Միկրոերկնաքարերը առնվազն 14 անգամ բախվել են James Webb-ին. որքա՞ն է վնասվել աստղադիտակի հայելին

18 նոյեմբերի, 2022  21:11

Ցանկացած տիեզերանավ և աստղադիտակ վաղ թե ուշ բախվելու է միկրոերկնաքարերի, դրանից խուսափել պարզապես հնարավոր չէ։ Հենց այդ պատճառով էլ նման սարքեր կառուցելիս դա անպայման հաշվի է առնվում: James Webb տիեզերական աստղադիտակը բացառություն չէ:

NASA-ի տվյալներով՝ James Webb աստղադիտակը նախագծվել է այնպես, որ այն կարողանա դիմակայել փոշու հատիկի չափ և ծայրահեղ բարձր արագությամբ թռչող մասնիկների շարունակական «ռմբակոծմանը»։ Աստղադիտակի կառուցման ժամանակ դրա հայելիները Երկրի վրա նույնիսկ ենթարկվել են մի շարք փորձարկումների, որպեսզի գիտնականները հասկանան, թե ինչպես դրանք ամուր դարձնեն L2 ուղեծրում գտնվելու համար:

Այժմ James Webb-ի աշխատանքի ընթացքում միկրոերկնաքարերը ժամանակ առ ժամանակ հարվածում են դրա հայելուն։ Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է NASA-ն, այս բախումների հետևանքով առաջացած օպտիկական սխալները գտնվում են նորմայի սահմաններում և գրեթե ամբողջությամբ համապատասխանում են ակնկալիքներին։ Այդ մասին, համենայնդեպս, վկայում են տվյալները, որոնք ստացվել են աստղադիտակի գլխավոր հայելուն միկրոերկնաքարերից ստացված 14՝ NASA-ին հայտնի հարվածների ուսումնասիրության արդյունքում։

Միակ բացառությունը մայիսի 23-25-ը տեղի ունեցած միջադեպն է եղել, երբ աստղադիտակի հայելուն բախված միկրոերկնաքարերը «աննշան, բայց նկատելի ազդեցություն են ունեցել տվյալների վրա»: Այս բախումները դուրս են եկել մոդելավորման և փորձարկումների շրջանակից և պատճառել են ավելի մեծ վնաս, քան հետազոտողներն ակնկալում էին, սակայն, նույնիսկ այսպիսի խնդրից հետո աստղադիտակի օպտիկական աշխատանքը նախկինի պես երկու անգամ գերազանցում է NASA-ի պահանջները:

Նման լուրջ բախումները, ըստ մասնագետների, հազվադեպ են լինում, և դրանցից կարելի է խուսափել։ Այդ նպատակով NASA-ն նախատեսում է կարգավորել աստղադիտակի հետագիծը և դիտման պլանը, որպեսզի այն հնարավորինս պաշտպանված լինի միկրոերկնաքարերի հարվածներին ենթարկվելու ռիսկից: Թեև դա կարող է հանգեցնել տարվա տարբեր ժամանակաշրջաններում երկնքի որոշ հատվածների դիտարկման որոշակի սահմանափակումների, փոխարենը թանկարժեք աստղադիտակի շահագործումը հնարավորինս անվտանգ կլինի։ Այսպես թե այնպես, աստղադիտակը կդիտարկի երկնքի բոլոր տարածքները և գիտնականներին հետաքրքրող բոլոր օբյեկտները, որոնք նախատեսվել են ուսումնասիրել, սակայն դա կանի արդեն այլ ռեժիմով։

Ճիշտ է, NASA-ն խոստովանում է, որ ժամանակի ընթացքում միկրոերկնաքարերի հարվածների հետևանքով, չնայած ձեռնարկված բոլոր միջոցներին, աստղադիտակի հայելիների աշխատանքի որակը, այդուհանդերձ, կընկնի: Այնուամենայնիվ, James Webb-ն ունի որոշակի «պահեստային ամրություն»՝ նման հարվածներին դիմանալու համար:

Հիշեցնենք, որ James Webb տիեզերական աստղադիտակը տիեզերական մեծ աստղադիտարան է, որն օպտիմիզացված է ինֆրակարմիր երկարալիք տիրույթում աշխատելու համար: Այս աստղադիտակի միջոցով ստացված տվյալները լրացնում և ընդլայնում են Hubble տիեզերական աստղադիտակի հայտնագործությունները:

James Web-ը գործարկվել է 2021 թ. դեկտեմբերի 25-ին։ Նախնական պլանի համաձայն՝ այն պետք է շահագործվի մեկնարկից հետո հինգ տարի, սակայն NASA-ն հուսով է, որ իրականում այն ​​կգործի 10 տարի, գուցև ավելի երկար։ Ցավոք, աստղադիտարանը չի կարող հավերժ աշխատել. չնայած James Web-ը հիմնականում սնվում է արևային էներգիայով, դրա ուղեծիրն ու գործիքները պահպանելու համար անհրաժեշտ են նաև այլ վառելիքներ, որոնց պաշարները անսահմանափակ չեն: Ավելին, միկրոերկնաքարերի հետ բախումները նույնպես վաղ թե ուշ աստղադիտակը շարքից կհանեն, և այն կդառնա օգտագործելու համար ոչ պիտանի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ