Աղետի գոտում ամբողջությամբ վերականգնվել է բջջային կապը. Հայկ Եսայան

27 մայիսի, 2024  21:02

Աղետի գոտում, մասնավորապես Ալավերդի քաղաքում, ամբողջությամբ վերականգնվել է բջջային կապը։ Այս մասին տեղեկացնում է TEAM Telecom Armenia-ի համահիմնադիր Հայկ Եսայանը:

«Օպտիկական կապուղիների վնասման արդյունքում երեկ չգործող բոլոր բջջային կայանները այժմ գործում են անխափան։

Քաղաքի զգալի հատվածում գործում են նաև ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի և հեռուստատեսության ծառայությունները, սակայն, քանի որ Team Telecom Armenia–ի կապի ենթակառուցվածքները ստորգետնյա են, դրանք զգալի վնաս են կրել փլուզումների և սողանքների արդյունքում և առավել երկար ժամանակ է պահանջվում դրանց վերականգնման համար։ Կայծակի և էլեկտրական լարման տատանումների հետևանքով վնասվել են նաև բաժանորդային բազմաթիվ սարքեր, որոնց փոխարինումը, մեծ քանակի պատճառով, հնարավոր չէ իրականացնել կարճ ժամանակահատվածում։

Այս օրերին մեր տեխնիկական թիմը շուրջօրյա ռեժիմով աշխատում է աղետի գոտում, անելով հնարավոր առավելագույնը՝ կապի ծառայությունները արագ վերականգնելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ըմբռնումով մոտենալու համար: Վստահեցնում եմ` բոլոր ջանքերը գործադրվում են ֆիքսված կապի ծառայությունները ևս հնարավորինս արագ և ամբողջովին վերականգնելու համար», — գրել է նա LinkedIn հարթակի իր էջում։

Հիշեցնենք, որ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով բազմաթիվ կամուրջներ եւ շենքեր փլուզվել են, ճանապարհները՝ վնասվել: Աղետի գոտում կա երեք զոհ։ Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ