Կրիպտոշուկայի փլուզումը մո՞տ է․ FTX-ից $600 մլն են գողացել, Alameda-ն FTX-ի հաճախորդների միջոցներն օգտագործել է ռիսկային գործարքներում

14 նոյեմբերի, 2022  12:01


Բոլորովին վերջերս շատ փորձագետներ ակնկալում էին, որ կրիպտոարժույթները կարող են ներառվել խոշոր ներդրողների պորտֆելներում։ Սակայն նրանք այդպես էին կարծում մինչև FTX կրիպտոբորսայի սնանկացումը և դրա շուրջ տեղի ունեցած նոր սկանդալները: Այժմ խոշոր ներդրողները հիասթափված են կրիպտոարժույթներից, իսկ դրանց ապագան արդեն մեծ կասկածի տակ է:

Սնանկությունից հետո FTX-ի հետ կապված խնդիրները միայն սրել են իրավիճակը։ Վերջերս այս կրիպտոբորսան հաքերային հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով բորսայից ավելի քան 600 մլն դոլար են գողացել։ Ավելին, պարզվել է, որ FTX-ի սեփականատեր Սեմ Բենքմեն-Ֆրիդին պատկանող Alameda ընկերությունը FTX հաճախորդների միջոցներն օգտագործել է ռիսկային գործարքների համար։

FTX-ը կոտրել են. գողացել են ավելի քան 600 մլն դոլար

Վերջերս անհայտ հաքերները կոտրել են FTX կրիպտոբորսայի, հավելվածները և կայքը վարակել վիրուսային ծրագրերով: Արդյունքում ավելի քան 600 մլն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ է անհետացել սնանկացած կրիպտոբորսայի դրամապանակներից։

Ըստ Coindesk.com-ի տեղեկությունների՝ FTX-ի շատ օգտատերեր հայտնել են, որ FTX.com-ում և FTX US-ում իրենց դրամապանակներում մնացել է 0 դոլար: Տարբեր Ethereum թոքեններ, ինչպես նաև Solana և Binance Smart Chain թոքեններ դուրս են բերվել FTX-ի պաշտոնական դրամապանակներից և տեղափոխվել են ապակենտրոնացված բորսաներ, ինչպիսին է 1inch-ը։

Հաքերային հարձակման է ենթարկվել ինչպես կրիպտոբորսայի FTX.com միջազգային, այնպես էլ FTX US ամերիկյան տարբերակը: Ավելին, կրիպտոարժույթների համայնքի ներկայացուցիչները ենթադրում են, որ հարձակումը կազմակերպել կամ համակարգել է անձամբ Սեմ Բենքմեն-Ֆրիդի մերձավոր շրջապատից ինչ-որ մեկը. հարձակվողների բարդ և համակարգված գործողությունները կարող են վկայել այն մասին, որ հարձակումն արվել է FTX-ի աշխատակիցների ներգրավմամբ։

Alameda-ն օգտագործել է FTX-ի հաճախորդների միջոցները

Alameda Research-ը, որը պատկանում է նույն Սեմ Բենքմեն-Ֆրիդին, օգտագործել է FTX-ի հաճախորդների միջոցները: Ինչպես տեղեկացնում է cnbc.com-ը, դա արվել է առանց ներդրողների, աուդիտորների, աշխատակիցների իմացության։ Ավելին՝ առանց հենց այն հաճախորդների իմացության, որոնց պատկանել են այդ միջոցները։

FTX հաճախորդի ակտիվները կազմում էին 16 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ կրիպտոբորսան օգտագործել է հաճախորդների միջոցների կեսից ավելին, որպեսզի ֆինանսավորի Alameda-ի ռիսկային գործարքները։

Շատ փորձագետներ վստահ են, որ Alameda-ի փրկության ծրագիրը զգալիորեն արագացրել է FTX-ի սնանկացումը, եթե չասենք որ դրա գլխավոր պատճառներից մեկն է եղել: Դեռ նոյեմբերի 9-ին Coin Metrics R&D ղեկավար Լուկաս Նուցցին Twitter-ում մի քանի գրառում էր արել, որոնցում նշում էր, որ այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում՝ կրիպտոձմռան կեսին, FTX բորսան միլիոնավոր FTT թոքեններ է գրավադրել Alameda Research ընկերությունը փրկելու համար: Եվ հենց այս պատճառով է, որ FTX կրիպտոբորսան փլուզման եզրին հայտնվեց։

Ճիշտ է, այն ժամանակ կորիպտոբորսային միայն կասկածում էին հաճախորդների միջոցների ոչնպատակային օգտագործման մեջ: Սակայն Wall Street Journal-ն այժմ պնդում է, որ դա փաստ է։

Ավելին, բացի FTX-ից, Alameda-ն դեռ առնվազն 1,5 միլիարդ դոլար պարտք է այլ պարտատերերի։ Ընդ որում, վարկերի մեծ մասն ապահովագրված է FTT-ների գրավադրմամբ, որի փոխարժեքը վերջին օրերին փլուզվել է։

Binance-ը դադարեցրել է FTT դեպոզիտների ընդունումը

Տեղի ունեցողի ֆոնին Binance կրիպտոարժույթի բորսան դադարեցրել է իր հարթակում FTT թոքենների դեպոզիտների ընդունումը: Ավելին, Binance-ի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն մրցակից բորսաներին հորդորել է հետևել իրենց օրինակին:

«Binance-ը դադարեցրել է FTT դեպոզիտների հետ աշխատանքը, որպեսզի կանխի կասկածելի լրացուցիչ միջոցների ստացումը, որոնք ազդում են շուկայի վրա: Մենք կհետևենք իրավիճակին»,- Twitter-ում գրել է Binance-ի ղեկավարը:

Խոշոր ներդրողները հիասթափված են կրիպտոարժույթներից

Այս բոլոր խնդիրները հանգեցրել են նրան, որ խոշոր ներդրողները հիասթափվել են կրիպտոարժույթներից: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, թեև այս արժույթների շատ հետևորդներ դեռ կան, սակայն կապիտալի կառավարման պրոֆեսիոնալ շատ ղեկավարներ պնդում են, որ կորուստները չափազանց մեծ են, իսկ կրիպտոարժույթների շուկայի կառուցվածքը չափազանց՝ ռիսկային, և հետո դժվար թե դրանք դիտարկվեն որպես պորտֆելի կամ թվային ոսկու դիվերսիֆիկացման միջոց:

«Հասկանալի դարձավ, որ կրիպտոարժույթները տեղ չեն ունենա ինստիտուցիոնալ ակտիվների բաշխման մեջ,- ասում է Լոնդոնում տեղակայված Pinebridge Investments ընկերության բազմաթիվ ակտիվներ ղեկավարող Հանի Ռեդհան,- Կար ժամանակ, երբ կրիպտոարժույթները դիտվում էին որպես պոտենցիալ ակտիվների դաս, որը յուրաքանչյուր ներդրող պետք է ունենա իր ռազմավարական ակտիվների բաշխման մեջ, և այդ օրերն արդեն անցյալում են»:

Հետաքրքիր է, որ կրիպտոշուկայում սա առաջին սկանդալը չէ. նախկինում փլուզվել է TerraUSD բորսան, սնանկացել է Celsius բորսան, եղել են նաև շատ այլ խնդիրներ, բայց դրանցից ոչ մեկն այնպիսի կործանարար ազդեցություն չի ունեցել շուկայի վրա, որքան լուրն այն մասին, որ FTX-ը (որը մինչև վերջերս համարվում էր շուկայում ամենահաջող ընկերություններից մեկը) այդքան անվստահելի է դարձել և մի քանի օրվա ընթացքում կարողացավ հասնել սնանկության։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ