ՀՀ-ում վերջին 7 ամսում լուծարվել է ՏՏ 4 ընկերություն, սնանկացել 4-ը, ևս 17-ի լուծարումն ընթացքի մեջ է, հաշվառումից հանվել է 342 անհատ ձեռնարկատեր

17 նոյեմբերի, 2022  16:19

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ է հայտարարած Հայաստանում 2022 թ․ վերջին յոթ ամիսներին լուծարվել է ՏՏ ոլորտի չորս ընկերություն, լուծարման գործընթացում է 17-ը, ևս չորս ընկերություն սնանկ է ճանաչվել, հաշվառումից հանվել է 342 անհատ ձեռնարկատեր։ Այս մասին NEWS.am Tech-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

ԲՏԱ նախարարությունից նշել են, որ վերջին յոթ ամիսներին փակված/հաշվառումից հանված տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 585։ Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ միայն 2022 թ․ ապրիլ ամսին թվով 1006 ընկերությունների աշխատակիցների թիվը ավելացել է 7887-ով։ Հարցին՝ Հայաստանում ՏՏ ոլորտի քանի՞ ընկերություն է գործում, նախարարությունից պատասխանել են, որ 2022 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ՏՏ ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալել եւ ՀՀ ԲՏԱ նախարարությանը հաշվետվություն են ներկայացրել թվով 2794 տնտեսվարող սուբյեկտներ.

«Միաժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների հավաստագրման գործընթաց՝ սկսած 2015 թվականից։ 2022 թվականին գրանցվել է հավաստագրված ընկերությունների աննախադեպ աճ։ Մասնավորապես 2022 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ նոր հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների թիվն ավելացել է 1230-ով (որոնցից 1105-ի հիմնադիրներն այլ երկրների քաղաքացիներ են)։ Այսպիսով, ՀՀ-ում ստեղծվել են գրավիչ պայմաններ նաեւ օտարերկրացիների համար»,- նշել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

response .JPG (76 KB)

Ե՞րբ և ինչո՞ւ խնդիրներ առաջացան ՏՏ ոլորտում

Հայաստանյան ՏՏ ընկերությունների խնդիրներն սկսել են ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, երբ դոլարն ու եվրոն սկսեցին կտրուկ արժեզրկվել։ Սա մեծ հարված հասցրեց հայաստանյան ՏՏ ընկերություններին, քանի որ դրանց ճնշող մեծամասնությունն արտահանում է իր արտադրանքը և վարձատրվում արտարժույթով։

Ծագած դժվարությունները տարբեր ընկերություններ փորձել են լուծել տարբեր կերպ․ մի մասն սկսել է կրճատել աշխատակիցներին, մի մասն անցել է ֆրիլանսի, որոշ ընկերություններ նվազեցրել են կրթությանն առնչվող ծրագրերը կամ առհասարակ դադարեցրել են դրանք։ Իսկ վատագույն սցենարից, այդուհանդերձ, հնարավոր չի եղել խուսափել և որոշ ընկերություններ փաստացի փակվել են:

Ի՞նչ է անում պետությունը

ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը: Սակայն, ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության անդամ, Earlyone և LimeTech ընկերությունների տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, նույնիսկ նախագծի այս տարբերակն է անտեսվում, արդեն երկու ամիս է՝ կառավարությունից պատասխան չկա։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, փորձագետները առաջարկում են եկամտահարկի վերադարձը կիրառել ավելի երկար ժամկետով, թեև հարկերի վերադարձի նախագիծը, եթե նույնիսկ վերջնականապես իրականացվի, գլոբալ առումով չի լուծի խնդիրը, քանի որ խոսքը 25% կորստի մասին է, իսկ եկամտահարկի վերադարձը, որը նախատեսված է 4-5 ամսով, կթեթևացնի կորուստների միայն 10-15%-ը։

«Կարող են լինել երկարաժամկետ ծրագրեր, օրինակ՝ հարկային արտոնությունների տեսքով։ Օրինակ՝ Ռուսաստանում հարկերն իջեցվել են, որպեսզի թույլ չտան, որ ՏՏ ընկերությունները հեռանան երկրից։ Հայաստանից նույնպես շատ ընկերություններ կարող են հեռանալ՝ նախ անբարենպաստ պայմանների պատճառով, երկրորդ՝ կրճատումների պատճառով, որոնք կհանգեցնեն նրան, որ մարդիկ կսկսեն աշխատել արտասահմանյան ընկերություններում և հեռանալ հարկային դաշտից»,- ասում է նա։ 

Փոխվարչապետի անդրադարձը խնդրին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 16-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ անձամբ դեմ է օրենսդրական և ֆիսկալ փոփոխություններին, որոնք պետք է մեղմեն արտարժույթի արժեզրկման հետևանքով ֆինանսական դժվարությունների առաջ հայտնված ՏՏ ոլորտի ընկերություններին։ Փոխվարչապետը նշեց, որ այս պահին e-draft-ում դրված է կառավարության կողմից մշակված միջոցառումների նախագիծը, իսկ եթե դրված էլ չէ, մոտ օրերս կդրվի: Նրա խոսքով՝ այն վերաբերում է դրամով արտահայտված վաստակի անկման հատուցման միջոցառմանը, որը, փոխվարչապետի կարծիքով ժամանակավոր պետք է լինի ամեն դեպքում: Մհեր Գրիգորյանը, այդուհանդերձ, համարում է, որ խնդիրը պետք է լուծում ստանա, և ՏՏ ընկերությունների առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները պետք է ժամանակավոր բնույթ կրեն։

«Ինչ խոսք ցանկացած վաստակ կամ հասույթ, որն ստացվում է արտարժույթով այս իրավիճակում նեգատիվ ազդեցություն է թողնում թե՛ վաստակի վրա,  և թե՛ հասույթի վրա, նույնիսկ վաճառքներից ստացած հասույթի։ Եվ այս խնդիրը իրոք պետք է լուծում ստանա ․․․  Բայց ես անձամբ ․․․ ես չգիտեմ ինչով կավարտվի վերջնական քննարկումը, բայց օրենսդրական փոփոխություններին, որոնք պետք է այդ ադապտացիոն ֆունկցիան կատարեն, ես անձամբ դեմ եմ։ Եվ ֆիսկալին էլ եմ դեմ։ Չի՛ կարելի նման դեպքերում հարկային փոփոխություններ անել,և չի՛ կարելի օրենսդրական ֆունդամենտալ փոփոխություններ անել։ Միջոցառումով, ես կարծում եմ, կօժանդակենք և կկոմպենսացնենք տվյալ կորուստը, բայց՝ ճիշտ թիրախով»,- ասաց նա։

Ի՞նչպես փրկել ՏՏ ոլորտը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի կարծիքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը փրկելու համար նախ պետությունը պետք է շատ արագ արձագանքի, արագությունն այստեղ շատ կարևոր է, քանի որ այս ամիսներին շատ ընկերություններ անդառնալի կորուստներ են կրել, այդ թվում կորցրել են հաճախորդներ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել են:

Սակայն կարճաժամկետ լուծումներից բացի, ոլորտում, ըստ նրա, անհրաժեշտ են նաեւ երկարաժամկետ լուծումներ, որոնք առաջիկա տարիների համար գոնե որոշակի կայունություն կապահովեն տեղական կազմակերպությունների համար: Դրանցից ամենաընդունելին, ըստ նրա, հեջավորման գործիքն է, որը հնարավորություն է տալիս բանկերի հետ միասին փոխարժեք ֆիքսել որոշակի ժամանակահատվածի՝ կես տարվա կամ մեկ տարվա համար:

«Դա հնարավորություն կտա, որ գոնե նոր պայմանագրերն իրականացվեն փոխարժեքը ֆիքսելով՝ խուսափելու համար արտարժույթի փոխարժեքի տատանումներից: Կան նաեւ այլ գործիքներ, որոնք ամբողջ աշխարհը կիրառում է. դա հատուկ տնտեսական գոտիներն են, հատուկ ֆիսկալ քաղաքականությունն է ռազմավարական ոլորտների նկատմամբ»,- ասում է նա՝ հավելելով, որ պետության վերաբերմունքն այստեղ շատ կարևոր է։

ՏՏ ընկերությունները՝ խոշոր հարկատուների ցանկում

2022թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է ՏՏ ոլորտի 67 ընկերություն: Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված էր ՏՏ ոլորտի ընդամենը 39 ընկերություն:

Այս ցանկում ընդգրկված 67 ՏՏ ընկերությունները 2022թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել են շուրջ 36.3 մլրդ դրամի հարկեր (ավելի քան 90 մլն դոլար) կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 2.6%-ը։ Առաջին կիսամյակում ՏՏ ընկերությունները վճարել են 25.2 մլրդ դրամի հարկեր, իսկ ահա 2021-ի ողջ տարվա համար 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները վճարել են ընդամենը 38.7 մլրդ դրամի հարկեր:

  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ