Ստեղծվել է շատ բարակ գործվածք, որն արդյունավետորեն չեղարկում է աղմուկը

29 մայիսի, 2024  22:14

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները մշակել են յուրահատուկ գործվածք, որը կարող է արդյունավետ կերպով ֆիլտրել ձայնը, ինչպես դա անում են աղմուկը չեղարկող ականջակալները:

Այս մշակումը հիմնված է նախորդ հետազոտությունների վրա. ավելի վաղ գիտնականները ստեղծել էին մետաքսանման գործվածք, որը կարող է ուժեղացնել ձայնը, ինչպես խոսափողի դեպքում է արվում: Այն ուսումնասիրելու ժամանակ գիտնականները մտածել են, որ, դրա հիման վրա հնարավոր կլինի նաև պատրաստել գործվածք, որը կկարողանա կատարել հակառակ գործառույթը՝ կչեղարկի ձայները։ Երբ ձայնի ալիքներն անցնում են տվյալ գործվածքի մանրաթելերի միջով, ստեղծվում են թրթռումներ, որոնք կարող են կլանել այդ ձայները:

Գիտնականների մշակած գործվածքն ավելի հաստ չէ, քան մարդու մազը, ինչն այն դարձնում է իր տեսակի մեջ ամենաբարակ և թեթև գործվածքներից մեկը: Այն պատրաստված է պիեզոէլեկտրական մանրաթելից, որն ստեղծում է թրթռումներ, երբ հոսանքն անցնում է դրա միջով:

Ուղղակի զսպման ռեժիմում, երբ գործվածքը ստեղծում է թրթռումներ, ձայնի բարձրությունը նվազում է մինչև 65 դեցիբել։ Գործվածքն օգտագործելով որպես ձայնային պատնեշ, որը լարվածության տակ մնում է անշարժ՝ աղմուկի մակարդակը նվազում է 75%-ով։

Սկզբում այս տեխնոլոգիան արդյունավետ էր միայն փոքր սենյակներում։ Մասշտաբային կիրառությունների, ներառյալ ամբողջ սենյակում ձայնը կլանելու համար, հետազոտողներն այլ մոտեցում են կիրառել՝ գործվածքը վերածելով ձայնային պատնեշի, որն անդրադարձնում ձայները դեպի իրենց աղբյուրը:

Թեև ներկայիս արդյունքները խոստումնալից են թվում, գիտնականները դեռ պետք է հավելյալ հետազոտություններ անցկացնեն: Այս տեխնոլոգիան պահանջում է հետագա մշակում, նախքան պատրաստի արտադրանքը, որը կկարողանա պաշտպանել աղմուկից մեծ տարածություններում, դուրս կգա շուկա։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ