«Ես սխալվեցի, կներեք»․ FTX կրիպտոարժույթի բորսայի տնօրենը $9 մլրդ է փնտրում ընկերությունը փրկելու համար

11 նոյեմբերի, 2022  16:02

Կրիպտոարժույթների FTX բորսայի շուրջ ստեղծված իրավիճակն էլ ավելի է վատանում։ Ընկերության գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդը ներողություն է խնդրել և խոստովանել, որ ամեն ինչ փչացրել է։ Ըստ նրա՝ եթե առաջիկայում չհաջողվի ավելի քան 9 մլրդ դոլարի միջոցներ ներգրավել ընկերությունում առաջացած ֆինանսական խնդիրները կարգավորելու համար, FTX կսնանկանա։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իրավապահ մարմիններն ընկերությունում հետաքննություն են անցկացնում, այդ ընթացքում սառեցվել է ընկերության ակտիվների միասը։

Ընկերությունը փրկելու փորձեր

Սեմ Բենքմեն-Ֆրիդը FTX-ի ներդրողներին ֆինանսավորման միջոցների պակասի մասին տեղեկացրել է չորեքշաբթի, նախքան մրցակից բորսան Binance-ը կհրաժարվեր FTX-ը գնելու իր մտադրությունից։ FTX-ի ղեկավարը ներդրողներին ասել է, որ ընկերությանն անհրաժեշտ է 9.4 միլիարդ դոլար վճարունակ մնալու համար։ Նա նաև ասել է, որ ընկերությունը փրկելու համար ինքն իր հերթին փորձում է ֆինանսավորում ներգրավել՝ վարկի կամ ներդրման տեսքով կամ երկուսի համակցության տեսքով:

«Կներեք, դա ամենակարևորն է: Ես սխալվեցի և պետք է ավելին լավ անեի ամեն ինչ»,- Twitter-ում գրել է Բենքմեն-Ֆրիդը, որը ներդրողներին ասել է, որ անսահման երախտապարտ կլինի», եթե նրանք կարողանան օգնել:

Ինչո՞ւ FTX-ում խնդիրներ ծագեցին

FTX կրիպտոբորսայում խնդիրներ սկսեցին ծագել այն ժամանակ, երբ դրա մրցակից Binance-ը FTX-ին մեղադրեց FTT թոքենների հետ խարդախություններ անելու մեջ: Այնուհետև Binance-ն սկսեց վաճառել հենց այդ թոքենները, ինչին հետևեցին շատ ուրիշներ և արդյունքում այս ակտիվների գները $22-ից իջան $14,2-ի:

Այնուհետև մոտ երեք օրվա ընթացքում օգտատերերը FTX-ից հանեցին ավելի քան $6 մլրդ, ինչի հետևանքով ըներությունն արդեն բախվեց իրացվելիության խնդրին։ FTX կրիպտոբորսան ստիպված էր դադարեցնել օգտատերերի կողմից իրենց միջոցների դուրսբերման գործընթացը և օգնություն խնդրել Binance-ից, որն սկզբում համաձայնեց կլանել FTX-ը՝ այն փրկելու համար, սակայն բորսայի ֆինանսական հաշվետվությունները ստուգելուց հետո Binance-ը հայտարարեց, որ այնտեղ մի շարք խնդիրներ կան և ընկերությունը հրաժարվում է գործարքից։

FTX-ը՝ իրավապահների դիտակետում

Առաջացած խնդիրների պատճառով FTX-ը հայտնվել է ԱՄՆ կարգավորիչ մարմինների դիտակետում, որոնք հայտարարել են, որ հետաքննություն կսկսեն՝ պարզելու FTX-ի հաճախորդների միջոցների նկատմամբ հնարավոր չարաշահումների առկայությունը։

Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ FTX-ում առաջացած իրացվելիության ճգնաժամով հետաքրքրված են ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) և ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը (CFTC)։ Գործակալության տվյալներով՝ SEC-ն արդեն մի քանի ամիս է, ինչ ստուգում է ընկերության ամերիկյան մասնաճյուղի՝ FTX US-ի հարթակները։ Կարգավորողները ցանկանում են նաև ուսումնասիրել պլատֆորմի հարաբերությունները FTX US-ի և Alameda Research-ի հետ, որը պատկանում է FTX-ի գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդին:

Ի թիվս մնացած խնդիրների, հինգշաբթի Բահամյան կղզիների արժեթղթերի հանձնաժողովը հայտարարել է, որ սառեցրել է FTX Digital Markets-ի` FTX դուստր ձեռնարկության ակտիվները:

Ինչպե՞ս է այս ամենն ազդում կրիպտոարժույթների վրա

Ուրբաթ օրը բիթքոյնն էժանացել է 4%-ով՝ հասնելով 16,858 դոլարի, իսկ կորուստներն այս ամիս կազմել են 17%: FTX-ի FTT թոքենի գինը նվազել է 27%-ով և կազմել 2,7 դոլար, ամսվա կտրվածքով կորուստները կազմում են 89%:

«Վստահությունը վերացել է այս իրադարձությունների հենց առաջին օրը, և ոչինչ չի վկայում այն մասին, որ այն կվերադառնա»,- Reuters-ի հետ զրույցում ասել է Fore Elite Capital Management-ի հետազոտական ընկերության ղեկավար Քեմի Զենգը, որը Հոնկոնգում գործող կրիպտո ֆոնդի կառավարիչ է:

FTX-ի ղեկավարը մեկ օրում կորցրել է իր կարողության 94%-ը

Կրիպտոարժույթների շուկան տակնուվրա արած այս իրադարձություններն ազդել են նաև FTX-ի գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդի կարողության վրա․ ընդամենը մեկ օրում նա կորցրել է իր կարողության 94%-ը։ Ըստ Bloomberg-ի՝ Բենքմեն-Ֆրիդի $15,6 մլրդ կարողությունը կրճատվել է մինչև մեկ միլիարդից պակաս:

30-ամյա Սեմ Բենքմեն-Ֆրիդի մասնաբաժինը FTX-ում կազմում էր 53% (որը, նախքան խնդիրների սկսվելը, համապատասխանում էր $6,2 մլրդ-ի)։ Այնուամենայնիվ, FTX-ը Բենքմեն-Ֆրիդի ամենաթանկ ակտիվը չէր. Alameda Research ընկերությունը նրան ապահովում էր ևս $7,4 մլրդ-ով: Այնուամենայնիվ, վերջին խնդիրների հետևանքով երկու ակտիվներն էլ արժեզրկվել են և այժմ գնահատվում են $1: Այսպիսով՝ ընդամենը մեկ օրում Բենքմեն-Ֆրիդի կարողությունը $15,6 մլրդ-ից նվազել է մինչև $991,5 մլն, այսինքն՝ գրեթե 94%-ով։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ