Ի՞նչ է խելացի քաղաքը և ի՞նչ դեր ունեն տեխնոլոգիաները դրանք կառուցելու գործում

26 նոյեմբերի, 2022  13:12

Խելացի են այն քաղաքները, որոնք նախագծվել և ղեկավարվում են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, որպեսզի քաղաքի կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպվի, մարդկանց կյանքն ավելի բարելավվի, տվյալ քաղաքում ապրելն ավելի անվտանգ լինի, իսկ շրջակա միջավայրն ավելի կայուն դառնա, ասում է Abram's Cattle ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Առնել Պաչիանո Կազանովան։

Նրա խոսքով՝ խելացի քաղաքներից շատերը (Սինգապուր, Նյու Յորք) զարգացած երկրներում են հանդիպում հիմնականում այն պատճառով, որ տեխնոլոգիաների կիրառումը մեծ ներդրումներ է պահանջում։ Ֆիլիպիններում, օրինակ, որտեղից է Առնել Կազանովան, խելացի քաղաքների համար միայն կառավարության կամ քաղաքային բյուջեի ֆինանսավորմամբ չեն սահմանափակվում և օգտագործում են նաև մասնավոր կապիտալը։

«Մենք միավորել ենք միջոցները, որպեսզի միասին աշխատենք և կառուցենք տեխնոլոգիաներին առնչվող ենթակառուցվածքները»,- ասում է նա։ 

Աղետներ, շրջակա միջավայր

Առնել Կազանովայի խոսքով՝ տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, մեծ կիրառություն ունեն և կարող են ունենալ քաղաքների վերաձևավորման և դրանք ավելի խելացի դարձնելու գործում: Օրինակ՝ աղետների դիմակայման չափումը, թե աղետի ժամանակ որքան արագ կարող է քաղաքային իշխանությունն արձագանքել բնակիչներին անվտանգ տարածք տեղափոխելու հարցում։

«Օրինակ՝ Ֆիլիպիններում մեր քաղաքները տեղակայված են ծովափնյա տարածքներում և մենք միշտ փոթորիկների և ցունամիների վտանգի տակ ենք: Նույն իրավիճակն է նաև Ճապոնիայում: Տոկիոն, ինչպես նաև Ճապոնիայի շատ այլ քաղաքներ, աղետների մասին վաղ նախազգուշացման համար կիրառում են խելացի տեխնոլոգիաներ: Երբ երկրաշարժ է լինում, անմիջապես, շատ արագ մարդկանց տարհանում է տեղի ունենում, ինչը շատ կարևոր է»,- ասում է նա:

Մեկ այլ օրինակ է օդի որակի չափումը։ Տեխնոլոգիաների միջոցով կարելի է չափել, թե քաղաքի որ հատվածում է օդն ավելի մաքուր և որ հատվածում ավելի կեղտոտ, և ինչ միջամտություն պետք է անի կառավարությունը, որպեսզի կարողանա օդը շատ ավելի լավը դարձնել քաղաքացիների համար:

Էլեկտրաէներգիայի խնայողություն

Տեխնոլոգիաների օգնությամբ քաղաքներում կարելի է խնայել էլեկտրաէներգիան։ Օրինակ՝ արհեստական բանականության միջոցով համակարգիչը կարող է հաշվարկել և բացահայտել, թե որոնք են հիմնական ճանապարհները և երեկոյան ժամերին ավելի շատ լուսավորություն ապահովել հենց այդ փողոցներին։ Կամ նույն տրամաբանությամբ հասարակական հաստատությունները, վայրերը լուսավորվեն այն ժամանակ, երբ դրա կարիքը կա, օրինակ՝ հանրային զուգարանները, շենքերի մուտքերը և այլն։

Arnel Pacaino Casanova Amalya Gabrielyan .JPG (94 KB)

«Նման խելացի լուծումը կարող է կիրառվել սենյակում, շենքում կամ մի ամբողջ քաղաքում, ինչը հնարավորություն կտա խնայել էներգիան, նվազեցնել մեր գործունեության բնապահպանական հետևանքները, քանի որ էլեկտրաէներգիա արտադրելու ժամանակ, հատկապես եթե դրա համար ավանդական վառելիք է կիրառվում, նաև ածխածին է արտադրվում: Բայց հիմա տեղաշարժ է նկատվում դեպի վերականգնվող էներգիա, ինչը նույնպես լավ է»,- ասում է նա:

Կանաչ քաղաք և խելացի տրանսպորտ

Առնել Կազանովան ասում է, որ այսօր կան կոնկրետ չափումներ, թե որքանով է քաղաքը կանաչ, խելացի, ինչպես է այն նախագծված և կառուցված, արդյո՞ք այն խնայում է էներգիա, թե՞ ավելի շատ ածխածին է արտադրում, արդյո՞ք կիրառվում են խելացի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արևային էներգիան, լուսավորության ծախսերի կրճատումը, բնական օդափոխությունը և այլն:

Քաղաքների խելացիությունը ներառում է նաև տրանսպորտի էլեմենտը։ Քաղաքը կարող է ունենալ խելացի տրանսպորտային համակարգ, օրինակ՝ մարդիկ իմանան ավտոբուսների ժամանակացույցը, նաև դրանց ժամանման մոտավոր կանխատեսումը, ինչը արդեն կիրառվում է շատ քաղաքներում: Նորագույն տեխնոլոգիաները կարող են կիրառվել երկաթուղային կայարաններում, և օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է հաշվել ուղևորների քանակը և կախված դրանից առաջարկել, որ գնացքը ավելացնի կամ պակասեցնի վագոնները, ինչը նույնպես թույլ կտա էլեկտրաէներգիա խնայել։

Առնել Կազանովայի կարծիքով՝ տեխնոլոգիաների կիրառումը չպետք է ինքնանպատակ լինի, այն պետք է ծառայի մարդկանց, նրանց կարիքներին, շրջակա միջավայրին:

Arnel Pacaino Casanova  2 (2).JPG (1.37 MB)

Ուրբանիզացիան 2050թ․

Մինչև 2050 թ. երկրագնդի բնակչության մոտ 75%-ն արդեն կապրի քաղաքներում, այսինքն՝ մեզանից շատերը ուրբանիզացվելու են: Հետևաբար՝ մեր կյանքը բարելավելու համար տեխնոլոգիաները պետք է առնչվեն մեր կյանքի բոլոր ասպեկտներին, բոլոր մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք քաղաքում՝ աղտոտվածություն, ծանրաբեռնվածություն, նաև գյուղատնտեսական հողերի կրճատում, պարենային անվտանգություն, առողջապահություն, կրթություն»,- ասում է նա։

Կազանովայի խոսքով՝ քաղաքային իշխանությունը պետք է կարողանա ավելի թափանցիկ լինել քաղաքացիներին ծառայություններ մատուցելիս: Քաղաքը պետք է լինի ավելի ներառական, ավելի անվտանգ, հատկապես կլիմայի փոփոխության հետ կապված, ավելի ապահով բնական աղետներից և բնական սպառնալիքներից, ինչպես նաև ավելի ապահով մարդու ստեղծված սպառնալիքների նկատմամբ, ինչպիսիք են ահաբեկչությունը, հանցավորությունը դրանց բոլոր մնացած ասպեկտներով:

«Այս ամենը հանգեցնում է սահմանմանը, որ խելացի է այն քաղաքը, որն անվտանգ է, ներառական, կայուն և բնակիչների կյանքի ավելի լավ որակ է ապահովում»,- ասում է նա: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ