Twitter-ը նոյեմբերի 29-ին կվերագործարկի կապույտ ստուգանիշը․ ինչո՞ւ Մասկը չի հետևել աշխատակիցների խորհուրդներին

16 նոյեմբերի, 2022  16:57

Twitter-ի Blue վճարովի բաժանորդագրության գաղափարը, որը ամսական 8 դոլարով հնարավորություն է տալիս ստանալ կապույտ ստուգանիշը, կարծես, լավագույն գաղափարը չէր, ինչը պարզ դարձավ դրա մեկնարկից մի քանի ժամ անց․ սոցցանցում հայտնվեցին հսկայական թվով կեղծ օգտահաշիվներ, որոնք ներկայանում էին տարբեր բրենդների ներքո, օրինակ՝ Eli Lilly, Lockheed Martin և այլն։ Սա անկասկած վնասեց հասցրեց այս ապրանքանիշերի իրական սեփականատերերի համբավին։ Արդյունքում Twitter-ն ստիպված եղավ նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնել։

Այժմ Twitter-ի ղեկավար Իլոն Մասկը տեղեկացրել է, որ նոյեմբերի 29-ին կապույտ ստուգանիշը կվերագործարկվի։

«Blue Verified-ի վերագործարկումը նախատեսված է նոյեմբերի 29-ին, որպեսզի համոզվեմ, որ այն երկաթբետոնե հուսալիություն ունի»,- Twitter-ում գրել է Մասկը:

Այժմ, նրա խոսքով՝ օգտատերը կկորցնի կապույտ ստուգանիշը, եթե փոխի իր օգտահաշվի անունը։ Բացի դրանից, կապույտ ստուգանիշը վերականգնելու համար օգտատերը ստիպված կլինի նորից անցնել ստուգման ամբողջական գործընթացը՝ Twitter-ի պահանջներին համապատասխան։

Բայց չէ որ նրան զգուշացրել էին

Ութ դոլար արժողությամբ բաժանորդագրության գործարկումից հետո ծագած խնդիրները գուցե զարմացրել են անձամբ Մասկին, սակայն նրա աշխատակիցների համար դրանք միանգամայն սպասելի էին։ Ինչպես պարզվում է, նույնիսկ Twitter Blue-ի գործարկումից առաջ վստահության և անվտանգության հարցերով թիմը նոր գործադիր տնօրենի համար պատրաստած է եղել առաջարկությունների յոթ էջանոց ցուցակ, որոնք պետք է նրան օգնեին խուսափել առավել ակնհայտ սխալներից և խնդիրներից: Բայց Մասկը, դատելով ամենից, չի լսել հետևել առաջարկություններին:

Վերոնշյալ փաստաթղթում, ինչպես պարզվում է, ընկերությունում այժմ առաջացած բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ կանխատեսված էին։

«Խաբեբաները/չարագործները կարող են պատրաստ լինել վճարել իրենց նպատակներին հասնելու ավելի շատ հնարավորություններ ստանալու համար, հատկապես, եթե դրանից օգուտները գերազանցում են բաժանորդագրության արժեքը»,- ասվում է Platformer-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի առաջին առաջարկության մեջ։

Փաստաթղթի հեղինակները նաև զգուշացրել են, որ կան նաև ռիսկեր, որ չարագործները կարող են ներկայանալ որպես «համաշխարհային առաջնորդներ, գովազդատուներ, բրենդային գործընկերներ, ընտրական մարմինների պաշտոնյաներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ», և «հնացած օգտահաշիվներից ստուգանիշների հեռացումը կարող է սոցցանցում գրանցված բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում շփոթության և վստահության կորստի հանգեցնել»: Ավելին, եթե բարձրաստիճան պաշտոնյաներին զրկեն կապույտ ստուգանիշից և հարակից արտոնություններից, և եթե նրանք չվճարեն բաժանորդագրության համար (իսկ հավանականությունը մեծ է, որ նրանք չեն վճարի), և այդ ֆոնին սոցցանցում հայտնվեն նրանց անուններով կեղծ օգտահաշիվներ, ապա այդ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ընդմիշտ հեռացվել Twitter-ից:

Փաստաթղթում շարադրված մի քանի գաղափար, այնուամենայնիվ, իրականացվել է։ Օրինակ՝ որոշ պրոֆիլների համար «պաշտոնական» մոխրագույն ստուգանիշի ներդրման գաղափարը: Այնուամենայնիվ, փաստաթղթում եղել են առաջարկություններ, թե ինչպես կարելի է արտադրանքն ավելի անվտանգ և հեշտ օգտագործելի դարձնել, և այդ առաջարկությունների մեծ մասը հավանության չի արժանացել։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ