Հայ գիտնականի մշակած՝ երկրաշարժերի կանխատեսման նոր մեթոդի հիման վրա բջջային հավելված է ստեղծվել (ֆոտո)

27 հունվարի, 2024  15:14

Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիթորինգի միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզ․մաթ․ գիտությունների դոկտոր Սամվել Հակոբյանի մշակած երկրաշարժերի կանխատեսման նոր մեթոդի հիման վրա  բջջային հավելված է ստեղծվել, որը կոչվում է Geoquake: Ծրագրի հեղինակները հույս ունեն, որ նոր հավելվածը, շնորհիվ գիտականորեն հիմնավորված տեսության, իր ճշգրտությամբ և ծավալով կգերազանցի ներկայում գործող նմանօրինակ հավելվածներին՝ ստանալով միջազգային ճանաչում: Երկրաշարժերի կանխատեսման գիտականորեն հիմնավորված տեսության, առաջին հայկական հավելվածի, դրա կիրառության և այլ հարցերի շուրջ  NEWS.am Tech-ը զրուցել է Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիթորինգի միջազգային կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանի հետ: 

Դեռևս 1985-ին՝ իր հեղինակած հոդվածում, Հակոբյանը կանխատեսել էր մոտակա տարիներին Հայաստանում, մասնավորապես հայ-թուրքական սահմանին սպասվող ուժգին երկրաշարժը: Հետագայում սեյսմոլոգի կանխատեսումը համընկավ 25.000  մարդու կյանք խլած Սպիտակի աղետալի երկրաշարժի հետ: 1988-ի երկրաշարժից հետո Հակոբյանն սկսեց ավելի խորությամբ զբաղվել երկրաշարժերի կանխատեսման և սեյսմիկ վտանգի գնահատման խնդիրներով: Նա երկար տարիներ ղեկավարել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը (1980-1987թթ․), 1991-2001թթ․ եղել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմիկ ռիսկի մաթեմատիկական մոդելավորման բաժնի վարիչ, իսկ մինչև 2023թ. աշխատել է Մոսկվայի Երկրի Ֆիզիկայի ինստիտուտում՝ Երկրաշարժերի կանխատեսման մեթոդների լաբորատորիայում որպես գլխավոր գիտաշխատող: Սամվել Հակոբյանը սեյսմիկ ռիսկի գնահատման, երկրաշարժերի կանխատեսման, հարուցված սեյսմիկության, էնտրոպիկ սեյսմոլոգիայի, տիեզերագիտության և այլ ոլորտներին առնչվող 90-ից ավելի հրապարակումների հեղինակ է: 2023-ին լույս է տեսել Հակոբյանի հեղինակած՝ էնտրոպիկ սեյսմոլոգիայի, երկրաֆիզիկայի և տիեզերաբանության ժամանակակից խնդիրներին առնչվող «Entropy, Seismology and the View of Cosmology: Origin and Evolutionary Theory» (Cambridge Scholars Publishing) գիրքը: 

Samvel Akopian.JPEG (112 KB)

-Պարո՛ն Հակոբյան, խնդրում եմ բացատրեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում ձեր մշակած նոր տեսությունը, ի՞նչ կիրառություն ունի այն սեյսմոլոգիայում:

-Նոր տեսության հիմքում ընկած է սեյսմիկ էնտրոպիայի մեթոդը  (ՍԷՄ)՝ հիմնված սեյսմավիճակագրության մեջ իմ կողմից ներդրված նոր ֆիզիկական պարամետրերի և սեյսմիկ համակարգի (ՍՀ) հայեցակարգի վրա, որոնց շրջանակում սեյսմոլոգիայում հայտնաբերված է նոր օրենք՝ սեյսմիկ էնտրոպիայի արտադրման օրենքը։ Այն թույլ է տալիս վիզուալիզացնել ուժեղ երկրաշարժերի նախապատրաստման ամբողջ գործընթացը, հետևել սեյսմիկ անկայունության զարգացմանը ժամանակի և տարածության մեջ,  կազմել սեյսմիկ վտանգի դինամիկ քարտեզներ։

Նոր պարամետրերը հաշվարկվում են գլոբալ դիտման ցանցերի կողմից գրանցված երկրաշարժերի տվյալների հիման վրա: Տվյալ մոտեցումը հնարավորություն է տալիս ստեղծել էնտրոպիկ սեյսմոլոգիայի տեսություն, որը կարող է կիրառվել երկրաշարժերի կանխատեսման խնդրի լուծման, սեյսմիկ վտանգի դինամիկ քարտեզների կառուցման, տեխնածին գործոնի հետևանքով անցանկալի սեյսմիկության առաջացումը վերահսկելու նպատակներով: 

Geoquake.JPEG (96 KB)

-Ներկայում երկրաշարժերի կանխատեսման ի՞նչ մեթոդներ կան, որքանո՞վ են դրանք արդյունավետ:

- Գոյություն ունեն երկրաշարժերի կանխատեսման բնական նախանշաններ, ինչպիսիք են օրինակ՝ ստորգետնյա ջրերի մակարդակի, երկրամագնիսական դաշտի, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն: Աշխարհի զարգացած երկրներում՝ հատկապես սեյսմաակտիվ գոտիներում, ստեղծված են դիտման ցանցեր, որոնց շնորհիվ ֆիքսվում են երկրակեղևում տեղի ունեցող փոփոխությունները։ Սակայն, դեռևս տասնամյակներ առաջ ստեղծված այդ ցանցերը, որոնք  կուտակել են տասնյակ տարիների ինֆորմացիա, այդպես էլ չեն լուծում երկարաշարժերի կանխատեսման խնդիրը: Ավանդական եղանակներով հնարավոր էր վտանգը հետևել միայն այնտեղ, որտեղ առկա են ցանցեր: Սակայն փորձը ցույց է տալիս, որ միայն երկրի մակերեսային դիտարկումներով հնարավոր չէ լուծել երկրաշարժերի կանխատեսման խնդիրը։ Այսինքն՝ երկրաշարժերի կանխատեսման ներկայիս ավանդական մեթոդները արդյունավետ չեն և ծախսատար են:

-Ո՞րն է երկրաշարժերի կանխատեսման ձեր առաջարկած մեթոդը, ի՞նչպես է այն աշխատում:

-Մեր ստեղծած մեթոդը հիմնված է սեյսմիկ էնտրոպիայի օրենքի և աշխարհում գրանցված երկրաշարժերի ինֆորմացիայի հիման վրա: Դեռևս 1900 թվականից ի վեր գրանցված երկրաշարժերի վերաբերյալ տվյալների բազայի հիման վրա մենք մշակել ենք ալգորիթմներ, որոնց օգնությամբ ստեղծվել է համակարգչային ծրագիր, որի միջոցով ուժեղ երկրաշարժերի մոնիթորինգ և կանխատեսում ենք իրականացում: Այսօր հայտնաբերված են ավելի քան 450 ՍՀ-եր (որոնք ընդգրկում են աշխարհի ավելի քան 80 երկրների տարածքները), որոնցում կիրառելի է մեր տեխնոլոգիան։ ՍՀ-երի մոնիթորինգի միջոցով մենք կարող ենք ասել, թե ինչպիսին է սեյսմիկ իրավիճակը, ի՞նչ ուժգնության երկրաշարժի վտանգ կարող է լինել և այլն: Մեր ստեղծած համակարգը նման է GPS-ին, որի միջոցով հնարավոր է հետևել, թե տվյալ պահին վտանգը որտեղ է լոկալիզացված ՍՀ-ում և ինչպես է տեղաշարժվում:

Samvel Akopian2 (2).JPEG (78 KB)

 -Երկրաշարժերի կանխատեսման վերաբերյալ գերիշխող տեսակետն այն է, որ կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ կանխատեսել երկրաշարժը: Այսինքն՝ հնարավոր չէ բավարար ճշգրտությամբ որոշել երկրաշարժի տեղը, ժամանակը, ուժը։ Ձեր ստեղծած մեթոդով կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ հեռանկարում է հնարավոր կանխատեսել երկրաշարժը:

-Մենք կարող ենք կանխատեսել ինչպես կարճաժամկետ (օրեր), այնպես էլ երկարաժամկետ (ամիսներ, տարիներ) կտրվածքով: Կարճաժամկետ կանխատեսումները կախված են ուժեղ երկրաշարժի նախապատրաստման բնույթից (տրիգեռների և ֆորշոկերի առկայությունից)։ Երկրաշարժերն առաջանում են շատ ավելի մեծ երկրաբանական ծավալներում, քան իրենց ազդեցության օջախային գոտին։ Մենք արդեն բացահայտել ենք ՍՀ-երի հիերարխիաներ գրեթե աշխարհի բոլոր սեյսմիկ ակտիվ տեկտոնական գոտիներում։ Բաժանելով ՍՀ-երը ենթահամակարգերի մենք իջեցնում ենք կանխատեսման երկրաշարժերի մագնիտուդը։ Այդ եղանակով մենք ձգտում ենք կանխատեսել VI բալից ավելի ինտենսիվություն առաջացնող երկրաշարժերը։ 1988 թվականից մինչ օրս կանխատեսել ենք 33 ուժեղ երկրաշարժ, այդ թվում նախորդ տարի Թուրքիայում և Թայվանում արձանագրված ուժեղ երկրաշարժերը: Սպասվելիք երկրաշարժերի վերաբերյալ տեսանյութեր են պատրաստվում և հրապարակվում Geoquake յութուբյան էջում:

-Որքա՞ն է կազմում Ձեր մշակած մեթոդով իրականացվող կանխատեսումների ճշտությունը: 

Կանխատեսման ճշտությունը առավելապես կախված է սեյսմիկ համակարգի հուսալիության աստիճանից։ Ներկա պահին դրանցում կանխատեսման ճշտությունը կազմում է 1-6 ամիս ըստ ժամանակի, ± 0.1 ըստ մագնիտուդի, իսկ ըստ տեղի սահմանափակվում է ՍՀ-ի չափերով և օջախի մեծության կարգով:

1706249549512.JPEG (31 KB)

-Բացի յութուբյան ալիքից, ինչպե՞ս եք պատրաստվում սպասվող հնարավոր երկրաշարժի մասին իրազեկել հանրությանը:

-Խնդիրը միայն հանրությանը իրազեկելը չէ, այլ ինչպե՞ս արձագանքել և կիրառել գործնական քայլեր հնարավոր սեյսմիկ ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Դա շատ բարդ և պատասխանատու խնդիր է, որի առնչությամբ դեռևս չկան մշակված միջազգային միասնական նորմեր: Եթե, օրինակ, պարզենք, որ Ճապոնիայում սպասվում է ուժեղ երկրաշարժ և մեր կանխատեսման վերաբերյալ տեղեկացնենք Ճապոնիայի կառավարությանը, դա չի կարող որևէ հիմք դառնալ Ճապոնիայի կառավարության համար, որպեսզի այն պաշտոնական որոշումներ կայացնի համապատասխան միջոցառումներ ձեռք անելու և մարդկանց նախազգուշացնելու ուղղությամբ: Այդ խնդիրը լուծելու համար մենք որոշեցինք ստեղծել բջջային հավելված, որն աշխարհի ցանկացած կետում ապրող մարդուն հնարավորություն կտա տեղեկանալ այս կամ այն վայրում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին և ինքնուրույն կայացնել որոշում դրանից պաշտպանվելու վերաբերյալ։

Geoquake անունը կրող հավելվածը, որն առաջինն է Հայաստանում, ստեղծվել է LLG հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի նպատակն է նպաստել նոր տեխնոլոգիաների մշակմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում: Geoquake-ը տեխնիկապես արդեն պատրաստ է, այժմ գտնվում է փորձարկման փուլում և առաջիկայում կգործարկվի: 

Qeoquake .JPEG (58 KB)

-Ներկայում աշխարհում կան մի քանի տասնյակ բջջային հավելվածներ, որոնք տեղական կամ միջազգային դիտման ցանցին միանալիս կատարում են երկրաշարժի վաղ նախազգուշացման գործառույթ՝ օգտատերերին տեղեկացնելով տվյալ պահին տեղի ունեցող աղետի մասին: Ինչո՞վ է ձեր մշակած հավելվածը տարբերվում երկրաշարժերի կանխատեսման գործող հավելվածներից:

-Ներկայումս գործող հավելվածների գերակշռող մասը կրում է զուտ տեղեկատվական բնույթ և կանխատեսման բաղադրիչ չի պարունակում։ Այսինքն՝ օգտատերը մուտք գործելով հավելված ստանում է միայն աշխարհում գործող դիտման ցանցերի կողմից գրանցված երկրաշարժերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ինչ վերաբերում է վաղ ազդարարման համակարգերին, ապա դրանք լրիվ այլ բնույթի են, գործի են դրվում ուժեղ երկրաշարժից անմիջապես հետո՝ օպերատիվ կերպով (որն ընդգրկում է տասնյակ վայրկյաններ), նախազգուշացնելով տվյալ տարածքում առաջացած սեյսմիկ վտանգի վերաբերյալ։ Մեր հավելվածի կարևոր առավելությունը կայանում է նրանում, որ օգտատերը, լինելով աշխարհի տարբեր վայրերում, հնարավորություն կունենա տեղեկանալ այնտեղ սպասվող ուժեղ երկրաշարժերի և նրանց հետևանքների մասին։ Հավելվածի կանխատեսումները, ինչպես արդեն նշեցի, հիմնված են գիտականորեն հիմնավորված նոր տեսության վրա և իրագործելի է կանխատեսման բոլոր էտապների համար։ 

-Ի՞նչ կտա աշխարհին, հատկապես Հայաստանին այս հավելվածը:

-Հայաստանը, լինելով սեյսմավտանգ երկիր, ապահովագրված չէ ուժեղ երկրաշարժերից և առաջին հերթին հենց մեր բնակչությունը պետք է հետաքրքրված լինի երկրաշարժերի կանխատեսումների արդյունքներով: Բացի այդ Հայաստանում մշակված բջջային հավելվածի հաջող գործարկումը կլինի հեղափոխական քայլ միջազգային սեյսմոլոգիայի ոլորտում: Մեր նպատակն է երկրաշարժերի կանխատեսման նոր մեթոդը ճանաչելի և ընդունելի դարձնել հատկապես ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի` UNDRR-ի (UN Office for Disaster Risk Reduction) կողմից:

Թագուհի Մելքոնյան


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ