Նոյեմբերի 18-ին կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը․ ի՞նչ է այն և որտեղի՞ց այն լավ կերևա

17 նոյեմբերի, 2022  21:20

Այս շաբաթվա ընթացքում տեղի է ունենում տիեզերական թերևս ամենահետաքրքիր իրադարձություններից մեկը՝ Լեոնիդների ասուպային հոսքը։ Ըստ գիտնականների՝ 2022-ը այս երևույթը դիտելու համար բարենպաստ տարի է, քանի որ Լուսինը լինի նվազող կիսալուսնի փուլում է և շատ չի խանգարի այն դիտելուն։ Ասուպային հոսքի առավելագույն փուլը կդիտվի նոյեմբերի 17-18-ի գիշերը։

Ի՞նչ է Լեոնիդների ասուպային հոսքը

 Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:

Լեոնիդների ասուպային հոսքը դիտվում է ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։ Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Լեոնիդների երկնաքարերը տիեզերքում Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) գիսաստղից մնացած բեկորներն են, որոնց միջով անցնում է Երկիրը։ Թեմփել-Թաթլը ներքին Արեգակնային համակարգով անցնում է 33,25 տարի ինտերվալով։ Յուրաքանչյուր անգամ անցնելիս գիսաստղն իր հետևից փոշու հետք է թողնում: Ինչպես տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը, Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինը 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի, իսկ զանգվածը մինչև 85 գրամ:

Ըստ Space.com-ի՝ ասուպային հոսքն այս տարի ավելի լավ կերևա նոյեմբերին 18-ին։ Ակնկալվում է, որ մեկ ժամվա ընթացքում հնարավոր կլինի տեսնել Լեոնիդների 10-ից ավելի երկնաքար։ 

Leonid meteor shower.JPG (29 KB) 

Երբեմն կարող է այնպես ստացվել, որ փոշին սովորականից շատ ծավալով է կենտրոնանում, ինչը կարող է մետեորային փոթորիկ առաջացնել, որի հետևանքով ժամում հազարավոր երկնաքարեր կարող են հայտնվել: Հենց այսպես էլ տեղի է ունեցել 1999, 2001 և 2002 թվականներին: Քանի որ Թեմփլ–Թաթլ գիսաստղը 1998 թ․ է անցել Արեգակի կողքով, հենց այդ տարիներին էլ Լեոնիդների երկնաքարերը ցուցադրել են իրենց լավագույն «շոուն»։

Այդ ժամանակից ի վեր գիսաստղը և նրա փոշու խիտ հետքերը նահանջել են Երկրի ուղեծրից շատ հեռու և վերադարձել Արեգակնային համակարգի արտաքին շրջաններ: Թեմփլ–Թաթլ գիսաստղը իր էլիպսաձև ուղու ամենավերջին՝ Ուրանի ուղեծրին մոտ տարածքին հասել է 2014 թ․: Արդյունքում, վերջին տարիներին Լեոնիդների ակտիվությունը բավականին ցածր է եղել: Այդ ժամանակից գիսաստղը շրջվել է և այժմ դանդաղ մոտենում է Արեգակնային համակարգի ներքին հատվածին: Ակնկալվում է, որ այն Արեգակին ամենամոտը կլինի 2031 թ․:

Ե՞րբ և որտեղի՞ց կերևա աստղային անձրևը

Կանադացի գիտնականների տվյալներով՝ Լեոնիդների ասուպային հոսքի ամենաթեժ պահը այս տարի տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 19։00 EST (Երևանի ժամանակով գիշերը ժամը 04։00)։ Սա այն պահն է, երբ Երկիրն ամենամոտը կանցնի գիսաստղի ուղեծրի մոտով, և երբ մեր մոլորակը, ամենայն հավանականությամբ կհանդիպի գիսաստղի մնացորդային նյութերի հետ: Այս ժամանակահատվածը շատ բարենպաստ է աստղային անձրևը դիտելու համար Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայից և Արևմտյան Ասիայից: Հայաստանից այն նույնպես հնարավոր կլինի տեսնել։ Սակայն Հյուսիսային Ամերիկայի բնակիչների համար աստղային անձրևը տեսանելի չի լինի այդ ժամին, այն տեսնելու համար նրանք ստիպված կլինեն սպասել մինչև կեսգիշերն անց։

Ռուս և ճապոնացի գիտնականներ Միխայիլ Մասլովի և Միկիյա Սատոյի հաշվարկներով աստղային անձրևն իր ամենաթեժ պահին կհասնի նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:00-01:25 EST (Երևանի ժամանակով ժամը 10։00-10։25)։ Այս ժամին աստղային անձրևը դիտելու ամենահարմար պահը կլինի Հյուսիսային Ամերիկայում բնակվողների համար։

Լեոնիդների աստղային անձրև հնարավոր է նաև նոյեմբերի 21-ին` ժամը 15:00 UT (Երևանի ժամանակով 19:00), որը ավելի հարմար կլինի դիտել Հավայան Կղզիներից և Արևելյան Ասիայից։ 

Ե՞րբ է հայտնաբերվել Լեոնիդների ասուպային հոսքը

Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866թ-ին հայտնաբերված Թեմփել-Թաթլ գիսավորից մնացած բեկորների միջով Երկրի անցումով: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդների հոսքը հանդիսանում է ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ: Ասուպների այդպիսի հեղեղ դիտվեց 1999թ-ին և շարունակվեց 2000-2002թթ., իսկ հաջորդը սպասվում է 2032թ-ին: Սակայն ասուպների աճ (ժամում մինչև 100-150) կարող է դիտվել և այլ տարիներին:

Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, և այդ օրը համարվում է ասուպային աստղագիտության ծնունդը: Հետաքրքրական է, որ հետադարձ հաշվարկով աստղագետները գտել են, որ դարեր առաջ (սկսած 6-րդ դարից) նույնպես գրանցվել է Լեոնիդների ասուպային հոսք, սակայն այն ժամանակ լիարժեք չի հասկացվել և չի բացատրվել:

Ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակավայրերից հեռու, քանի որ քաղաքային լուսավորությունը խիստ դժվարեցնում է դիտումը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ