Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են հեռախոսային խաբեբաները։ Այս երկրների բնակիչներին և Ռուսաստանից եկած վերաբնակիչներին խաբելու համար նրանք կիրառում են մեթոդներ, որոնք արդեն իսկ կատարելագործվել են ռուսների նկատմամբ կատարված խարդախությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է ռուսական Известия պարբերականը՝ հղում անելով Համառուսաստանյան ժողովրդական ճակատի «Հանուն վարկառուների իրավունքների» նախագծին։
«Չարագործների նպատակն է ընդլայնել իրենց գործունեությունը և ավելացնել գողացված գումարի չափը»,- ասել է «Հանուն վարկառուների իրավունքների» նախագծի ղեկավար Եվգենիա Լազարևան։
Նրա խոսքով՝ ռուսական բանկերի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով ավելի դժվարացավ դրանցից գումար հանելը, և այդ ժամանակ խաբեբաներն իրենց ուշադրությունը կենտրոնացրին նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վրա, որտեղ սկսեցին աշխատել անսխալ գործող սխեմաների և սցենարների համաձայն:
Ըստ խարդախության ամենատարածված սցենարներից մեկի՝ չարագործը զանգահարում է զոհին և ներկայանում որպես բանկի անվտանգության մասնագետ: Նա հայտնում է, թե իբր բանկը դիմում է ստացել, որպեսզի փոխվի նրա «ֆինանսական հեռախոսահամարը», այսինքն՝ այն հեռախոսահամարը, որը կցված է նրա հաշվին կամ հաշիվներին։ Եթե տուժողն ասում է, որ ինքը նման դիմում չի ուղարկել, չարագործը զոհին համոզում է «ոստիկանական հատուկ հետաքննության» շրջանակում ինչ–որ գործողություն կատարել, որի շնորհիվ էլ իրագործում է իր խարդախ պլանը։
Մեկ այլ տարածված սցենարի դեպքում տուժողին զանգում և հայտնում են, որ ինչ-որ մեկն իր անունով վարկ է վերցրել, և այն չեղարկելու համար անհրաժեշտ է նույն չափով այլ վարկ վերցնել և գումարը փոխանցել «ապահով հաշվեհամարին», որը, ինչպես և կարելի է ենթադրել, պատկանում է չարագործին։
Բացի դրանից, չարագործները կարող են նաև տարբեր պատրվակներով տուժողներին խնդրել, որպեսզի տրամադրեն իրենց անձնագրի տվյալները, քարտի տվյալները և ծածկագրերը, որոնք ստացվում են բջջային հեռախոսով բազմաթիվ գործարքներ կատարելիս:
Անկախ նրանից, թե ինչ են ձեզ ասում նման հեռախոսազանգերի դեպքում, ոչ մի դեպքում հեռախոսով որևէ անձնական տվյալ (և հատկապես հեռախոսով ստացված գաղտնաբառերն ու ծածկագրերը) մի՛ տրամադրեք նրանց, եթե չեք ցանկանում խաբեության զոհ դառնալ: Եթե որևէ կասկած ունեք, ապա դիմեք ձեր բանկ՝ օգտագործելով պաշտոնական հեռախոսահամարը կամ անձամբ գնացեք բանկ։
ամիս
շաբաթ
օր