունք չէ։

«Աշխատակիցներին ընտրում ենք միայն նրանց տաղանդի և գիտելիքների համար։ Սեռը, կրոնը, ռասան, սեռական նախասիրությունները և այլ գործոններ որևէ դեր չեն խաղում: Մենք միտումնավոր չենք ընտրում կանանց, պարզապես բոլոր մարդկանց տալիս ենք հավասար հնարավորություններ»- ասում է նա:

Նրա խոսքով՝ գիտնականները մի շատ հետաքրքիր հետազոտության ընթացքում պարզել են, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, երեք անգամ ավելի հաճախ են արձագանքում թափուր աշխատատեղերին, նույնիսկ եթե չեն բավարարում բոլոր պահանջներին։ Հենց այդ պատճառով էլ Benivo-ում սկսել են թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններում թվարկել միայն ամենահիմնական, ամենակարևոր պահանջները, որպեսզի աշխատանք փնտրող ավելի շատ մարդ դիմի: Եվ արդեն նրանց միջից ընկերությունն ընտրում է լավագույն թեկնածուին։ Իսկ լավագույն թեկնածուն հաճախ կարող է լինել մի կին, ով կարող էր և ընդհանրապես չդիմել այդ աշխատանքի համար, եթե հայտարարությունում չափազանց շատ պահանջներ նշված լինեին։

Benivo Armenia

«Երևանում յոթ տարում շատ բան է փոխվել․ հիմա կարիք չկա մարդկանց համոզել, որ աշխատեն տեխնոլոգիաների ոլորտում»

2015 թ․, երբ Նիցան Յուդանն առաջին անգամ եկավ Հայաստան, այդ ժամանակ Երևանում դժվար էր գտնել մի փոքրիկ գրասենյակ, որտեղ Benivo-ի չորս նոր աշխատակիցները կարող էին աշխատել այլ ընկերությունների գործընկերների հետ միասին։ Յուդանի խոսքով՝ այն ժամանակ Հայաստանում տեխնոլոգիական շատ քիչ ընկերություններ ու ստարտափներ կային։

Հիմա՝ յոթ տարի անց, ամեն ինչ այլ է. տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների համար բարենպաստ էկոհամակարգ կա, այդպիսի ընկերությունները շատ աշխատակիցներ ունեն, ավելին, կարիք չկա մարդկանց համոզելու, որ թողնեն բանկում ապահով, հանգիստ աշխատանքը և միանան ստարտափին. առանց համոզելու էլ շատերի համար նման հեռանկարը գրավիչ և խոստումնալից է թվում:

«Հաջողության գաղտնի՞քը։ Իհարկե, մարդիկ են»

Յուդանի կարծիքով՝ ցանկացած ընկերության համար ամենակարեւորն իր աշխատակիցներն են։ Հաջողության հասնելու գաղտնիքը լավ ու տաղանդավոր աշխատակիցներ ունենալու մեջ է։

«Ճիշտ մարդիկ ձեզ համար շատ հնարավորություններ են բացում: Եթե ​​կարողանաս լավ կադրեր հավաքել, ապա շատ բանի կարող ես հասնել»,- ասում է նա:

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ