«Ընդհանուր համաներում». Twitter-ի բազմաթիվ արգելափակված հաշիվներ կվերականգնվեն

25 նոյեմբերի, 2022  16:22

Twitter-ի նոր ղեկավար Էլոն Մասկը նախատեսում է վերականգնել նախկինում արգելափակված բազմաթիվ հաշիվներ։ Ակնկալվում է, որ «ընդհանուր համաներումը» կսկսվի հաջորդ շաբաթ, և դա կլինի այս հարթակում բովանդակության մոդերատորության քաղաքականության ամենամեծ վերանայումը:

Մասկը վերջերս հարցում էր կազմակերպել, որի մասնակիցների մոտ 72%-ը կողմ է քվեարկել «ընդհանուր համաներման» օգտին այն աքաունթների համար, որոնք «չեն խախտել օրենքը կամ չեն մասնակցել սպամի տարածմանը», սակայն արգելափակվել են։

Twitter-ի գործադիր տնօրեն դառնալուց հետո Մասկը վերականգնել է մի շարք արգելափակված հաշիվներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի (DonaldTrump) հաշիվը, որն արգելափակվել էր 2021 թվականի հունվարին։ Ճիշտ է, Թրամփն ինքը կարծես չի ցանկանում վերադառնալ այս հարթակ, թեև նրա աքաունթին բաժանորդագրվել է ավելի քան 80 միլիոն մարդ։

Դեռ պարզ չէ, թե արդյոք «համաներումը» կազդի նաև այն հաշիվների վրա, որոնք ինքը՝ Մասկն է արգելափակել։ Վերջերս նա որոշեց ընդմիշտ արգելափակել ուրիշներին նմանվող օգտատերերին, եթե անգամ նրանք ունեն վերիֆիկացման կապույտ նշան: Ավելին, եթե նախկինում Twitter-ը նախազգուշացում էր անում օգտատերերին հաշիվներն արգելափակելուց առաջ, ապա այժմ զգուշացումներ չեն լինի, և կեղծ տվյալներով բոլոր հաշիվները, եթե հստակ նշված չէ, որ դա «պարոդիա» է, ընդմիշտ կարգելափակվեն։

Այսպես, վերջերս Twitter-ն արգելափակել է ամերիկացի կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինի հաշիվը, որն ուներ ավելի քան 2 միլիոն բաժանորդ, քանի որ իր անվան փոխարեն նա նշել է Իլոն Մասկի անունը Twitter-ի իր էջում։ Նրանք նաև արգելափակել են օգտատերերին, որոնք կեղծ հաշիվներ են ստեղծել Բեն Աֆլեքի և Թոբի Մագուայրի անուններով, նրանց համար գնել են վերիֆիկացիայի նշաններ և հրապարակումներ են արել՝ ազդարարելով «Բեթմենի» եւ «Սփայդերմեն»-ի նոր մասի մասին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ