James Webb-ը հայտնաբերել է հսկա սև խոռոչների ամենահին բախումը․ ինչո՞վ է բացահայտումը կարևոր

17 մայիսի, 2024  22:23

Աստղագետների խումբը James Webb տիեզերական աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել է գերզանգվածային սև խոռոչների երբևէ դիտարկված ամենահին բախումը: The Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում հրապարակված ուսումնասիրությունում աստղագետները նշում են, որ այս վիթխարի օբյեկտների միաձուլումը տեղի է ունեցել Մեծ պայթյունից 740 միլիոն տարի անց: Սա վկայում է այն մասին, որ սև խոռոչները հենց սկզբից կարևոր դեր են խաղացել գալակտիկաների էվոլյուցիայում և բացատրել դրանց արագ աճը հին ժամանակներում։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, ինֆրակարմիր տիրույթում գործող անհավանական զգայուն James Webb աստղադիտակի գործարկումից հետո աստղագետներն սկսել են հայտնաբերել վաղ շրջանի Տիեզերքում այնպիսի երևույթներ, որոնք նախկին գործիքները չէին կարողանում տեսնել: Սա այն ժամանակաշրջանն է, երբ Տիեզերքը դեռ չէր հատել իր գոյության առաջին միլիարդի շեմը ներկայիս մոտ 13,8 միլիարդ տարվա ընթացքում:

Տիեզերքի վաղ շրջանի առեղծվածներից մեկը շատ գերզանգվածային սև խոռոչների հայտնաբերումն էր տիեզերքի զարգացման առաջին մեկ միլիարդ տարում: Առկա տեսությունների համաձայն՝ այդ օբյեկտներն այն ժամանակ դեռ չպետք է հասցրած լինեին հավաքել մի քանի տասնյակ միլիոն արեգակնային զանգվածից մինչև միլիարդավոր արեգակնային զանգված։ Այս գործընթացները պետք է տևեն միլիարդավոր, ոչ թե հարյուր միլիոնավոր տարիներ, ինչպես ցույց են տալիս James Webb-ի տվյալները: Նոր դիտարկումը բացատրում է, թե ինչպես սև խոռոչները կարող էին արագ զանգված հավաքել տիեզերքի վաղ փուլում, նաև նոր լույս է սփռում այդ միաձուլումների վրա, որոնք այն ժամանակ չպետք է այնքան շատ լինեին, որ ազդեին գալակտիկայի և բուն Տիեզերքի հետագա էվոլյուցիայի վրա:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ միաձուլումները կարևոր միջոց են, որով սև խոռոչները կարող են արագ աճել նույնիսկ տիեզերքի վաղ փուլում,- ասել է հետազոտության ղեկավար և Քեմբրիջի համալսարանի գիտնական Հաննա Ուբլերը,- Հեռավոր տիեզերքում ակտիվ զանգվածային սև խոռոչների հետ մեկտեղ Webb-ի այլ հայտնագործությունների վերաբերյալ մեր արդյունքները ցույց են տալիս, որ զանգվածային սև խոռոչները հենց սկզբից ձևավորել են գալակտիկաների էվոլյուցիան»:

Փաստացի հետազոտողները ակտիվության նշաններ են հայտնաբերել հնագույն քվազարից՝ ZS7 գալակտիկայի ակտիվ կենտրոնից, որում ապրում և արագ սնվում է գերզանգվածային սև խոռոչը: James Webb-ի սպեկտրային զգայունությունը բավարար է եղել օբյեկտի ճառագայթման երկու բաղադրիչ տեսնելու համար։ Պարզվել է, որ դրանք երկուսն էլ միաձուլման եզրին գտնվող գերզանգվածային սև խոռոչներ են: Դրա մասին հուշել են սև խոռոչների ակրեցիոն սկավառակի տաքացված գազից ստացվող ինտենսիվ ճառագայթումը, ինչպես նաև իոնացված գազի խտության վերլուծությունը:

Օբյեկտներից մեկի զանգվածը որոշվել է բավարար ճշգրտությամբ՝ այն կազմում է Արեգակի 50 միլիոն չափը։ Երկրորդ սև խոռոչի զանգվածը գնահատվում է մոտ նույնքան, սակայն գիտնականները չեն կարողացել հստակ ասել ճառագայթման ճանապարհին գազի խիտ կուտակման շնորհիվ:

«Մեր ուսումնասիրած համակարգի [ZS7 գալակտիկա] աստղային զանգվածը նման է մեր հարևան Մագելանի մեծ ամպի զանգվածին,- բացատրում են գիտնականները,- Մենք կարող ենք փորձել պատկերացնել, թե ինչպես դա կարող էր ազդել միաձուլվող գալակտիկաների էվոլյուցիայի վրա, եթե յուրաքանչյուր գալակտիկա ունենա մեկ գերզանգվածային սև խոռոչ, այնքան մեծ, որքան մեր Ծիր Կաթինում»: Սրանով աստղագետներն ակնարկում են, որ գալակտիկաների էվոլյուցիայի այսօրվա մոդելները ակնհայտորեն հաշվի չեն առնում նրանց վարքագծի շատ ասպեկտներ իրենց ձևավորվման վաղ փուլում, և դա պետք է ուսումնասիրվի:


 
 
 
 
  • Արխիվ