«Հիմարության իմ չափիչն արդեն պայթում էր»․ Մասկը կարծիք է հայտնել FTX-ի փլուզման շուրջ, անպարկեշտ մեմ տեղադրել դրա հիմնադրի մասին

14 նոյեմբերի, 2022  16:15

Ամերիկացի հայտնի ձեռներեց Իլոն Մասկը առիթը բաց չի թողել և մեկնաբանել է FTX կրիպտոբորսայի սնանկության թեման։ Twitter Space աուդիոսենյակում, որը 60,000 ունկնդիր ունի, նա ասել է, թե ինչ կարծիք ունի այս բորսայի և դրա հիմնադրի մասին։ Եվ այդ կարծիքն ամենևին էլ դրական չէ։

Ավելին, կրիպտոձեռնարկատեր Սեմ Ալթմանի թվիթերյան գրառմանը Մասկը պատասխանել է FTX-ի նախկին գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդի մասին անպարկեշտ մեմով։

Մասկը պատմել է, որ նախկինում երբեք չէր լսել FTX-ի հիմնադրի մասին, սակայն մի անգամ նրան ասել են, որ այս երիտասարդը շատ փող ունի և ցանկանում է դրանք ներդնել Twitter-ի հետ գործարքում: Մասկի խոսքով՝ ինքը կապվել է Սեմ Բենքմեն-Ֆրիդի հետ, և նրանք զրուցել են «մոտ կես ժամ»: Եվ այս զրույցից Մասկի տպավորությունները նրա մասին շատ բացասական էին։

«Հիմարության իմ չափիչն արդեն պայթում էր: Ինձ թվաց, որ այս տղան հիմարություն է: Ահա այսպիսի տպավորություն ունեի»,- ասել է Մասկը։

Նրա խոսքով՝ ինքը դեռ այն ժամանակ է հասկացել, որ Բենքմեն-Ֆրիդի մոտ ոչինչ չի ստացվի։

«Բոլորը, նույնիսկ ներդրումային խոշոր բանկերը, նրա մասին խոսում էին այնպես, ասես նա քայլում է ջրի վրայով և միլիոնավոր դոլարներ ունի: Բայց ես այլ տպավորություն ունեի ... Այս տղան, նրա հետ ինչ-որ բան այն չէ, նա կապիտալ չունի և գլուխ չի հանի: Դա իմ կանխատեսումն էր»,- ասել է Մասկը:

Ընդորում, Մասկը վստահ է, որ կրիպտոարժույթները, ի տարբերություն FTX-ի, դեռ ունեն պոտենցիալ ապագա: Այնուամենայնիվ, նա խորհուրդ է տալիս կրիպտոարժույթները պահել «սառը» դրամապանակներում, այլ ոչ թե բորսաներում։ Արժույթի պահպանման այս մոտեցումը, Մասկի կարծիքով, «ավելի իմաստուն» կլինի:

Նշենք, որ FTX-ի փլուզման պայմաններում Սեմ Բենքմեն-Ֆրիդը կորցրեց իր գրեթե ողջ կարողությունը: Դեռևս մարտին նրա կարողությունը գնահատվում էր մոտ 24 միլիարդ դոլար: Նոյեմբերի 7-ին նա արդեն 16 միլիարդ դոլարի կարողություն ուներ, բայց ընդամենը մի քանի օր անց կորցրեց այդ գումարի մեծ մասը և դուրս մնաց Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակից։

Այսօր այդ ցուցակը գլխավորում է Իլոն Մասկը, ում կարողությունը գնահատվում է 189 միլիարդ դոլար։ Բայց նա ևս չի կարող պարծենալ, որ բիզնեսի զարգացման տեսանկյունից միշտ լավ որոշումներ է կայացնում։ Օրինակ՝ Twitter-ի ձեռքբերումը բացասաբար ազդեց Tesla-ի բիզնեսի վրա. սոցիալական ցանցի ձեռքբերման մասին առաջին լուրերի հայտնվելուց ի վեր Tesla-ի բաժնետոմսերի գինն սկսեց ընկնել և շուտով հասավ երկու տարվա նվազագույն մակարդակին, իսկ Մասկը դրա հետևանքով 70 մլրդ դոլար կորցրեց: Նույն Bloomberg-ի տվյալներով՝ տարեսկզբից Մասկի կարողությունը նվազել է 81,7 մլրդ դոլարով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ