Դնել նպատակ, հավաքել լավ թիմ, չհիասթափվել ձախողումներից, աշխատել սիրով․ Cognaize-ի տնօրենի խորհուրդները բիզնեսում հաջողելու համար

19 նոյեմբերի, 2022  16:48

Դնել նպատակ, հավաքել լավ թիմ, չհիասթափվել ձախողումներից, աշխատանքը անել միայն սիրով և հետամուտ լինել նպատակի իրագործմանը․ սա է բանաձևը, որով իր ողջ կյանքում առաջնորդվել է հինգ ընկերություն հիմնած Ալ Եսայանը, որն այս պահին InteliAir ընկերության համահիմնադիրն ու խորհրդի անդամն է, Cognaize Holdings Inc.-ի գործադիր տնօրենը և խորհրդի անդամը։ 

«Պետք է հետամուտ լինեք ձեր դրած նպատակների իրագործմանը։ Թույլ մի՛ տվեք, որ մեկնարկային նյութական սահմանափակումները խոչընդոտեն այդ նպատակների իրագործմանը»,- ասում է նա՝ հավելելով, որ ի տարբերություն 20-25 տարի առաջվա՝ այսօրվա աշխարհում գիտելիք ձեռք բերելու անսահմանափակ հնարավորություններ կան։

Ըստ Ալ Եսայանի՝ բիզնեսում հաջողություն ունենալու համար պետք է սովորել անհարմար չզգալ անորոշությունից, որը սովորաբար վախ է առաջացնում։ «Բայց եթե դու կարողանաս այդ վախը փոխակերպել գործողության, ապա դա այլևս վախ չէ»,- նշում է նա։

Ալ Եսայանն ասում է, որ ընկերություն հիմնելու համար կարիք չկա, որ շատ բան իմանա այդ ոլորտի մասին, բայց պետք է անպայման սիրի այն և ոգեշնչվի այն ամենով, ինչ փորձում է ստեղծել:

«Ընկերություն հիմնելու գործընթացը պարտադիր չէ, որ բխի իմ գլխից, այն բխում է իմ սրտից: Յուրաքանչյուր ընկերություն հիմնելիս՝ ցանկացել են անել մի բան, որն արժեք է ստեղծում առաջին հերթին Հայաստանի, իսկ հետո՝ աշխարհի համար»,- նշում է նա:

002.jpg (1.01 MB)

Ըստ Եսայանի՝ պետք չէ վախենալ սխալվելուց, ձախողվելուց, քանզի յուրաքանչյուր սխալ մարդու ինչ-որ բան է սովորեցնում։ «Երբ ինչ-որ բան ձախողվում է, փոխում եմ ձախողման սահմանումը և ասում, որ դա դաս է։ Այնպես որ, չկան ձախողումներ, կան պարզապես դասեր: Յուրաքանչյուր ձախողում քեզ ինչ-որ բան է սովորեցնում։ Եթե ազնիվ ես քո տեսլականի հարցում, թե ինչ ես ստեղծում, ապա յուրաքանչյուր անհաջողության հետ հասկանում ես, որ ավելի ես մոտենում քո նպատակին»,- ասում է նա։

Լավ թիմը կարևոր է

Հաջող ընկերություն ստեղծելու կարևոր պայման է նաև լավ թիմ հավաքելը․ ամեն ինչ կախված է մարդկանցից, ում հետ կոնկրետ գաղափարի շուրջ կառուցում ես ընկերությունը: Եսայանն ասում է, որ իրեն դուր է գալիս հետևել, թե ինչպես են մարդիկ  անցնում իրենց տեսլականի հետևից գնալու բարդ ու դժվարին ճանապարհը։

«Քանի որ շատ մարտահրավերներ են առաջանում այդ ճանապարհին, դա շատ դժվար է, և սովորական մարդիկ պարզապես հրաժարվում են, լքում թիմը՝ ասելով, որ դա չափազանց շատ աշխատանք է, իսկ անորոշությունները՝ չափազանց շատ։ Եվ մարդիկ, որոնք փաստացի մնում են գործընթացում, մնում են ուսուցման շատ դժվար գործընթացում, նրանք շատ յուրահատուկ են»,- ասում է նա։

Միայն լավ թիմ ունենալը, իհարկե, բավարար չէ հաջողելու համար․ հարկավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան լավագույնս կատարել իրենց աշխատանքը: Եվ երբ այդ միջավայրն ստեղծվում է, մարդիկ աշխատանքի են գնում մեծ խանդավառությամբ, աշխատում են քրտնաջան, իսկ աշխատանքը խաղի պես մի բան է դառնում նրանց համար։

«Ես միշտ մարդկանց ասում եմ, որ նորմալ է, որ դուք հաճույք չեք ստանում ձեր աշխատանքից։ Երբեք մի կառչեք աշխատանքից, որն անում եք միայն փողի համար՝ անկախ նրանից, թե որքան գումար եք վաստակում, որովհետև գումարն անիմաստ է դառնում»,- նշում է նա։

AL Yesayan   .jpg (876 KB)

Ըստ նրա՝ կարևոր է նաև, որ թիմի անդամներն անկաշկանդ արտահայտեն իրենց կարծիքը և տեղի ունենա երկխոսություն, ինչը էլ ավելի է հեշտացնում աշխատանքը։ «Երբ թիմում երկխոսություն է տեղի ունենում այս կամ այն հարցի շուրջ, այդ հարցը դառնում է թիմակիցների առաքելությունը, այն դառնում է բոլորի առաքելությունը»,- շեշտում է նա:

Հարցին, թե որն է իր ամենասիրած նախագիծը, Ալ Եսայանն ասում է՝ բոլորը, նույնիսկ նրանք, որոնք ֆինանսական հաջողությունների չեն հասել, քանզի այդ նախագծերով ինքը հասել է որոշ նպատակների, որոնք ավելին են, քան ֆինանսական հաջողությունը։

«Ես սիրում եմ այն ընկերությունը, որտեղ աշխատում եմ: Հակառակ դեպքում պարզապես չեմ աշխատում տվյալ նախագծի վրա։ Այնպես որ, ինձ համար շատ դժվար է ասել, թե որն է իմ ամենասիրած նախագիծը։ Յուրաքանչյուր թիմն առանձնահատուկ է, բոլոր հաճախորդները տարբեր են: Այսպես ասեմ՝ քանի դեռ ես կարողանում եմ «խաղալ արարչագործության խաղը» և կարող եմ «խաղալ» այն մարդկանց հետ, որոնք ինձ դուր են գալիս, որոնց հետ աշխատելը հաճելի է և որոնք վայելում են իմ հարգանքը, ուրեմն դա իմ սիրելի նախագիծն է»,- ասում է Ալ Եսայանը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ