Արեգակնային հսկա բիծը ևս 2 փոթորիկ է առաջացրել նախքան դիրքը փոխելը․ ե՞րբ այն կրկին կհայտնվի Երկրի ուղղությամբ

16 մայիսի, 2024  22:33

AR3664 արեգակնային բիծը, որը մոտ 15 անգամ մեծ է Երկիր մոլորակից, վերջապես թեքվել է և այլևս Երկիր մոլորակի ուղղությամբ չի գտնվում։ Իսկ մինչ այդ այն առաջացրել է ևս երկու X դասի արեգակնային փոթորիկ:

Մայիսի 15-ին ժամը 04:37-ին գրանցված փոթորիկը գնահատվել է X3.4, իսկ ժամը 10:38-ին գրանցված երկրորդը՝ X2.9: Երկու փոթորիկներն էլ ուղեկցվել են Արեգակի մթնոլորտից միջմոլորակային տարածություն կորոնային զանգվածի հսկայական արտանետումներով։ Քանի որ AR3664 արեգակնային բիծն այդ պահին ուղղված է եղել դեպի Երկիր, արտանետված այս զանգվածը բախվել է մեր մոլորակի մթնոլորտին՝ ուժեղացնելով բևեռափայլերը և որոշ տեղերում առաջացնելով ռադիոկապի անջատումներ:

Քանի որ AR3664 արեգակնային բիծն այժմ չի գտնվում Երկրի ուղղությամբ, դրանից դուրս եկող ցանկացած արտանետում այլևս ուղղակի ազդեցություն չի ունենա մեր մոլորակի վրա, նշում են ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA) Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի (SWPC) փորձագետները:

Ե՞րբ AR3664-ը կրկին կգտնվի Երկրի ուղղությամբ։

Արեգակից պահանջվում է մոտ 25 երկրային օր, որպեսզի այն մեկ ամբողջական պտույտ կատարի իր առանցքի շուրջը, ուստի որոշ ժամանակ անց այն, հավանաբար, նորից կհայտնվի Երկրի ուղղությամբ։ Բացի դրանից՝ Արեգակի պտտման ժամանակ Երկրի ուղղությամբ կարող են հայտնվել արեգակնային այլ բծերի կլաստերներ, որոնք նույնպես կառաջացնեն արեգակնային հզոր փոթորիկներ և կորոնային զանգվածի արտանետումներ: Ճիշտ է, այս բծերը չեն կարող լինել այնքան խոշոր և «չար», որքան AR3664-ը:


 
 
 
 
  • Արխիվ