Հնարավոր է, որ Հայաստանից որոշ գիտնականներ մասնակցեն «SATLANTIS»-ի 200 մլն եվրո արժողությամբ նոր նախագծին. Գարիկ Իսրայելյան

18 նոյեմբերի, 2022  17:31

Հայաստանից որոշ գիտնականներ հնարավոր է մասնակցեն իսպանական «SATLANTIS» ընկերության «Արաքիս» նախագծին, որը Եվրոպական տիեզերական գործակալության այս տարվա, թերևս, ամենախոշոր նախագծերից մեկն է և արժե 200 մլն եվրո։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայկական առաջին արբանյակի աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։

«Այն մի այնպիսի ձեռնարկություն պետք է ստեղծի, որը կկարողանա շատ բարձր որակի տեսախցիկներ պատրաստել՝ արբանյակի վրա տեղադրելու համար: Նման ձեռնարկությունները շատ չեն: «SATLANTIS»-ը նման ընկերությունների մեջ լիդերներից մեկն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագիծը դեռ նոր է սկսվում և մեկնարկից մի քանի տարի հետո՝ 2030 թ․ արբանյակը կթռչի տիեզերք։

«Արաքիս» նախագծի նպատակն է գտնել տիեզերքում մութ զանգվածի աղբյուրը և այդ դրա համար այն պետք է հետազոտի հարյուրավոր գալակտիկաներ եւ ստանա շատ խորը պատկերներ։ Գարիկ Իսրայելյանի խոսքով՝ գալակտիկաները, որ գիտնականները տեսնում են օպտիկական դիտակներով, շատ փոքր մասն է, իրականում դրանց կողքը շատ մեծ զանգված կա, որը չենք տեսնում և չենք էլ կարող տեսնել:

«Եթե անգամ 100 մետրանոց դիտակներ սարքենք երկրի վրա, մենք սահմանափակված ենք, որովհետեւ մեր գիշերային երկինքը լուսավորվածություն ունի, սեւ չէ: Դրա համար դիտակները հանում ենք երկրի մթնոլորտից դուրս եւ այնտեղ շատ մեծ ճշտության օպտիկայի միջոցով սկսում ենք հետազոտել գալակտիկաների կողքի զանգվածները: Այս նախագիծը հնարավորություն կունենա պատասխան տալու, թե որտեղից է առաջանում մութ զանգվածը: Տիեզերքի 90 տոկոսը մութ զանգված է, ու մենք չգիտենք՝ դա ինչ է: Դա այսօր աստղաֆիզիկայի ամենամեծ խնդիրն է»,-բացատրեց Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական «Գեոկոսմոս» ընկերությունը համագործակցում է իսպանական «SATLANTIS» ընկերության հետ և հենց այդ համագործակցության շրջանակում այս տարվա մայիսի 25-ին՝ ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ «SpaceX» ընկերության տիեզերանավով տիեզերք է բարձրացել առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ