5 տարվա համար մինչև 152.5 մլն դրամ. հայտնի են «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթի հաղթողները

22 նոյեմբերի, 2022  17:41

Հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն։

Մրցույթի արդյունքում ընտրվել են 18 թեմաներ, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել հինգ տարվա համար մինչև 152.5 միլիոն ՀՀ դրամ:

Թեմաների ղեկավարներն արտերկրում բնակվող և բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնք պատրաստ են իրականացնել իրենց հետազոտական հավակնոտ գաղափարները՝ ստեղծելով և ղեկավարելով հետազոտական նոր խմբեր Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում:

«Ֆինանսավորման երաշխավորված բոլոր թեմաների ղեկավարներին մաղթում ենք արդյունավետ աշխատանք: Հայտնում ենք նաև, որ այս մրցույթը լինելու է պարբերական. հաջորդ շրջափուլի մասին հայտարարությունը կլինի առաջիկա ամիսների ընթացքում», – ասվում է Գիտության կոմիտեի հաղորդագրությունում։

Հաստատված թեմաները վերաբերում են ֆիզիկայի, աստղագիտության, քիﬕայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների, նանոտեխնոլոգիաների, պատմության, հնագիտության և այլ բնագավառներին։ Թեմաների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ