Ոչ այնքան լավ օգնական․ Amazon-ը Alexa ձայնային օգնականի պատճառով կարող է 10 մլրդ դոլար կորցնել

22 նոյեմբերի, 2022  20:16

Ժամանակին Alexa ձայնային օգնականը Amazon-ի ամենաարագ զարգացող և խոստումնալից նախագծերից մեկն էր: Սակայն այսօր դրա պատճառով ընկերությունը կարող է մոտ 10 միլիարդ դոլար կորցնել։

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, Amazon-ի Worldwide Digital ստորաբաժանումը, որը պատասխանատու է Alexa, Echo սարքերի և Prime Video հեռարձակման ծառայության համար, այս տարվա առաջին եռամսյակում 3 մլրդ դոլարի գործառնական վնաս է կրել։

2014 թ․ թողարկված ձայնային օգնականը եղել է Amazon-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեֆ Բեզոսի մտահղացումը։ Նա ամեն կերպ աջակցել է Alexa-ի մշակման և զարգացման վրա աշխատող թիմին։

Այնուամենայնիվ, Alexa-ն չարդարացրեց իրենից ակնկալվող սպասելիքներից շատերը: Սարքի թողարկումից չորս տարի անց մարդիկ սկսեցին բողոքել, որ Alexa-ն ձայնագրություններ է ուղարկում սխալ մարդկանց, ավելին, տեղեկություններ կային, որ Amazon-ի աշխատակիցները կարող են լսել, թե մարդիկ ինչ են ասում Alexa-ի իրենց սարքերին։

Չնայած այս բոլոր խնդիրներին, ինչ-որ պահի Alexa-ին շաբաթական արվող հարցումների թիվը հասավ միլիարդի։ Ճիշտ է, հիմնականում մարդիկ հարցնում էին եղանակի և այլ բաների մասին, իսկ նման հարցումների հիման վրա հնարավոր չէր լինի այն մոնետիզացնել։

Ըստ The New York Times-ի՝ 2018 թ. Alexa-ն և Echo-ն մոտ 5 միլիարդ դոլարի վնաս հասցրին ընկերությանը։ Այս երկու նախագծերի վրա այդ տարի 10,000 մարդ էր աշխատում, սակայն 2019-ի վերջում արդեն դադարեցվել էր այս թիմերում մարդկանց աշխատանքի ընդունելու գործընթացը, իսկ հաջորդ տարի Բեզոսն այլևս չմասնակցեց դրանց զարգացման աշխատանքներին։

Այս տարի ձայնային օգնականի պատճառով կորուստները կարող են ավելի մեծ լինել, քան 2018թ․։ Սակայն չնայած դրան, Amazon-ը, ամենայն հավանականությամբ, չի փակի այս նախագիծը և կշարունակի ներդրումներ կատարել դրանում։

Մյուս կողմից, Amazon-ը նախատեսում է մոտ 10,000 աշխատակից կրճատել առաջիկայում, և նրանցից շատերը, ըստ լրատվամիջոցների, կլինեն այն բաժնից, որն զբաղվում է Alexa-ի զարգացմանմբ։ 


 
 
 
 
  • Արխիվ