Ինչո՞ւ որոշվեց հրաժարվել նահանջ վայրկյաններից, ի՞նչ խնդիրներ էին դրանք առաջացնում համակարգիչների համար

23 նոյեմբերի, 2022  11:53

Ֆրանսիայի Կշիռների և չափումների միջազգային բյուրոն որոշել է հրաժարվել, այսպես կոչված, նահանջ վայրկյաններից։ Դրանք լրացուցիչ՝ համակարգող վայրկյաններն են, որոնց ներդրումը պետք է արտացոլի Երկրի պտույտի արագության փոփոխությունները։ Լրացուցիչ վայրկյանները, ըստ մասնագետների, լուրջ խնդիրներ են առաջացնում համակարգչային համակարգերի աշխատանքում։

Ի՞նչ են լրացուցիչ վայրկյանները և ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ

Նահանջ վայրկյաններն ավելացվում են համընդհանուր համակարգված ժամանակի (UTC) սանդղակին, որպեսզի այն հավասարեցվի արևային միջին ժամանակին՝ UT1-ին: Այս պրակտիկան գործում է 1972-ից և դրանից հետո կիրառվել է 27 անգամ. աստղագիտական ​​դիտարկումների հիման վրա հավելյալ վայրկյանն ավելացվում է հունիսի 30-ին կամ դեկտեմբերի 31-ին, ըստ համընդհանուր ժամանակի, օրվա վերջում, որպեսզի UTC-ի և UT1-ի միջև տարբերությունը չլինի ավելի քան 0,9 վայրկյան: Նման օրերին 23:59:59-ին հաջորդում է 23:59:60-ը, և միայն դրանից հետո է գալիս կեսգիշերը:

Եվ եթե մարդիկ կարող են հասկանալ, թե որտեղից է գալիս այս վայրկյանը և ինչու է դա անհրաժեշտ, ապա համակարգիչների համար դա պակաս «հասկանալի» է, ինչը, փաստացի, հանգեցնում է խնդիրների։

Արդյո՞ք լրացուցիչ վայրկյաններն ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան օգուտ տալիս

Շատ փորձագետներ պնդում են, որ լրացուցիչ վայրկյաններն ակնհայտորեն ավելի շատ խնդիր են առաջացնում, քան օգուտ տալիս։

Դեռևս 2012 թ. փորձագետները բազմաթիվ խնդիրներ էին գրանցել Linux օպերացիոն համակարգում, քանի որ այն չէր կարողացել մշակել լրացուցիչ վայրկյանները: Խնդիրներ կային նաև այնպիսի կայքերի հետ, ինչպիսիք են Foursquare-ը, Reddit-ը (գրեթե 40 րոպեով անհասանելի էր), LinkedIn-ը և Yelp-ը: Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին, խնդիրները կրկնվեցին 2015 և 2016 թվականներին։

2017-ին ևս խնդիրներ են եղել. հերթական անգամ ժամանակի փոփոխության տվյալների փոխանցման ժամանակ Cloudflare-ի հաճախորդներին պատկանող ռեսուրսների մի մասը դարձել էր օֆլայն, քանի որ ծառայության ծրագրային հարթակը համեմատել էր ժամացույցի տվյալները երկու տարբեր աղբյուրներից, և տեսել, որ հակասություն կա, արդյունքում այն չէր կարողացել ճիշտ մշակել ստացված արդյունքը։

Նահանջ վայրկյաններից հրաժարվելու հնարավորությունը քննարկվում է առնվազն 2013-ից, իսկ վերջերս այդ քննարկումներն էլ ավելի են ակտիվացել։ Մի քանի ամիս առաջ Google-ը, Microsoft-ը, Meta-ն և Amazon-ը հանդես եկան հանրային նախաձեռնությամբ, որով առաջարկում էին դադարեցնել նահանջ վայրկյանների կիրառումը դրանց իսկ ստեղծած խնդիրների պատճառով:

Ըստ Meta ընկերության ինժեներների՝ իրենք ստիպված են լինում լրացուցիչ վայրկյանները տեղավորել ժամանակի մեջ 17 ժամվա ընթացքում և դա անում են դանդաղեցնելով կամ արագացնելով ժամացույցը, սակայն այս պրակտիկան հղի է դժվարություններով և խնդիրներով:

Այժմ շատ փորձագետներ խորհուրդ են տալիս հրաժարվել նահանջ վայրկյանների հետագա օգտագործումից և մնալ ներկայիս մակարդակում (27), ինչը, նրանց կարծիքով, բավարար կլինի առնվազն հաջորդ հազարամյակի համար։ Ավելին, հնարավոր է, որ Երկրի պտույտի դանդաղելու պատճառով ապագայում անհրաժեշտ լինի վայրկյաններ ոչ թե ավելացնել, այլ պակասեցնել (թեև համաշխարհային պրակտիկայում երբեք նման բան չի արվել):

Նահանջ վայրկյանների վերացման վերջնական որոշումը

Կշիռների և չափումների միջազգային բյուրոյի 27-րդ գլխավոր համաժողովի ընթացքում կայացվել է վերջնական որոշում (PDF). նահանջ վայրկյաններից կհրաժարվեն։ Ճիշտ է, դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2035-ից ոչ շուտ։

Նշենք, որ Ռուսաստանը դեմ է քվեարկել բանաձեւի ընդունմանը, քանի որ այս երկրի գլոբալ նավիգացիոն արբանյակային ГЛОНАСС համակարգը ներառում և հաշվի է առնում նահանջ վայրկյանները՝ ի տարբերություն այլ համակարգերի, ինչպիսիք են GPS-ը (Global Positioning System)։

Փորձագետներն առաջարկում են նահանջ վայրկյանների փոխարեն սահմանել «UT1-ի և UTC-ի տարբերության նոր առավելագույն արժեք, որը UTC-ի շարունակականությունը կապահովի առնվազն մեկ դար»: Ակնկալվում է, որ 28-րդ Գլխավոր համաժողովի ժամանակ 2026 թ․ Կշիռների և չափումների միջազգային բյուրոն կքվեարկի բանաձևի օգտին, որը UT1-ի և UTC-ի միջև տարբերության առավելագույն արժեք կսահմանի մինչև 2035 թ․:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ