Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում ակտիվացել են հեռախոսային խաբեբաները. ինչպե՞ս են նրանք խաբում մարդկանց

22 նոյեմբերի, 2022  12:20

Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են հեռախոսային խաբեբաները։ Այս երկրների բնակիչներին և Ռուսաստանից եկած վերաբնակիչներին խաբելու համար նրանք կիրառում են մեթոդներ, որոնք արդեն իսկ կատարելագործվել են ռուսների նկատմամբ կատարված խարդախությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է ռուսական Известия պարբերականը՝ հղում անելով Համառուսաստանյան ժողովրդական ճակատի «Հանուն վարկառուների իրավունքների» նախագծին։

«Չարագործների նպատակն է ընդլայնել իրենց գործունեությունը և ավելացնել գողացված գումարի չափը»,- ասել է «Հանուն վարկառուների իրավունքների» նախագծի ղեկավար Եվգենիա Լազարևան։

Նրա խոսքով՝ ռուսական բանկերի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով ավելի դժվարացավ դրանցից գումար հանելը, և այդ ժամանակ խաբեբաներն իրենց ուշադրությունը կենտրոնացրին նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վրա, որտեղ սկսեցին աշխատել անսխալ գործող սխեմաների և սցենարների համաձայն:

Ըստ խարդախության ամենատարածված սցենարներից մեկի՝ չարագործը զանգահարում է զոհին և ներկայանում որպես բանկի անվտանգության մասնագետ: Նա հայտնում է, թե իբր բանկը դիմում է ստացել, որպեսզի փոխվի նրա «ֆինանսական հեռախոսահամարը», այսինքն՝ այն հեռախոսահամարը, որը կցված է նրա հաշվին կամ հաշիվներին։ Եթե ​​տուժողն ասում է, որ ինքը նման դիմում չի ուղարկել, չարագործը զոհին համոզում է «ոստիկանական հատուկ հետաքննության» շրջանակում ինչ–որ գործողություն կատարել, որի շնորհիվ էլ իրագործում է իր խարդախ պլանը։

Մեկ այլ տարածված սցենարի դեպքում տուժողին զանգում և հայտնում են, որ ինչ-որ մեկն իր անունով վարկ է վերցրել, և այն չեղարկելու համար անհրաժեշտ է նույն չափով այլ վարկ վերցնել և գումարը փոխանցել «ապահով հաշվեհամարին», որը, ինչպես և կարելի է ենթադրել, պատկանում է չարագործին։

Բացի դրանից, չարագործները կարող են նաև տարբեր պատրվակներով տուժողներին խնդրել, որպեսզի տրամադրեն իրենց անձնագրի տվյալները, քարտի տվյալները և ծածկագրերը, որոնք ստացվում են բջջային հեռախոսով բազմաթիվ գործարքներ կատարելիս:

Անկախ նրանից, թե ինչ են ձեզ ասում նման հեռախոսազանգերի դեպքում, ոչ մի դեպքում հեռախոսով որևէ անձնական տվյալ (և հատկապես հեռախոսով ստացված գաղտնաբառերն ու ծածկագրերը) մի՛ տրամադրեք նրանց, եթե ​​չեք ցանկանում խաբեության զոհ դառնալ: Եթե ​​որևէ կասկած ունեք, ապա դիմեք ձեր բանկ՝ օգտագործելով պաշտոնական հեռախոսահամարը կամ անձամբ գնացեք բանկ։ 


 
 
 
 
  • Արխիվ