Amazon-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել 10,000 մարդու. ի՞նչ խնդիրներն են ծագել ընկերությունում

16 նոյեմբերի, 2022  10:54

Հաջորդ շաբաթվանից Amazon-ը նախատեսում է ընկերության պատմության մեջ ամենախոշոր կրճատումներն իրականացնել․ ընկերությունը մոտ 10,000 աշխատակցի կկրճատի, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ընկերության անանուն աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ կկրճատվի ընկերության լրիվ դրույքով աշխատողների մոտ 3%-ը և ընկերության գլոբալ աշխատուժի 1%-ից պակաս մասը: Կրճատումների մեծ մասը նախատեսված է սարքերի մշակման բաժնում (ներառյալ Alexa ձայնային օգնականի մշակումներով զբաղվող բաժինը), ինչպես նաև HR ծառայությունում։

Նշենք, որ Amazon-ն տեխնոլոգիական առաջին խոշոր ընկերությունը չէ, որը կանգնած է զանգվածային կրճատումների անհրաժեշտության առաջ: Վերջերս կրճատումներ են եղել նաև Meta-ում, Twitter-ում և որոշ այլ խոշոր ընկերություններում:

Ինչո՞ւ է Amazon-ը ստիպված կրճատել աշխատակիցներին

Կորոնավիրուսային համաճարակի ժամանակ Amazon-ի գործերն էլ ավելի լավացան, քանի որ ինքնամեկուսացման մեջ գտնվելու ժամանակ մարդիկ սկսեցին ավելի շատ առցանց գնումներ կատարել, իսկ ընկերությունն սկսեց ավելի շատ հետաքրքրվել ամպային հաշվողական ծառայություններով: Արդյունքում՝ համաճարակի պայմաններում ընդամենը երկու տարվա ընթացքում Amazon-ի աշխատակիցների թիվը կրկնապատկվեց։

Այնուամենայնիվ, շուկայում այժմ իրավիճակը փոխվել է, և արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունը կորցրել է 1 տրիլիոն դոլար կապիտալիզացիա և այժմ ստիպված է նվազեցնել ծախսերը՝ կրճատելով անձնակազմն ու հրաժարվելով ոչ այնքան հաջող նախագծերից։

Այսպես, ընկերությունն արդեն հրաժարվել է Amazon Care նախագծից, որը բժշկական առաջին օգնության ծառայություն էր, ինչպես նաև Scout նախագծից, որը սննդի առաքման ավտոմատացված ծառայություն էր։ Ըստ Bloomberg-ի՝ այս նախագծի վրա աշխատել է 400 մարդ։

Հետաքրքիր է, որ կրճատումները, ինչպես նշվեց վերևում, կվերաբերեն նաև Alexa ձայնային օգնականի վրա աշխատող թիմին: Ոչ հեռու անցյալում այս նախագիծը եղել է ընկերության գլխավոր առաջնահերթություններից մեկը․ 2017-2018 թվականներին Amazon-ը կրկնապատկել է Alexa-ի և Echo-ի թիմերի աշխատակիցների թիվը։ Այդ տարիներին նախագծի վրա աշխատում էր  առնվազն 10,000 ինժեներ։ Այնուամենայնիվ, ավելի ուշ պարզվեց, որ չնայած ընկերությունը Alexa-ով աշխատող հարյուր միլիոնավոր սարքեր է վաճառել, այդ ապրանքների մարժան բավականին ցածր է, և դրանք չեն ապահովում ակնկալվող եկամուտները: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ