Ինտեգրում, բայց ոչ միաձուլում. ինստիտուտը պետք է պահպանի իր ինքնուրույնությունը՝ ՕԴՔԳԿ–ի տնօրեն

12 փետրվարի, 2024  19:12

Ակադեմիական քաղաքի գաղափարը լավն է, բայց դրա իրականացման հետ կապված շատ անորոշություններ կան: Այս մասին NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳԿ) տնօրեն Սահակ Գասպարյանը։

Նա հավելեց, որ իրենց Կենտրոնն Ակադեմիական քաղաք տեղափոխվելու հնարավոր թեկնածու է, և արդեն անցյալ տարի Պետական գույքի կառավարման կոմիտեից այցելել են իրենց՝ գույքը գնահատելու համար։ Սպասվում է, որ փետրվարին կայցելեն ճարտարապետները՝ հասկանալու համար, թե ինչ պահանջների պետք է համապատասխանեն Ակադեմիական քաղաքի այն տարածքները, որտեղ տեղակայվելու է Կենտրոնը տեղափոխությունից հետո:

Սահակ Գասպարյանը հիշեցրեց, որ կենտրոնը, որը միավորում է երեք ինստիտուտ՝ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրության գիտական կենտրոնը, երկար տարիներ փորձում է պաշտպանել իր տարածքը, որի մի մասը քաղաքային իշխանությունները տվել են կառուցապատման։ Քաղաքապետարանից իրենց տեղեկացրել են, որ 2023-ի դեկտեմբերի 28-ին կառուցապատողին տրվել է շինարարություն սկսելու թույլտվություն։ Հարցին, որ Ակադեմիական քաղաքի գաղափարի իրագործմամբ վեճն ինքնաբերաբար լուծվում է կառուցապատողի օգտին, Կենտրոնի տնօրենը նշեց, որ իշխանությունները չեն կատարում իրենց մյուս պահանջը՝ նախ տեղափոխել Կենտրոնը, հետո նոր սկսել շինարարությունը։

Այժմ Կենտրոնի տարածքը կվերածվի շինհրապարակի, և նրանք դեռ երկար պետք է աշխատեն այս պայմաններում։ Չէ՞ որ, Ակադեմիական քաղաքը նախատեսվում է բացել 2030-ին։

Թեև, ինչպես հավելեց Կենտրոնի տնօրենը, այն քաղաքական իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, նման մասշտաբային նախագիծը կարող է կյանքի չկոչվել, կամ ամբողջությամբ չիրականացվել։ «Դեռ շատ մշուշոտ ու անորոշ է այս ամենը»,- ասաց նա:

Մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը գիտական ինստիտուտներն ու խմբերը պետք է առաջարկներ ներկայացնեն «բուհերի խոշորացման և գիտական ինստիտուտների հետ միավորման վերաբերյալ»։  Սա Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ձևակերպումն է։ Հարցին, թե Կենտրոնն արե՞լ է իր առաջարկները, Սահակ Գասպարյանը նշեց, որ իրենց առաջարկները ներկայացվել են Ակադեմիա, և Ակադեմիան, հիմնվելով բոլոր կառույցների առաջարկների վրա, ընդհանրացված փաթեթ կուղարկի նախարարություն։

Տնօրենի խոսքով՝ իրենց առաջարկների հիմնական գաղափարը բուհերի հետ ինտեգրման նախագծերն են, ոչ թե Կենտրոնը որևէ բուհին կցելը։ Կենտրոնը, ամեն դեպքում, պետք է պահպանի իր ինքնուրույնությունը։ Օրինակ՝ կարելի է համատեղ կրթական ծրագրեր մշակել։

«Գլոբալ գաղափարը հասկանալի է, բայց ինչպե՞ս պետք է դա իրականանա, ո՞ր կառույցն ու ի՞նչ համակարգով պետք է տեղափոխվի այդտեղ, ո՞ր կառույցը որի հետ պիտի համագործակցի։ Տեսե՛ք, իրենք նշում են թոփ բուհերի մակարդակի բարձրացումը, որպեսզի դառնան համաշխարհային մակարդակի բուհեր, սակայն գիտությանը տանել մտցնել բուհերի տակ... Պիտի իրենք նախ դպրոցների ծրագրերը նորմալ կարգավորեն, հետո բուհերի կրթական ծրագրերը։ Եվ պետք է իրարից տարանջատենք, որն ինչ գործառույթ է իրականացնում։ Բուհերի մակարդակն այսօր շատ ցածր է, 100 տարվա ծրագրերով են դասախոսություններ կարդում։

Եվ դրա համար, ես առաջինը նշել եմ, պետք է ոչ թե միաձուլել կամ բուհին կպցնել, այլ ինտեգրումը կարող է այլ կերպ արտահայտվել՝ միասին կրթական ծրագրեր իրականացնել։ Հիմա էլ ուսանողները դիպլոմային աշխատանքն անում են ինչ-որ ինստիտուտում, պրակտիկ գիտելիք են ձեռք բերում։ Առանց այն էլ ուսանողների թիվն այնքան քիչ է, որ գիտական կենտրոնները միաձուլենք համալսարաններին, համալսարանի դասախոսական կազմերը ի՞նչ պետք է անեն։ Բացի այդ, մեր տարբեր գիտնականներ, այսպես թե այնպես, աշխատում են տարբեր բուհերում»,- ասաց նա։

Սահակ Գասպարյանը հավելեց, որ բազմաթիվ ինստիտուտներ իրենց գործունեության ընթացքում անուն են ձեռք բերել, այդ թվում՝ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի  ինստիտուտը։ «Օրինակ՝ Մնջոյանի ինստիտուտի մասին ժամանակին բոլորն էլ տեղյակ էին։ Եթե հիմա այդ անունները հանենք մեջտեղից, տանենք միաձուլենք ինչ-որ համալսարանի հետ, շատ սխալ է»,- ասաց նա։

Տնօրենը նշեց, որ իրենց կենտրոնը շատ տարբեր հետազոտություններով է զբաղվում՝ թե՛ քիմիայի, թե՛ կենսաբանության ոլորտում, ուստի դժվար է որոշել, թե որ համալսարանի և ֆակուլտետի հետ միավորել այն։ Կամ արդյոք պե՞տք է մաս-մաս կապեն տարբեր ֆակուլտետների հետ։ Եվ այդ ընթացքում որոշ լաբորատորիաներ կարող են հայտնվել լուծարման վտանգի տակ։

«Մեր կենտրոնը, մասնավորապես, պետք է իր ինքնուրույնությունն ունենա։ Ճիշտ է, մենք կարող ենք տեղափոխվելուց հետո այդ հարցերը կարգավորել։ Կցվելը՝ ոչ, ինտեգրվելը մեզ համար ընդունելի է, բայց մենք մնանք որպես առանձին կառույց»,- նշեց նա։

Սահակ Գասպարյանը հավելեց, որ ակադեմիական հաստատությունների տեղափոխմամբ Ակադեմիական քաղաք, որտեղ կտեղափոխվի նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Ակադեմիայի նախագահությունը կարող է մասամբ կորցնել իր գործառույթները։ Քաղաքի կենտրոնում՝ Բաղրամյան փողոցում, Ակադեմիայի շենքերը նույնպես կազատվեն, և սա նույնպես համեղ պատառ է իշխանությունների համար, կարծում է նա։

«Մի կողմից էլ ես մտածում եմ, որ այդ շենքերի հարցն էլ է առաջ գալիս։ Այսինքն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն արդեն այդ ամենը գնահատել է։ Իր գործերը լավ է արել»,- նշեց տնօրենը։

Գիտական կադրերի ատեստավորման՝ վերջերս ընդունված կարգի վերաբերյալ ինստիտուտի տնօրենն ասաց, որ գիտնականների ատեստավորումը ճիշտ մոտեցում է։ Բայց նոր կարգի որոշ չափանիշներ խիստ են՝ հաշվի առնելով մեր իրողությունները: 

Նախ, ըստ նրա, շատ խիստ են այն պահանջները, որոնք առաջադրվում են գլխավոր գիտաշխատողներին։ Հայաստանում շատ քիչ մասնագետներ կան, որոնք կհամապատասխանեն այս չափանիշներին։ Շատ ինստիտուտներում նույնիսկ նրանք չեն լինի:

Երկրորդ՝ Սահակ Գասպարյանը կարծում է, որ բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված հոդվածները հաշվի առնելիս չպետք է կենտրոնանալ այն բանի վրա, թե արդյոք գիտնականը հոդվածի առաջին, թե վերջին հեղինակն է։

Երրորդ՝ նոր հավաստագրումը հաշվի չի առնի տեղական ամսագրերում հրապարակումները, տեղական արտոնագրերը, գիտաժողովների թեզերն ու զեկույցները: Դիտարկվելու են միայն միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում տպագրված հոդվածները: «Իհարկե, տեղական գիտական հանդեսները պետք է ձգտեն հայտնվել միջազգային շտեմարաններում: Բայց այս մոտեցումը կարող է հանգեցնել դրանց փակմանը»,- ասաց նա:

Չորրորդ՝ գիտնականներին քիչ ժամանակ է մնացել հաջորդ ատեստավորման համար անհրաժեշտ թվով ցուցանիշներ ձեռք բերելու համար: Նա պարզաբանեց, որ նախկին ատեստավորումը հին ընթացակարգով իրականացվել է 2021-ից 2022 թվականներին բարձրացվել են գիտնականների աշխատավարձերը, իսկ դրույքաչափերը սահմանվել են 2021-ի ատեստավորման հիման վրա։ Ատեստավորման նոր ընթացակարգն արդեն ուժի մեջ է մտել, և ցանկության դեպքում գիտնականները կամ ինստիտուտները կարող են այն իրականացնել հիմա, եթե ցանկանում են վերանայել դրույքաչափերը։ Բայց դա պարտադիր կլինի 2026-ին։ Այսինքն՝ գիտնականներն ընդամենը երկու տարի ունեն իրենց ցուցանիշները պահանջվող չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Տնօրենը համոզված է, որ ոչ բոլոր հետազոտողները կկարողանան անցնել նոր ատեստավորումը, և նրանց թիվը կարող է կրճատվել, ինչը նա կապում է նաև Ակադեմական քաղաքի նախագծի հետ։ Նրա կարծիքով՝ այսօրվա աշխատակիցների միայն կեսը կտեղափոխվի Ակադեմիական քաղաք։

«Եթե ժամկետների հաշվարկ անենք, ապա այն կենտրոնները, որոնք նախատեսված է տեղափոխել Ակադեմիական քաղաք, ապա մոտ մինչև 2030-ը դրանց գիտաշխատողների թիվն ատեստավորման արդյունքներով կպակասի, գուցե մոտ 50 տոկոսով։ Կտեղափոխվի այսօրվա աշխատողների 50-40 տոկոսը՝ հաշվի առնելով նաև գիտաշխատողների տարիքը, որոնց միջին տարիքը երևի մոտ 60 է։ Ակադեմիական քաղաքը շատ գլոբալ նախագիծ է, որը կամ կիրականացվի, կամ ոչ։ Ես արդեն մի քիչ թերահավատ եմ»,- ասաց տնօրենը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ