Չինական Kuafu-1 արբանյակն Արեգակի առաջին լուսանկարն է արել, որում երևում են նոյեմբերի 11-ի բռնկումները

25 նոյեմբերի, 2022  10:19

Չինական Kuafu-1 արբանյակը, որը նախատեսված է Արեգակի և տիեզերական եղանակի ուսումնասիրության համար, Արեգակի առաջին ռենտգեն պատկերն ուղարկել է Երկիր: Նկարում կարող եք տեսնել նոյեմբերի 11-ին տեղի ունեցած արեգակնային բռնկումները։

Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Գիտությունների ակադեմիայի տվյալները, պատկերն ստանալու համար արբանյակը օգտագործել է ռենտգենյան կոշտ մոդուլյացիայով (HXI) սարքավորումը։

Ներկայացված այս լուսանկարում Kuafu-1-ը ֆիքսել է M դասի բռնկումները։

sun-kuafu-1.jpg (128 KB)

Առաքելության գիտնականների խոսքով՝ սարքը դեռ փորձարկման փուլում է, բայց հիմա էլ կարելի է նկատել, որ այն վիզուալիզացիայի շատ լավ էֆեկտ ունի. ստացված լուսանկարներում գիտնականները կարող են իդենտիֆիկացնել արևի բռնկումների մանրամասները և արևի նուրբ կառուցվածքը։

Kuafu-1 առաքելություն

Հիշեցնենք, որ 888 կիլոգրամ կշռող Kuafu-1-ը Չինաստանը 2022 թ. հոկտեմբերի 9-ին հաջողությամբ արձակել է թիրախային ուղեծիր՝ արևի համաժամանակյա հետագծի վրա՝ Երկրից մոտ 720 կիլոմետր բարձրության վրա:

Սարքի պաշտոնական անվանումն է ASO-S (Advanced Space-based Solar Observatory), իսկ Kuafu-1-ը մականուն է՝ ի պատիվ չինական հին դիցաբանությունից հայտնի հսկայի, որը հետապնդում էր արևին և հույս ուներ բռնել այն:

Երեք գործիքների օգնությամբ սարքը առնվազն չորս տարի կուսումնասիրի Արեգակի մագնիսական դաշտը, արեգակնային բռնկումները և կորոնային զանգվածի արտանետումները՝ պլազմայի պայթյունները, որոնք Արեգակից պոկվելուց հետո թռնում են մեծ արագությամբ։

Այս ուսումնասիրությունները շատ կարևոր են, քանի որ և՛ արևային բռնկումները, և՛ կորոնային զանգվածի արտանետումները կարող են ազդել Երկրի վրա. կորոնային զանգվածի հզոր արտանետումները, օրինակ, կարող են առաջացնել գեոմագնիսական փոթորիկներ, որոնք կարող են խաթարել էլեկտրացանցերի, ռադիոհաղորդակցության և GPS նավիգացիայի աշխատանքը:

Ակնկալվում է, որ արբանյակը կգործի տարվա 96%-ը և տվյալներ կուղարկի ցամաքային կայաններ Սանյա, Կաշգար և Պեկին քաղաքներ, որոնք իրենց հերթին տվյալները կուղարկեն Զիջինշանի աստղադիտարանի վերլուծության կենտրոն:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ