ՏՏ մասնագիտություններ․ ամպային տեխնոլոգիաների ճարտարագետ

19 նոյեմբերի, 2022  11:00

Ամպային տեխնոլոգիաների ճարտարագետը ՏՏ մասնագետ է, որը ստեղծում և պահպանում է ամպային ենթակառուցվածքներ։ Ամպային տեխնոլոգիաները մեծ տարածում են ստացել վերջին տարիներին և աննկատ կերպով դարձել մարդկանց առօրյայի մաս։

Տեսանյութեր դիտելն ու երաժշտություն լսելը ձեր սիրելի առցանց հարթակներում, կամ էլ․ փոստի օգտագործումը կամ հեռախոսի նկարների պահուստային պատճենումը հնարավոր են դառնում ամպային տեխնոլոգիաների միջոցով։ Ընկերության համար դա ենթադրում է տվյալների պահպանման և պահուստային պատճենման հեշտ տարբերակ։ 

Ամպային հարթակները սպասարկում են տարբեր վեբ ծառայություններ և ընկերություններ, որոնք մշակում են իրենց սեփական թվային արտադրանքները՝ բժշկական կլինիկաներ, համալսարաններ, ինտերնետ պրովայդերներ, շուկաներ, կացարանների ամրագրման ծառայություններ: Այսպիսով՝ ամպային տեխնոլոգիաների ճարտարագետներն աշխատում են այս ամենի անխափան գործարկման ուղղությամբ։

Ամպային ճարտարագիտության պաշտոններն ու նրանց պարտականությունները․

  • Ամպային ճարտարապետներ․ կառավարում են ամպային համակարգերի ենթակառուցվածքները։
  • Ամպային ծրագրավորողներ․ ստեղծում և պահպանում են ամպային տեխնոլոգիաների համար անհրաժեշտ ծրագրերի առանձնահատկություններն ու գործառույթները, տվյալների բազաներն ու հավելվածները։
  • Ամպային անվտանգության ճարտարագետներ․ ձեռնարկում են միջոցառումներ, որոնք երաշխավորում են ամպային ծրագրերի և հարթակների անվտանգությունը։
  • Ամպային ադմինիստրատոր․ կառավարում են ամպային ծառայությունների օգտագործման հետ կապված ծրագրերն ու սարքավորումները։
  • Ամպային ցանցային ճարտարագետներ․ կառավարում են ծառայություն մատուցողների և հաճախորդների միջև կապերն ու ցանցային ենթակառուցվածքները։
  • Ամպային ավտոմատացման ճարտարագետներ․ պարտականությունները նման են ամպային ծրագրավորողներին, սակայն նրանց գործունեությունն ուղղված է ավտոմատացմանը, դասակարգմանն ու ինտեգրմանը։

Ի՞նչ պետք է նվազագույնը իմանան ապագա ամպային տեխնոլոգիաների ճարտարագետները

  • Ենթակառուցվածք․ հասկանալ՝ ինչպես է աշխատում ցանցը, պահոցներն ու այլ համակարգերը։
  • Ծրագրավորման լեզուներ․ առնվազն C++, Java և Python,
  • Linux․ ամպային համակարգերը հիմնականում մշակվում են այս օպերացիոն համակարգի միջոցով։ 
  • Տվյալների բազաների հետ աշխատանք
  • Կոնֆիգուրացիայի կառավարման համակարգեր․ օրինակ՝ Chef կամ Salt,
  • Կոնտեյներներ և օրկեստրացիա․ Kubernetes և Docker,
  • Անվտանգություն․ ամպային ճարտարագետը պատասխանատու է սերվիսի անվտանգության համար, այդ պատճառով նա պետք է խորապես տիրապետի PKI և SSL սերտիֆիկատների առանձնահատկություններին, և այլն։

Մասնագիտության առանձնահատկությունները Հայաստանում

Ամպային ծառայությունները մեծ տարածում են ստացել Հայաստանում՝ մեծացնելով ամպային համակարգերի ճարտարագետների պահանջարկը՝ հատկապես մեծ ընկերություններում։

Այս մասնագիտությունը նաև բարձր վարձատրվողներից է։ Մասնավորապես, Glassdoor հարթակի տվյալներով ամպային համակարգերի ճարտարագետների աշխատավարձը տատանվում է ամսական 2-5 մլն դրամի միջակայքում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ