Ազատ խոսքի 80-րդ մակարդակ․ Իլոն Մասկը աշխատանքից հեռացնում է Twitter-ի աշխատակիցներին, որոնք իրեն հրապարակայնորեն քննադատում են

15 նոյեմբերի, 2022  12:08

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկն իրեն համարում է «բացարձակ ազատ խոսքի» կողմնակից։ Սա, իհարկե, տեսական մակարդակում, իսկ գործնականում Մասկն սկսել է աշխատանքից հեռացնել Twitter-ի այն աշխատակիցներին, որոնք հրապարակավ քննադատում են իրեն իր իսկ սոցցանցում, որը նա վերջերս է ձեռք բերել։ Այդ աշխատակիցներին չի փրկում նույնիսկ այն փաստը, որ իրենք ընկերության կարևորագույն ինժեներներն են։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ներկայումս հայտնի է երկու նման կրճատումների մասին, որոնցից մեկի մասին հայտնել է անձամբ Մասկը՝ Twitter-ում։

«Քննադատության» համար աշխատանքից ազատված մասնագետներից մեկը եղել է Էրիկ Ֆրոնհոֆերը (Eric Frohnhoefer), որը ութ տարի աշխատել է Twitter-ի՝ Android օպերացիոն համակարգով աշխատող հավելվածի վրա։ Կիրակի նա վերահրապարակել է Մասկի թվիթերյան գրառումներից մեկը՝ մեկնաբանելով, որ Մասկը «սխալ» պատկերացում ունի Twitter-ի հավելվածի տեխնիկական մասի վերաբերյալ։ Մասկը խնդրել է պարզաբանել, թե նա ինչ նկատի ունի, բայց նաև հարցրել է. «Twitter-ը շատ դանդաղ է Android-ում: Ի՞նչ ես արել այն շտկելու համար»:

Հաջորդ մի քանի գրառումներում ինժեները փորձել է բացատրել իր մտքերը։ Այդ ընթացքում մեկ այլ օգտատեր նրան հարցրել է, թե ինչու նա իր նոր ղեկավարի հետ ունեցածը հարցերը չի քննարկում մասնավոր կարգով և փոխարենը այս ամենը գրում է սոցցանցում։ Ինժեները պատասխանել է. «Գուցե նա՞ պետք է հարցերը տար մասնավոր կարգով։ Միգուցե օգտագործեր Slack (ըկերության ներքին նամակագրության համար կիրառվող մեսենջեր – խմբ․) կամ էլփոստ»։ Երկուշաբթի առավոտյան Մասկը թվիթերյան նոր գրառմամբ հայտարարեց, որ Ֆրոնհոֆերը հեռացվել է աշխատանքից։

Աշխատանքից ազատվել է նաև ինժեներ Բեն Լեյբը (Ben Leib), որը Twitter-ում աշխատել է ավելի քան տասը տարի: Նա վերահրապարակել տեխնիկական մասի վերաբերյալ Մասկի նույն գրառումը, որը վերահրապարակել էր նրա գործընկեր Ֆրոնհոֆերը և մեկնաբանել. «Որպես Twitter-ի ժամանակացույցների ենթակառուցվածքների տեխնիկական հարցերով նախկին ղեկավար, կարող եմ վստահորեն ասել, որ այս մարդը գաղափար չունի, թե ինչի մասին է խոսում»: Բեն Լեյբը կիրակի հեռացվել է աշխատանքից և դա հաստատել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

Twitter-ը ձեռք բերելուց հետո Մասկը աշխատանքից հեռացրել է ընկերության աշխատակիցների կեսին, ինչպես նաև շատերին հենց ղեկավար կազմից։ Վերջերս աշխատանքից ազատված մասնագետներից մեկի խոսքով՝ ընկերությունն այժմ նման է խորտակվող «Տիտանիկին»՝ «բոլորը փրկարար նավակներ են փնտրում»։

Այս կարծիքն ավելի օբյեկտիվ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ընկերության գործերն իսկապես այնքան էլ լավ չեն, և նույնիսկ ինքը՝ Մասկը, չի բացառում, որ ընկերությունը կարող է սնանկանալ։

Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, և անկախ նրանից, որ Twitter-ը դարձել է մասնավոր ընկերություն, Մասկը խոստացել է, որ աշխատակիցների «բացառիկ արժանիքները» կարժանան խրախուսանքի՝ ընկերության բաժնետոմսերի «բացառիկ քանակի» տեսքով։

Ինչպես հայտնում է CNBC-ն, աշխատակիցների խրախուսման նույն մոդելը գործում է SpaceX օդատիեզերական ընկերությունում, որը նույնպես ղեկավարում է Իլոն Մասկը։ Այնտեղ աշխատողները տարեկան երկու անգամ՝ մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, պարգևատրումներ են ստանում բաժնետոմսերի տեսքով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ