500 մլն միավոր տվյալ․ ՌԴ-ում տվյալների խոշորագույն արտահոսք է տեղի ունեցել

23 փետրվարի, 2024  18:03

Ռուսաստանում անձնական տվյալների մասշտաբային արտահոսք է տեղի ունեցել։ Միայն մեկ դեպքով այս տարի արտահոսել է 500 միլիոն միավոր տվյալ։ «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Միլոշ Վագները ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանն ասել է, որ միջադեպը հետաքննվում է։

Վագները նաև տեղեկացրել է, որ 2024-ի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, արտահոսել է մոտ 510 միլիոն միավոր տվյալ։ «Ընդհանուր առմամբ 510 միլիոնի արտահոսք է եղել, որից 500-ը՝ մեկ արտահոսքի մեկ դեպքով։ Մենք հիմա դա հետաքննում ենք»,- ասել է Վագները:

Նրա խոսքով՝ այս տարի տվյալների արտահոսքի դեպքերը կտրուկ աճել են, մինչդեռ նման արտահոսքի ծավալը 2023-ի և 2022-ի համեմատ նվազել է։ «Ռոսկոմնադզորը» 2024-ի սկզբից գրանցել է անձնական տվյալների արտահոսքի 19 դեպք։ Իսկ 2023-ին դրանց ընդհանուր թիվը կազմել է անձնական տվյալների արտահոսքի 68 դեպք, թեև ռուսների մասին միայն մոտ 300 միլիոն միավոր տվյալ է արտահոսել ցանց։ 2022-ին արտահոսքի ծավալն ավելի մեծ է եղել՝ կազմելով 600 միլիոն միավոր, մինչդեռ գրանցվել է 140 արտահոսք։

InfoWatch-ի վերլուծական կենտրոնի (EAC) տվյալներով՝ 2023-ին Ռուսաստանի ֆինանսական կազմակերպություններից արտահոսել է հաճախորդների 170,3 միլիոն միավոր անձնական տվյալ (առանց վճարման տվյալների), ինչը 3,2 անգամ ավելի է, քան 2022-ին, իսկ 2021-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է գրեթե 57 անգամ։

Ընդհանուր առմամբ, ռուսական ֆինանսական կազմակերպություններում տեղի է ունեցել հաճախորդների անձնական տվյալների արտահոսքի 64 դեպք, ինչը 12,3%-ով գերազանցում է 2022-ի ցուցանիշը և գրեթե երկու անգամ ավելի, քան 2021-ին։ Արտահոսքերի մոտ կեսը՝ 46,9%-ը, տեղի է ունեցել բանկերում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ