Թողարկվել է Firefox 107-ը. ի՞նչ է փոխվել թարմացված բրաուզերում
18 նոյեմբերի, 2022 12:05
Firefox 106-ի թողարկումից գրեթե մեկ ամիս անց թողարկվել է բրաուզերի նոր տարբերակը։
Նոր Firefox 107-ում վերացրել են 21 խոցելիություն, որոնցից 10-ը համարվում են վտանգավոր, ընդորում՝ դրանցից յոթն առաջացել են հիշողության հետ կապված խնդիրների պատճառով։
Firefox 107-ում ներառվել են հետևյալ թարմացումները.
- Linux և macOS համակարգերում Intel պրոցեսորներով ինտերֆեյսի պրոֆիլավորման էներգասպառման վերլուծության հնարավորություն,
- COLRv1 ձևաչափով գունավոր վեկտորային տառատեսակների աջակցություն,
- Font-palette CSS հատկություն և @font-palette-values կանոն, որը թույլ է տալիս գունային տառատեսակից ընտրել գունապնակ կամ ստեղծել ձեր սեփականը,
- Font-tech() և font-format() ֆունկցիաներ՝ @supports CSS կանոններում գունային տառատեսակների աջակցությունը ստուգելու համար: Նույն նպատակով @font-face CSS կանոններին ավելացվել է tech() ֆունկցիան։
- RemoteTexture մշակիչ WebGL-ում՝ արդյունավետությունը բարելավելու համար: Օպտիմիզացվել է օբյեկտի մակերեսի դետալիզացիայի աշխատանքը։
- Ծրագրավորողների համար նախատեսված գործիքներում WebExtension տեխնոլոգիայի հիման վրա պարզեցվել է հավելումների վրիպազերծման գործընթացը: webext գործիքում ավելացվել է «--devtools» հնարավորությունը (webext run -- devtools), որպեսզի բրաուզերն ավտոմատ կերպով բացի մշակողի գործիքներով պատուհանը, օրինակ՝ սխալի պատճառը որոշելու համար: Պարզեցվել է թռուցիկ պատուհանների (pop-up) ստուգումն ու հսկողությունը, իսկ վահանակում ավելացվել է Reload կոճակը՝ կոդի մեջ փոփոխություններ կատարելուց հետո WebExtension-ը վերագործարկելու համար։
- Վերացվել է բովանդակության սահուն երևալու հետ կապված խնդիրը։
- Բարձրացվել է կոդի ռենդերինգում տիպերի աշխատանքի անվտանգությունը։
- Բարելավվել է Windows 11 22H2-ում IME (Input Method Editor) և Microsoft Defender ենթահամակարգերում հղումներով նավարկելու արդյունավետությունը։
- Android տարբերակում ավելացվել է «Total Cookie Protection» ռեժիմը: Այժմ յուրաքանչյուր կայքի համար կիրառվում է առանձին մեկուսացված պահեստ, որպեսզի հնարավոր չլինի հետևել կայքից կայք տեղաշարժը։
- Android-ում HTTPS-ով կայքեր բացելիս սխալների քանակը նվազեցնելու համար ավելացրել է միջանկյալ սերտիֆիկատների ակտիվ բեռնման ֆունկցիա։
- Android 7.1-ից հետ թողարկված տարբերակների համար ավելացվել է պատկերների ընտրության վահանակների աջակցություն։
- Android-ում ավելացվել է Qualcomm Adreno 620 GPU-ի աջակցություն:
Հիշեցնենք, որ Firefox 106-ը թողարկվել է հոկտեմբերի 19-ին: Այդ տարբերակի հիմնական փոփոխություններից մեկը Firefox View կոճակի ավելացումն էր՝ նախկինում դիտված բովանդակության հասանելիությունը հեշտացնելու համար:
Firefox 108-ը նախատեսվում է թողարկել դեկտեմբերի 13-ին: